Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարի ազատումը` նոր գործընթացների մեկնարկ

ԱԳ փոխնախարարի ազատումը` նոր գործընթացների մեկնարկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը Մհեր Մարգարյանն էր, նախորդ ներկայացուցիչներից նա ամենաերկարը պաշտոնավարեց՝ մոտ վեցուկես տարի, ՄԱԿ է գործուղվել 2018-ի օգոստոսի 13-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։ 

Մարգարյանի պաշտոնավարման ժամկետի խնդիր կարծես թե չկար, այնպես չէ, որ այդ տեղը թափուր էր մնում եւ Հովհաննիսյանի տեղափոխությունը հրատապ էր․  «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն` դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել, ինչպես արվել է Մհեր Մարգարյանի դեպքում եւ նա, արդեն նշեցինք՝ վեցուկես տարի է դիվանագիտական աշխատանքի էր ՄԱԿ-ում։ 2010 թվականից  դիվանագետների պաշտոնավարման ժամկետը դարձել է հարաբերական, երբ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխվեց համապատասխան օրենքը եւ չորս տարվա ժամկետից հետո լրացվեց՝ «անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել  կամ կրճատվել» պարբերությամբ։ Օրենքում այս փոփոխությունից հետո, որպես կանոն, բոլոր դեսպանների դեպքում խախտվել են ժամկետները․ չհաշված առանձին բացառությունները՝ բոլոր դեսպաններն էլ կարողացել են օգտվել իրենց պաշտոնի ընձեռած հնարավորություններից եւ երկար են պաշտոնավարել։

Վերադառնալով  Պարույր Հովհաննիսյանին, նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։ Նրա ազատումը եւ ԱԳՆ-ից ստացված ոչ պաշտոնական տեղեկատվությունը առ այն, որ Հովհաննիսյանի փոխարեն այս փուլում նշանակում չի արվի եւ իր գործառույթները կդրվեն տեղակալներից մեկի վրա, խիստ ուշագրավ է` այն առումով, որ Հովհաննիսյանն էր համակարգում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության ոլորտը, առավելապես Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի կուրատորն էր։ 

Հիշենք, որ մոտ տասն օր առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը եւ ենթադրվում էր, որ այն գործնական փուլ պետք է մտնի, բայց դրա նախապատրաստական աշխատանքներով զբաղվող պաշտոնյան այսօր հեռանում է։ Ի դեպ, արեւմտամետների շրջանակից լուրեր էին սպրդում, թե իբր Եվրաքվեի ներկայացուցիչներից Արման Բաբաջանյանը հնարավոր է փոխարինի Պարույր Հովհաննիսյանին, սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են դա։ 
Հատկանշական է նաեւ, որ ԵՄ-ի հետ աշխատանքները համակարգող փոխարտգործնախարարի ազատումը տեղի ունեցավ  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցից օրեր անց, ԵՄ առաջատար երկրներից Գերմանիայի նախագահն էր մի քանի օր առաջ Հայաստանում, դրանից հետո՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Կան տեղեկություններ, որ հակառակ պաշտոնական հաղորդագրություններին, որոնցում երկու պաշտոնյաներն էլ ՀՀ կառավարության տեղեկացմամբ` պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնյաները հասկացրել են, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում, հենց սրանով է պայմանավորված Հովհաննիսյանի ազատումը, որը Փաշինյանը կփորձի նաեւ վաճառել Մոսկվայի վրա՝ մայիսյան այցին ընդառաջ։

Ի դեպ, դիվանագիտական կորպուսում աշխատանքային բազմամյա փորձ ունեցող մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2013 թվականին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցության ավարտից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը մեկ գիշերում հարկադրված որոշում ընդունեց ԵՏՄ-ին միանալու, իսկ ԵՄ-ն էլ  հայտարարեց, որ հնարավոր չէ այդ պարագայում Ասոցացման համաձայնագիր ստորագրել, ամիսներ անց՝ հաջորդ տարվա ապրիլին պաշտոնից ազատվեց ԵՄ -ի հետ գործընթացների կուրատոր, փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ապա նշանակվեց ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image