ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում:
Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Վիլեն Գաբրիելյանն ասել էր․ «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ նա դա սեփակա՞ն կամքով է անում, թե՞, այդուհանդերձ, Փաշինյանից ստացած գիշերային SMS-ի պահանջով: Չէ՞ որ նա ՔՊ-ում միակ օդիոզ պատգամավորը չէ, որը տեսախցիկների առաջ սկանդալի մեջ էր հայտնվել ու պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսեւորել: Անդրանիկ Քոչարյանից մինչեւ Քրիստինե Պողոսյան, Ալեն Սիմոնյան ու Հակոբ Արշակյան... Այս ցանկն ամբողջական չէ, բայց չներվեց Գաբրիելյանի արարքը, որը հանդգնել էր կասկածի տակ դնել Փաշինյանի վերարտադրվելու շանսը:
Մի կողմ թողնենք միջադեպն ու Վիլեն Գաբրիելյանին, կենտրոնանանք 2026-ի ու ՔՊ-ի՝ եթե ոչ իսպառ մաշված, ապա մաշվող հեղինակությանն ու ռեսուրսի խնդրին: Այդ ուժն ու նրա առաջնորդն անձամբ այլեւս սպառված են, եւ հերթական անգամ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են դա արձանագրում: Այդ փաստը, վստահաբար, ՔՊ-ում էլ են գիտակցում, գիտակցում է նաեւ Փաշինյանը: Իսկ վերլուծաբաններն արդեն կանխատեսում են՝ ՔՊ-ն 2026-ին չի կարողանալու վերարտադրվել:
«Նախ ֆիքսենք, որ «նիկոլ» եւ «ՔՊ» երեւույթները նույնական չեն: Պայմանական 2026 թվականին ՔՊ-ն ու Նիկոլը տարբեր ելքեր կարող են ունենալ: ՔՊ ասված մարդկանց մեծ մասը 2018-ին list.am-ով հավաքագրված մարդիկ էին, որոշակի սկզբունքներից ելնելով. չէին ընդունում մեր 30 տարվա արցախյան պայքարը, կեղծ պացիֆիզմով էին վարակված՝ Ժիրայր Լիպարիտյանի, պայմանական ասված, քաղաքական դպրոցի հետեւորդներն էին, ուղղակի ու անուղղակի արտասահմանյան պրոֆիլային ծառայությունների ազդեցության գործակալներ էին, հայկական հատուկ ծառայությունների գործակալներ էին, սոցիալական ռեւանշով լցված գործազուրկ երիտասարդներ՝ լյումպեն զանգված, նախկին իշխանությունից վտարված անձինք, բախտախնդիր լրագրողներ, հանրային ակտիվիստներ: Սա էր ՔՊ-ական ասվածի հիմնական սոցիալական բազան: Նման զանգվածը չի կարող պետականություն ու պետական ինստիտուտներ կերտել, եւ նրանք լքելու են քաղաքականության թատերաբեմը: Մեծ հաշվով, դրանք խոպանչիներ են, բախտի պահը որսացողներ: Նրանք լքելու են քաղաքական թատերաբեմը, եւ իրենք դա լավ են հասկանում: Հետագայում նրանցից ով կպատժվի, ով կկարողանա խուսափել պատժից, արդեն ինդիվիդուալ հարց է: «Նիկոլ» երեւույթն այդ պատժից չի խուսափելու, դա արդեն առանձին խոսակցություն է: Ինչ վերաբերում է վերջերս շատ օգտագործվող «ռեսուրս» հասկացությանը, դա ես համարում եմ արհեստական ու հիմար տերմին: Ռեսուրսն առաջին հերթին մտավոր ունակությունը կարող է լինել, իսկ դա հայաստանյան քաղաքական երկնակամարում հազվադեպ է երեւակվում»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ըստ մեր զրուցակցի, իրականում հանրությունը վատ է պատկերացնում ՔՊ-ական պատգամավորների ամենօրյա հույզերն ու ֆոբիաները: Լինելով պատգամավորներ, նրանք, ինչպես Դանիելյանն է շեշտում, ունեն պատասխանատվություն վերջին 7 տարիների ճակատագրական դժբախտությունների համար եւ ամեն օր այդ մասին են մտածում, ու որքան մոտենում է 2026 թվականը, այնքան վախերն ու խուճապն ավելի են ուժեղանում:
«ՔՊ-ական գինովցած պատգամավորի խոսքերն ուղղակի այդ հույզերն են արտահայտել: Նրա փոխարեն նման խոսքերը կարող էր ասել ցանկացած ՔՊ-ական պատգամավոր: Նման թիմը չի կարող լինել մարտունակ, չի կարող պայքարել վաղվա օրվա համար, դա թիմ չէ, դա թղթե տնակ է: ՔՊ-ն 2026-ին չի կարող վերարտադրվել, սակայն որպես դեռեւս լծակներ ունեցող իշխանություն, ի դեմս «նիկոլ» երեւույթի, կարող է ստիպված լինել որոշելու, թե ընդդիմության որ հատվածին հանձնել իշխանությունը»,- կարծիք է հայտնում Դանիելյանը: Գյումրու ընտրությունները, ըստ նրա, ցույց տվեցին, որ իրական պայքարը գնում էր ընդդիմության թեւերի միջեւ, իսկ խաղի մեջ մնալու համար ՔՊ-ն պետք է դիրքավորվի այդ թեւերի միջեւ: Ու, քաղաքագետի համոզմամբ, հենց սա է այսօրվա եւ գուցե 2026-ի ողջ ինտրիգը:
«Նման պարագայում հնարավոր է, որ ՔՊ-ն նույնպես թեւերի բաժանվի՝ ըստ ընդդիմադիր տարբեր թեւերի միջեւ ունեցած նախասիրությունների կամ հնարավորությունների: Նախ, քաղաքական համակարգը փլուզված է: Գործող իշխանությունն այդպես էլ չկարողացավ գործող կառավարման համակարգ ստեղծել, ընդամենը փլուզել են այն, ինչը մինչ իրենց եղել է, ու շալակել են ահռելի պետական պարտքեր՝ իրենց գոյությունը քարշ տալու համար: Հիմա արդեն պետությունը չունի ռեսուրս՝ իրենց իշխանությունը սպասարկելու համար: Երբ խոսում ենք ապագա իշխանության մասին, թե ով ունի «ռեսուրս»՝ նոր իշխանություն ձեւավորելու, ապա, ինչպես ասացի, հիմնական ռեսուրսն ապագայի հեռանկար ստեղծելն ու դա հանրությանը ներկայացնելն է՝ ոչ ոք չի ցանկանա վերադառնալ մինչ 2018 թվականը: Հնի վերադարձ չի՛ կարող լինել, որովհետեւ առաջ կար Արցախ, հիմա չկա, առաջ կար որոշակիորեն կայուն միջազգային կարգ, իսկ հիմա համատարած վտանգներ ու անորոշություն է: Պետք է նոր մտածողություն, ստեղծագործական մոտեցումներ ու հանրային վստահություն: Խնդիրը Նիկոլը չէ, ինչպես 2018-ին խնդիրը Սերժը չէր: Մենք չունենք պետական մտածողություն, մենք անձերով ենք դատում: Դա է ամենամեծ սխալը»,-շարունակում է Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, 2026 թվականն առանց Նիկոլի ավարտելը հարցի լուծում չէ, որովհետեւ «նիկոլ» երեւույթն օդից չի հայտնվել, նա կուտակված սխալ, արատավոր մտածողության հետեւանքն է: «Խնդիրն այն է, թե 2026-ին մենք, նախ, ինչ երկիր ենք ցանկանում ստեղծել, ու, երկրորդ՝ ովքեր են կարող դա իրականացնել: Երկրորդ հարցադրումը չի ամենակարեւորը»,- եզրափակում է մեր զրուցակիցը: