Արամ Ասատրյան անուն-ազգանունով քահանան երիտասարդական անփորձության և անխելքության պատճառով յուրայինների շրջանում դարձավ օտար:
Բնական է, որ ինքը շանսեր չունի վերածվելու յուրայինի գոնե օտարների շրջանում (նման վերնագրով 70-ականների խորհրդային կուլտային կինոնկար կար): Ինքն էլ չէր պատկերացնում, թե իշխանությունն ինչ բոլոլա է սարքելու իր վկայության և խիստ «օրինապահ» երիտասարդի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա:
Զարմանալ կարելի է՝ անօրեն երկրում իշխանության աջակից օրինապահ քաղաքացի:
Ինչևէ, այդ երկուսն էլ կատարեցին հուդայական իրենց դերը՝ պատճառ հանդիսանալով, որպեսզի բերման ենթարկվեն հայոց եկեղեցու Արագածոտնի թեմի մեկ տասնյակից ավելի հոգևորականներ: Նրանցից մի քանիսն էլ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազան Պռոշյանի հետ ձերբակալվեն:
Չգիտեմ, թե եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությամբ ինչի հասավ վարչապետի աթոռից կառչած անձը, բայց վստահաբար վերջինս «փչացրեց» Տեր Արամ քահանա Ասատրյանին, որին երևի ցանկանում էր տեսնել հայոց եկեղեցու հովվապետի դերում: Ենթադրում եմ, որ մանիպուլյացիայի մասնագետը հաշվի չէր արել այն հանգամանքը, որ համարյա ողջ թեմին բերման ենթարկելը, թեմի փաստաթղթերն ու համակարգիչներն առգրավելը վերը նշված քահանային դարձնելու էր «իզգոյ» իր եղբայրակիցների շրջանում: Իսկ թեմը կարող էր լինել այն շրջանակը, որ կարող էր նպաստել Արամ քահանայի «ընտրությունը» կաթողիկոսի պաշտոնում: Իհարկե, դրանից առաջ բռնությամբ հրաժարական պարտադրելով Գարեգին Բ-ին: Իսկ որ նման գաղափարից ինքը չի հրաժարվել, դրա վկայությունը վերջերս սպրդած մի տեղեկությունն էր: Խոսքն այն մասին է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին հրահանգել էր բնակիչների շրջանում հարցախույզ անցկացնել այդ հարցի վերաբերյալ:
Ինչ մնում է Արամ քահանային, ապա վերջինս ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում: Սարկավագներն, ըստ «Հրապարակ»-ի, հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակադրության արարողությանը: Դրան կարող ենք գումարել թեմի նրա եղբայրակից Թովմաս Առաքելյանի կողմից քահանային բացասականորեն բնութագրող տեղեկատվության տարածումը: 2019-ին, երբ նիկոլականների կողմից ինչ-որ պահ գրավվել էր վեհարանը, Արամը դիմել էր կաթողիկոսին նրա թիկնապահը դառնալու առաջարկով: Այդ տեղեկատվությունը վեց տարի թաքցրած անձի կողմից Արամի վարքը շողոքորթություն էր բնորոշվել: Այդ ամենը նշանակում է, որ Նիկոլը կարող է խաչ քաշել Արամի թեկնածության վրա: Իսկ վերջինս, ինչքան հասկանում եմ, Նիկոլի գլխավոր խաղաքարտն էր Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու կոմբինացիայում: Արդյունքում Արամ քահանան ոչ միայն զրկվեց կաթողիկոս ընտրվելու, այլև ընդհանրապես եկեղեցական մնալու հեռանկարից:
Վաղ թե ուշ ինքը հեռացվելու է եկեղեցուց, ինչը կլինի ողջ այս պատմության միակ տրամաբանական հանգուցալուծումը: Բայց շատ ավելի խելացի քայլ կլինի նրա կողմից ինքնակամ հեռանալը: Եվ մնացած ողջ կյանքում իր արածի վերաբերյալ մտածելը՝ եթե, իհարկե, հոգևորական էր դարձել սրտի թելադրանքով: