03.04.2025-ին հրապարակված «Տրամաբանորեն Գյումրիում պետք է կայանա վերաքվեարկություն» հոդվածում գրել էինք, որ Գյումրու ավագանու 30.03.2025թ. ընտրություններից առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, որ անճշտությունների չափը տասնապատիկ, քսանապատիկ գերազանցել է քվեների կրիտիկական քանակը, որի հաշվին ուժերից մեկը հաղթահարել է անցողիկ շեմը։ Իսկ դա նշանակում է՝ լցոնված քվեաթերթիկների քանակը, որն արտացոլված անճշտությունների չափում, ազդել է ընտրության արդյունքների վրա։ Ապրիլի 1-ին այս թեմայով 3 հարց էինք ուղարկել ԿԸՀ, որտեղից պատասխանել էին, թե հարցերին կարող են անդրադառնալ միայն ընտրության վերջնական արդյունքների ամփոփումից հետո։ Այժմ, Գյումրու ավագանու ընտրության վերջնական արդյունքների ամփոփումից հետո հարցերը որոշ վերախմբագրմամբ կրկին ուղարկեցինք ԿԸՀ, եւ ահա թե ինչ պարզվեց։
Գիտեք, կարող են լինել դեպքեր․․․
Առաջին վերախմբագրված հարցը, որ ուղարկեցի ԿԸՀ, հետեւյալն էր․
«1. Թիվ 31 ԸԸՀ-ն, նաեւ ԿԸՀ-ն հայտնել են, որ Գյումրու ավագանու 30.03.2025թ․ ընտրությանը, նախնական տվյալներով, անճշտությունների չափը կազմել է 945, վերջնական արդյունքներով՝ 69: Խնդրում եմ հայտնել՝ ինչպե՞ս է շուրջ 880 անճշտություն արձանագրվել ընտրության նախնական արդյունքներում, սակայն վերացած համարվել վերջնական արդյունքներում՝ անճշտությունների չափը իջեցնելով 945-ից 69-ի: Նշյալ 69 անճշտությունից ո՞ր մասն է Ընտրական օրենսգրքի 72-րդ՝ Անճշտությունները որոշելու կարգը հոդվածի 1-ին մասով նախատեսված անճշտություն, եւ ո՞ր մասը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված»։
ԿԸՀ-ից, ինչպեսեւ սպասելի էր, հարցին որեւէ համարժեք պատասխան չեն տվել՝ ո´չ բացատրել են, թե ինչ կախարդական փայտիկի գործադրմամբ է հանկարծ շուրջ 880 անճշտություն վերացել, ո´չ էլ գոնե հայտնել են, թե վերջնարդյունքներում արձանագրված 69 անճշտության որ մասն է դրոշմանիշներին առնչվող անճշտություն (ԸՕ 72-րդ հոդվածի 1-ին մաս), եւ որ մասը՝ քվեատուփերում լցոնված քվեաթերթիկ (72-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Փոխարենը՝ Ընտրական օրենսգրքի տրամաբանության մասին ընդարձակ ու հարցին չառնչվող դատողություններ են արել։
Պատասխանը մեջբերում եմ.
«Հարցման 1-ին կետում ներկայացված հարցադրման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ քվեարկության նախնական արդյունքների հիման վրա միանշանակ դատողություններ անելը հակասում է ՀՀ «Ընտրական օրենսգիրք» (այսուհետ՝ ԸՕ) սահմանադրական օրենքի տրամաբանությանը, քանի որ քվեարկության նախնական արդյունքները ենթակա են ճշգրտման։ Մասնավորապես, ստուգվում են քվեարկության մուտքագրված արդյունքները՝ ըստ տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների, վստահված անձանց կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ կարող են իրականացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկներ։ Կարող են լինել դեպքեր, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս որեւէ, օրինակ՝ ընտրողներից ստացված համարակալված կտրոննների տողում լրացվում է հաջորդ տողի, այն է՝ քվեաթերթիկների թիվը։ Նման դեպքերում անճշտությունների թիվը տվյալ տեղամասում քվեաթերթիկների թվի չափով մեխանիկորեն աճում է։ Այդօրինակ տեխնիկական սխալներն ուղղելու օրենսդրական ճանապարհը տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելն է։
Այդ իսկ պատճառով բոլոր ընտրությունների ժամանակ, քվեարկության նախնական արդյունքները հրապարակելուց հետո, բոլոր այն տեղամասերում, որտեղ անճշտությունների թիվը մեծ է, կամ տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունում առկա են ջնջումներ, ԸԸՀ-ներն իրենց նախաձեռնությամբ իրականացնում են քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Քվեարկության արդյունքների ճշգրտման գործընթացի ավարտից հետո նոր միայն ձեւավորվում են քվեարկության վերջնական արդյունքները։
Հարկ ենք համարում նաեւ ընդգծել, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թվով 7 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում քվեարկության մասնակիցների թիվը չի փոխվել, կուսակցությունների կամ դաշինքների ստացած քվեները վերահաշվարկի արդյունքում աննշան են փոխվել՝ 1 կամ 2 քվեով։ Իսկ անճշտությունների ընդհանուր թիվը կազմել է 69»։
Կարծում եմ՝ ԿԸՀ պատասխանից յուրաքանչյուրին էլ ակնհայտ է, որ շուրջ 880 անճշտություն վերանալը չունի բացատրություն։ Ուղղակի ԿԸՀ-ում կամ 31-րդ ԸԸՀ-ում արել են այն, ինչին սովոր են, եւ ինչն անում են տասնամյակներ՝ կեղծել են ընտրությունների արդյունքները, տվյալ դեպքում՝ անճշտությունների թիվը, սկզբնական 945-ի փոխարեն վերջնական թվանկարել են 69՝ առանց մի բացատրության, առանց մի հիմնավորման։ Այդքանով էլ, ՀՀ դատախազությունում կամ Քննչական կոմիտեում եթե որեւէ պատասխանատվություն են զգում ընտրական գործընթացների օրինականություն համար, թող այդ ճչացող թվանկարչությամբ ու կեղծարարությամբ զբաղվեն։
Եթե չեն բողոքարկել, ուրեմն խախտում չի եղել
Իմ երկրորդ հարցը վերստին ԿԸՀ ուղարկելիս նույնիսկ չէի վերախմբագրել, միայն 945 թիվը փոխարինել էի 69-ով։ Մնացյալ շարադրանքն այնպիսին էր, ինչ ապրիլի 1-ին ուղարկվածը։
«2. Հաշվի առնելով, որ համաձայն ԸՕ 72-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ», եւ հանգամանքը, որ ուժերից մեկն ընտրության 6% անցողիկ շեմը հաղթահարել է 50-60 քվեաթերթիկի տարբերությամբ՝ հնարավո՞ր է ողջամտորեն երաշխավորել, որ այդ 50-60 քվեաթերթիկը 69 անճշտության միջակայքում չեն, քվեատուփերում հայտնված ավել քվեաթերթիկների թվից չեն»։
ԿԸՀ պատասխանը մեջբերում եմ․ «Ձեր հարցման 2-րդ կետում ներկայացված հարցադրման հիմքում ընկած դատողությունները եւս կապ չունեն ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների եւ դրանց հիմքում դրված տրամաբանության հետ։ ԸՕ 141-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ»։ Կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից անցողիկ շեմի հաղթահարած կամ չհաղթահարած լինելը որոշելիս անճշտությունների թվի ներառմամբ էլ հենց գնահատվում է այդ տվյալը՝ որքանով է ազդում արդյունքների վրա։ Այսինքն, անճշտությունների թվի ազդեցության գնահատման մեխանիզմն արդեն իսկ առկա է ԸՕ 141-րդ հոդվածում»։
Դարձյալ, ինչպես տեսնում ենք, հարցին չեն պատասխանել, դժվար է անգամ կռահել, թե ինչի մասին են խոսում։ Իմ հարցադրումն այն մասին է, որ ինչպես նախորդ՝ «Տրամաբանորեն Գյումրիում պետք է կայանա վերաքվեարկություն» հոդվածում մանրամասն ներկայացրել էինք, Գյումրու ավագանու 30.03.2025թ․ ընտրությանը կուսակցությունների դաշինքների համար սահմանված 6% անցողիկ շեմը թվային արտահայտությամբ կազմել է մոտ 2 հազար 850 քվե։ «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է նախնական հաշվարկով 2 հազար 902, վերջնական արդյունքներով՝ 2 հազար 904 քվե։ Ընդամենը 55-60 քվեի առկայությունն է ապահովել այդ ուժի անցողիկ շեմ հաղթահարելը, այն պարագայում, երբ անճշտությունների չափը տասնապատիկ, քսանապատիկ մեծ էր նախնական տվյալներով՝ 945, եւ մեծ է նույնիսկ վերջնական արդյունքներով՝ 69:
Հետեւաբար, ո՞վ կարող է ողջամտորեն երաշխավորել, որ ընտրությունների ելքը եւ մանդատների բաշխումը կանխորոշած «Մայր Հայաստանի» 55-60 քվեաթերթիկը քվեատուփերում օրինախախտմամբ լցոնված 69 քվեաթերթիկների թվից չեն։ Քանի որ ողջամտորեն դա երաշխավորել հնարավոր չէ, ԿԸՀ-ից հարցին չեն պատասխանել։ Այլ դատարկախոսել են չգիտես ինչի մասին։
Իմ վերջին՝ երրորդ հարցը փոքր-ինչ վերախմբագրվել էր՝ ընտրության վերջնական արդյունքները հաշվի առնելով։
«3. Եթե ողջամտորեն հնարավոր չէ երաշխավորել 50-60 քվեաթերթիկի 69 անճշտության միջակայքում չլինելը, եւ եթե այդ 50-60 քվեաթերթիկը նախնական արդյունքով որոշել են Գյումրու ավագանի անցած քաղաքական ուժերի քանակը եւ մանդատների բաշխումը, արդյո՞ք դա ԸՕ 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավիճակ չէ եւ չի՞ ենթադրում ընտրության վերաքվեարկություն։ Ինչո՞ւմ է տարբերությունը, եթե այն գոյություն ունի»։
Այս հարցին տրված ԿԸՀ պատասխանը միայն դատարկախոսություն չէ, այլ էական ինքնախոստովանություն։ Մեջբերեմ պատասխանը.
«Ձեր հարցման 3-րդ կետում ներկայացված հարցադրմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ անճշտության թիվն ինքնին չի կարող գնահատվել կամ որակվել որպես արդյունքների վրա ազդող ընտրախախտում։ ԸՕ 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավիճակ առկա չէ, եւ այդ կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ, քանի որ ընտրությունների արդյունքների վրա ազդող ԸՕ խախտումներ տեղի չեն ունեցել, դրա ապացույցն է այն փաստը, որ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից եւ ոչ մեկը քվեարկության արդյունքները որեւէ կերպ չի բողոքարկել։ Այսպիսով կարող ենք միանշանակ արձանագրել, որ քվեարկության ամփոփիչ արդյունքները ճշգրիտ են»։
ԿԸՀ-ում, դատելով պատասխանից, չեն գիտակցում, որ ընտրությունների օրինականության, ընտրախախտումների կանխման եւ վերացման պատասխանատուն ընտրական հանձնաժողովներն են՝ ԿԸՀ-ի գլխավորությամբ, ոչ թե ընտրությանը մասնակցող քաղաքացիները կամ քաղաքական ուժերը։ Եթե ԿԸՀ-ում այդքանը նույնիսկ չեն գիտակցում, այնպիսի գիտակցական մակարդակում են, որ համարում են՝ եթե բողոք չի ներկայացվել, նշանակում է՝ ընտրախախտում չի եղել, մի կողմ թողած փաստերը, ապա նման ԿԸՀ-ից ի՞նչ իրավագիտակցություն, գործողություն կամ օրինականություն պահանջես։
Փոխարենը արժե կրկնել ԿԸՀ-ի դիտարկումն այն մասին, որ ընտրությանը մասնակցած ուժերից բողոք չի ստացվել։ Հենց այդ հանգամանքն էլ ամենից ուշագրավն ու խոսունն է։ Բոլորը՝ 14 մանդատով պատժված ՔՊ-ից մինչեւ 8 մանդատով հոգաչափ գոհացած Վարդան Ղուկասյան, հանկարծ king-maker դարձած Մարտուն Գրիգորյան եւ 2 քվեով ավագանի սողոսկած «Մայր Հայաստան», հոգու խորքում փառք են տալիս Բարձրյալին, որ գոնե այդքան մանդատ ստացել են, վստահ լինելով, որ որեւէ վերաքվեարկությամբ կարող են այդքանն էլ չստանալ։ Ակնհայտ է, որ թե՛ օրվա իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կանգնած են ավազի վրա, եւ ուրախալի է, որ այդքանը գիտակցում են։