Այս տարվա գարնանը Գլխավոր դատախազությունը որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։ Այս ընթացքում գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատախազության` գրողների ու նկարիչների գույքը պետականացնելու պահանջին։
Նկարիչների եւ գրողների միությունների գույքի պետականացման թեման մի քանի ամիս թեժ կրքեր բորբոքեց ստեղծագործողների ու ստեղծագործական միությունների շրջանում, հետո մարեց, սակայն մինչ այն պահը, երբ պարզ դարձավ, որ իշխանությունն այս ամիսների ընթացքում «ձեռքերը ծալած չի նստել» եւ համապատասխան օրենսդրական կարգավորումներ է մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին, այդ թվում` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող:
Այս հարցի հետ կապված՝ ստեղծագործական միությունները, այդ թվում՝ մի շարք ՀԿ-ներ, միավորումներ, վարչապետին դիմում-նամակ են ուղարկել` հանդիպման ակնկալիքով, որը եթե չկայանա, պատրաստվում են գնալ կտրուկ գործողությունների, ինչի մասին բարձրաձայնեցին միությունների անդամները՝ Նկարիչների միությունում նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Նկարիչ Գագիկ Աբրահամյանը զարմացել ու զայրացել է՝ ինչպես կարելի է կասկածի տակ դնել Նկարիչների միության գույքի սեփականության հարցը՝ առանց որեւէ ապացույցի։ «Նկարիչների միությունը մերն է, մեր պապերինն է եղել, հետո՝ մեր հայրերինը, եւ այստեղ վաստակ ենք ունեցել մենք՝ բոլորս։ Այս միությունը ստեղծողը, Արա Սարգսյանից բացի, նաեւ Սարյանն է եղել, ու հիմա վերցնում ենք, ձեռի հետ տալիս չգիտեմ ում՝ հյուրանոց սարքելո՞ւ համար։ Այդ մարդիկ ոչ մի ամագ չունեն, ոչ մի կոպեկ չեն ներդրել ստեղծագործական միությունների շենքերի վրա, որ այսօրվա մեր կերպարվեստն ու արվեստը բարգավաճի, չի եղել նման բան։ Եթե առաջ նկարիչը, գրողը, դերասանը պատիվ ու հարգանք ունեին, այսօր ոչ մի բան են․․․, մենք կոնկրետ գործողությունների պետք է դիմենք։ Մի երկրում, որտեղ թուրքի ասելով սահմանադրությունն են փոխում, վաղն էլ կարող է Ալիեւը զանգի ու ասի՝ այ տղա, Նկարիչների միությունը պետք է Թաիր Սալախովի (ադրբեջանցի նկարիչ) անունով լինի, կամ էլ Կոմպոզիտորների միությունը լինի Բյուլբյուլօղլու (ադրբեջանցի կոմպոզիտոր) անունով ․․․ ու ես չեմ զարմանա, որ վաղը կարող է նման բան լինել։ Դրա համար մենք կոնկրետ քայլ պետք է անենք՝ մեր միությունը, մեր օջախը պահելու համար։ Նաեւ՝ շատ ամոթ, որ ուզում են հաշմանդամների ձեռքից ինչ-որ շենքեր խլել, բնությունն արդեն պատժել է այդ մարդկանց, հիմա դու՝ պետություն, ինչո՞ւ ես նրանց նորից պատժում, ի՞նչ ես անում եւ ինչո՞ւ․․․, դուք խիղճ ունե՞ք, այ մարդ»,- վրդովված՝ իր խոսքը եզրափակեց Գ․ Աբրահամյանը։
Նկատենք, որ հոկտեմբերի 30-ին արդեն դատարանն Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքի մասով պետք է վճիռ կայացնի, ինչը նշանակում է, որ շատ քիչ ժամանակ է մնացել գործելու համար։