Քաղաքականություն

«Հրապարակ». Լավրովին հրավիրել էին, բայց նա չժամանեց Հայաստան` միջազգային ֆորումին մասնակցելու

«Հրապարակ». Լավրովին հրավիրել էին, բայց նա չժամանեց Հայաստան` միջազգային ֆորումին մասնակցելու

ՀՀ իշխանությունը Ռուսաստանին ուղղված հերթական ռեւերանսն արեց՝ չմիանալով Ուկրաինային առնչվող Եվրոպայի խորհրդի հռչակագրին, որը սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ընդունեցին ԵԽ անդամ երկրների նախարարները։  «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի հռչակագիրը սատարում է Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ, ու կոչ է անում՝ ստեղծել հատուկ տրիբունալ` «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար»։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին՝ աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հռչակագրում:

Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունը, Հռոմի ստատուտը վավերացնելով, միացել է Միջազգային քրեական դատարանին ու հիմա, հայտնվելով երկու քարի արանքում, փորձում է խուսանավել ստանձնած պարտավորություններից, որոնք բխում են այդ ստատուտից։ Հռոմի ստատուտի վավերացումը դարձավ հայ-ռուսական հարաբերություններում լրջագույն խնդիր։ Դեռ անցած տարի՝ վավերացման ժամանակ, վերլուծաբանները զգուշացնում էին, որ դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ տեքստով դատապարտեց ստատուտի վավերացումը։ «Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված են եղել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին՝ այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշել էր ՌԴ ԱԳՆ-ն։

Բայց Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը գնաց մինչեւ վերջ, ու Հայաստանը դարձավ Հռոմի ստատուտի կանոնադրությունը ստորագրած 124-րդ երկիրը։ Իշխանությունը Հռոմի ստատուտի վավերացումը պատճառաբանում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի ռիսկով ու հայտարարում, թե փաստաթղթի վավերացումից հետո Ադրբեջանի հանցագործությունները ենթակա կլինեն ՄՔԴ իրավազորությանը, բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, ՔՊ-ականներն ալիեւյան հանցագործություններն արագ մոռացան, եւ Հռոմի դատարանը դրանցով չզբաղվեց։ Ռուսական  աղբյուրներն անցած շաբաթ գրեցին, որ վիլնյուսյան դեկլարացիայի նախագծի տակ Երեւանի ստորագրությունը եղել է, ապա հետ է կանչվել։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ի սկզբանե չեն միացել հռչակագրին։ 

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Հայաստանի միանալն այդ հռչակագրին մեր երկրի համար աղետ կլիներ։ «Տվյալ դեպքում Հայաստանը հայտնվել է այն շրջանակում, որտեղ չպետք է գտնվեր։ Եվրոպան նրան ընտրության առաջ է կանգնեցրել, եթե իշխանությունը ստորագրեր այն փաստաթուղթը, որի մասին Դուք խոսում եք, դա լիակատար կատաստրոֆա կլիներ Հայաստանի համար եւ Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունների ամբողջական խզում։ Փաշինյանը պատրա՞ստ է դրան` պատրաստ չէ։ Հայաստանն էլ պատրաստ չէ»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝ մեկնաբանելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը։

Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետը հիշեցրեց՝ Հռոմի ստատուտը ստորագրել է, օրինակ, Մոնղոլիան, եւ ՌԴ նախագահն այդ երկիր այցելել է։ Այս եւ մի շարք այլ երկրներ, որոնք ֆորմալ միացել են ստատուտին, Տարասովի խոսքով, խուսափում են դրա իրականացումից։ Հայաստանը, կարծում է Տարասովը, ինքն իր համար խնդիրներ է ստեղծում, ապա այդ խնդիրները փորձում քաղաքականություն դարձնել։

«Հարկավոր չէր մարտահրավեր նետել ու դրանից թատրոն սարքել՝ ստորագրեց, չստորագրեց, մասնակցեց, չմասնակցեց։ Արդեն բավական է, որ Լավրովը չմասնակցեց Հայաստանում անցկացվող ֆորումին։ Սա ցուցիչ է, որ Ռուսաստանը, առհասարակ, կարող է նման քաղաքական պարագայում իգնոր անել Հայաստանը։ Հրավերը կար, բայց Լավրովը չմեկնեց։ Դա ուղղակի արձագանք է»,- ասաց ռուս քաղաքագետը՝ նկատի ունենալով Yerevan Dialogue միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար ռուսական կողմին եւս պաշտոնական հրավեր ուղարկվել էր, բայց բարձրաստիճան ներկայություն չէր ապահովվել։

Հայ-ռուսական հարաբերությունները, Տարասովի խոսքով, շարունակում են մնալ վատթարագույն մակարդակում։ Ըստ նրա՝ երբեւէ Հայաստանի իմիջը Ռուսաստանում այնքան ցածր չի եղել, որքան հիմա է։ Խոսքը Հայաստանի քաղաքական ղեկավարության մասին է։ «Տպավորությունն այնպիսին է, որ նրանք թուրքերեն են խոսում, ապա թարգմանում անգլերեն, անգլերենից՝ հայերեն ու հետո՝ նոր ռուսերեն, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ասում»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Կազան մեկնելու եւ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, մեր զրուցակցի խոսքով, դա ոչինչ չի նշանակի։ Հայաստանն այնտեղ կլինի հյուրի կարգավիճակով, ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի։ «Հիշեք՝ առանց Ղարաբաղի Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Ղարաբաղով Հայաստանը դեռ կարող էր փրկվել, բայց Ղարաբաղը հանձնեցին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image