Քաղաքականություն

Արա՜, էս ադրբեջանցիք, փաստորեն, կռիվ են ուզում, իսկ մենք՝ խաղաղություն

Արա՜, էս ադրբեջանցիք, փաստորեն, կռիվ են ուզում, իսկ մենք՝ խաղաղություն

Նախօրեի երեկոյան տեղի ունեցած Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստից հետո հակասական տրամադրություններ առաջացան երկրում եւ քաղաքական շրջանակներում։ Նիստում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ անդամներն ու հրավիրյալները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված վիճակը` այն գնահատելով խիստ լարված․ «Ադրբեջանը փորձում է գտնել մտացածին հիմնավորումներ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների համար»:

Մյուս կողմից՝ պաշտոնական Երեւանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացը շարունակելու վերաբերյալ՝ վերահաստատելով ավելի վաղ հնչեցրած իր դիրքորոշումը։ Բացի այդ՝ Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, արձանագրել է, որ «անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»։ Նման մտքեր են տեղ գտել տարածված հաղորդագրությունում:

Հիշեցնենք․ Արցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը՝ Փառուխի ուղղությամբ։ Իսկ մինչ այդ «գազային» պատերազմներ էին ընթանում։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, եւս 15-ը վիրավորվեց, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Գրեթե նույն ժամին՝ ՀՀ ԱԽ նիստին զուգահեռ, ուժային կառույցների ղեկավարների հետ փակ քննարկում է անցկացրել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Իր հերթին Ալմաթիում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն  է անդրադարձել Արցախի խնդրին, ադրբեջանական ոտնձգություններին եւ տարածաշրջանում լարված իրավիճակին՝ առաջարկելով Ադրբեջանին «անհապաղ» բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ եւ ընդգծելով Արցախի ճակատագրի ու կարգավիճակի հարցը։ 

Որ պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի շուրջ ոչ մի օր խաղաղ իրավիճակ չենք ունեցել, եւ ադրբեջանական սադրանքները պարբերական բնույթ են կրել, բոլորին է հայտնի։ Հարցն այն է, թե ինչու է իշխանությունն իրավիճակն արձանագրում պատերազմից տարիուկես անց, իսկ մինչ այդ խաղաղության դարաշրջանի մասին էր ակտիվ պրոպագանդում, միակողմանի խաղաղություն մուրում եւ հավատացնում, որ ուղիղ շփումներ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ մենք հեռու չենք բնականոն հարաբերությունների հաստատումից։

Նախօրեին ԱԽ նիստից եւ նման տագնապ առաջացնող հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում կարծում են, որ ՀՀ իշխանությունները, ըստ ամենայնի,  առաջիկայում մտադիր են ստորագրել Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց ուլտիմատումը, իսկ մինչ այդ նման նիստերով հող են նախապատրաստում, որ հետո արդարանան, թե գնացել են այդ քայլին, որ կյանքեր փրկեն, ինչպես 44-օրյա պատերազմից եւ Շուշին հանձնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրելով՝ 25 հազար կյանք է փրկել։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ասում է՝ դա ոչ թե անվտանգության, այլ «հանձնելու, միակողմանի զիջելու, կապիտուլյացիայի խորհուրդ է», իսկ նախօրեի նիստն էլ, ըստ նրա, այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ տարիուկես հետո ընդունեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» օրակարգը տապալված է։ «Այն մասին էր, որ այդ մարդը հերթական անգամ տապալել է Հայաստանի պետական եւ ազգային շահի սպասարկումը։ 41 կմ թուրքը մտել էր մեր տարածք, ձայն չէին հանում, գազը պայթեցրել էին, սրանք ձայն չէին հանում, ինչ արեցին, տարիուկես ձայն չէին հանում, հիմա հինգ կետերն ընդունում են։ Իրենք տեսան, որ ինչքան զիջում են, Ադրբեջանն այնքան շատ է ուզում։ Իսկ իրենք թուրքի հետ բարեկամություն էին տենչում։ Ախպեր, ով երազում է թուրքերի հետ ապրել, հելեք-գնացեք Բաքու՝ ապրեք, ի՞նչ գործ ունեք մեզ հետ։ Հազարավոր տղերք զոհվեցին, որ դուք թուրքերին ախպե՞ր ասեք։ Հասկացանք՝ պատերազմ է, եւ, ի՞նչ, ուրեմն թուրքին պիտի ախպե՞ր ասենք։ Ամեն օր վախեցնելով, սենց արիք, որ 30 տարվա հաղթանակած երկիրը տարաք փուռը տվիք, հիմա էլ հելել եք՝ վախի մթնոլորտ եք սերմանում։ Տարիուկես թուրքի հետ խաղաղություն խաղալու փոխարեն վերազինեիք հայկական բանակը, ոչ թե չագուճով ու մուրճով ընդդիմությանը վախեցնեիք։ Բա թափ ես տալիս, էդ ի՞նչ էիր թափ տալիս, էս անվտանգության խորհրդի նիստի ժամանակ թափ տայիր, ընենց թափ տայիր, որ Ալիեւը վախենար»։

Շարմազանովը չի բացառում, որ Փաշինյանն ու իր իշխանությունը, այսպիսով, երկրում վախի մթնոլորտ են ստեղծում, որ ստորագրեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Շարմազանովին հարցրինք՝ ԱԽ նիստում միջազգային հանրությանն ուղղված կոչն արդյոք բողոքի նոտա չէ՞ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ուղղված, այն առումով, որ ՀՀ իշխանությունը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով, «անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»։ Շարմազանովը մեր հարցին նախ հարցով պատասխանեց․ «Իսկ ո՞ւր էր այդ միջազգային հանրությունը 44-օրյա պատերազմի ընթացքում, 100 տարի առաջ ո՞ւր էին, թե՞ Ուկրաինայում խաղաղ բնակչություն է զոհվում, Հայաստանում՝ չէ։ Մի բան փաստ է, որ ռուս խաղաղապահները եթե դուրս գան Արցախից, թուրքերն են մտնելու, եթե դա է սրանց ուզածը, թող ասեն՝ էստի համեցեք»։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանի կարծիքով էլ, ԱԽ վերջին նիստն այն մասին է, որ «թրքահաճո, ադրբեջանամետ խաղաղության օրակարգն իրեն սպառել է»։ «Մի բան, որի մասին մենք հայտարարում ենք տեւական ժամանակ, որ սա ազգակործան եւ պետականաքանդ գաղափար է»,- հիշեցրեց Աբովյանը։ «Արա՜, էս ադրբեջանցիք, փաստորեն, կռիվ են ուզում, իսկ մենք՝ խաղաղություն, ահա, այս բացահայտումն էր, որ արեցին երեկվա նիստում, մի բան, որի մասին մենք առաջին օրվանից ենք ասում։ Բայց ինչն է զարմանալի, որ նորից մուրում, աղերսում են խաղաղության պայմանագիր կնքել, սա անադեկվատության եւ իրավիճակի սխալ վերլուծության արդյունք է»,- ասում է Աբովյանը՝ չբացառելով, որ ԱԽ նիստում այս թատրոնն արել են, որ իրականում ստորագրեն այդ պայմանագիրը։

Աբովյանի խոսքով՝ եթե այս իշխանություններին թվում է, որ ինչ-որ պայմանագիր ստորագրելով կարող են ավտանգության երաշխիքներ ստանալ, ուրեմն չեն հասկանում աշխարհաքաղաքական խորքային գործընթացները կամ ապրում են զուգահեռ իրականությունում, որն աղերս չունի իրականության հետ եւ վտանգում է ՀՀ անկախությունը բոլոր առումներով․ «Ադրբեջանը խաղաղություն հաստատելու օրակարգ չունի, նա ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հայկական գործոնը նվազի կամ վերանա»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image