Այս տարի ԿԳՄՍՆ-ն 66 անուն դասագրքի մրցույթի համար ստացել է, ընդհանուր առմամբ, 99 դասագիրք: Ըստ ԿԳՄՍ փոխնախար Ա. Սվաջյանի, այս տարվա դասագրքերն ավելի հարուստ էին, եղել են առարկաներ, որոնց համար մինչեւ անգամ 4 հայտ են ստացել: Այդուհանդերձ, կան առարկաներ, որոնցից այս տարի դասագրքեր չեն լինելու: Որպես լուծում, նախարարությունը բաժանելու է հին դասագրքերը.
«Հիմնականում օտար լեզուներից չունենք դասագրքեր. Ռուսաց լեզու` 2-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում չունենք, ֆրանսերեն` 5, 6, 7, 8 եւ 10-ում չկա, 10-րդ դասարանի «Քիմիա» եւ «Կենսաբանություն» առարկաներից չկան դասագրքեր եւ կբաժանվեն հին դասագրքերը»: Այս տարի 10-րդ դասարանում նաեւ «Հայոց պատմություն» առարկայից չկա դասագիրք. «10-րդ դասարանի Հայոց պատմության վերապատրաստումներ ենք պատրաստում, շուրջ 1500 ուսուցիչ ունենք ամբողջ հանրապետությունում, արդեն մեկնարկել են վերապատրաստումները, դպրոցներին կտրվեն ուսումնական նյութեր, եւ ողջ ուսումնական տարվա ընթացքում լինելու են մենթորական աջակցություն, վերապատրաստումներ»:
ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանն էլ վստահեցրեց, որ դասագրքերի մեծ մասի տպագրությունն ավարտված է, եւ դրանք արդեն պետք է լինեն դպրոցներում. «Եթե որեւէ մի գրքի մասով որեւէ դպրոցի ժամանակին չի հասել, այս մասին խնդրում եմ մեզ ժամանակին տեղեկացնել, որովհետեւ տպագրության խնդիր չունենք, տպագրական գործընթացներն ամփոփված են, եւ բոլոր նոր գրքերը կա՛մ արդեն պետք է դպրոցներում լինեն, կա՛մ էլ առաջիկա 1-2 օրվա ընթացքում կբաշխվեն բոլոր դպրոցներին»: