«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն է։
-Պարոն Տարասով, ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։
-Մոսկվան ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է և Մոսկվան անտարբեր չէ ներհայաստաննյան զարգացումների նկատմամբ, բայց դա Հայաստանի ներքին գործն է։ Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ու ինչ գործողություններ չընդունել։ Ժամանակին ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի օգտին, հիմա նրա դեմ է հանդես գալիս։
-Մարդիկ փողոց են դուրս եկել` ընդդեմ սահմանազատման անվան տակ Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումների:
-Ինչ վերաբերում է այդ գյուղերին, Մոսկվան բազմիցս իր աջակցությունն առաջարկել է սահմանազատման և սահմանագծում գործընթացում, բայց Հայաստանը հրաժարվել է Մոսկվայի միջնորդությունից, որին Բաքուն դեմ չէր։ Նրանք ընտրեցին ուղիղ երկխոսության ճանապարհը և արեցին այն, ինչ արեցին: Դուր է գալիս մեզ, թե` ոչ, դա Հայաստանի տարածքն է և հայ ժողովուրդը պետք է որոշի։ Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն` այս կամ այն գյուղը որ երկրի կազմում կգտնվի։ Մյուս կողմից, իհարկե, մենք շահագրգռված ենք, իրավիճակի կայունությամբ, որովհետև Հայաստանում իրավիճակի ապակայունացումը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, ինչը անհանգստություն է առաջացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը փորձում է նոր դաշնակիցներ գտնել, դա նրա իրավունքն է։ Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Հայաստանը դեպի Արևմուտք է գնում, Մոսկվան դա համարում է սխալ որոշում, ճիշտ այնպես ինչպես մենք գտնում ենք, որ Հայաստանը սխալ որոշում ընդունեց Ղարաբաղի հարցում, բայց ցավոք, նրանից, թե ինչ ենք մենք կարծում, ոչինչ չի փոխվում։
-Հայտարարվում է, որ 1976 թվականի քարտեզն է դրված գործընթացների հիմքում։ Ինչպիսի՞ն է Մոսկվայի կարծիքը, նախկինում խոսք էր գնում 1926թ. քարտեզների մասին։
-Մոսկվան իր քարտեզներն ունի, իր աջակցությունը արել է սահմանազատման գործընթացում։ Եթե այդ աջակցությունը ընդունվեր, Մոսկվան ներկա գտնվեր, այդ ժամանակ մենք կկարողանայինք ինչ-որ կերպ մեկնաբանել իրավիճակը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ընդունած որոշումները` այն, թե ինչ և ինչու են նրանք ճիշտ համարում, Մոսկվան մեկնաբանել չի կարող։ Ենթադրվում է, որ Երևանն ու Բաքուն առաջնորդվել են սահմանի վերաբերյալ ինչ-որ բազային պատկերացումներով, համաձայնության են եկել, որովհետև, եթե չլիներ այդ համաձայնությունը, դժվար թե սահմանազատում տեղի ունենար։ Սա նրանց երկկողմ որոշումն է։ Փաշինյանն ու Ալիեւն են ասում, որ շուտով պայմանագիր են ստորագրելու, նրանք են ասում, որ իրականացրել են սահմանների սահմանազատում, ի վերջո, Փաշինյանն է ասում, որ վերջապես, մենք ստանում ենք իրական, այլ ոչ թե պատմական Հայաստանը։ Սա խոսում է այն մասին, որ դա նրա ինքնուրույն որոշումն է։ Դուր է գալիս դա հայ ժողովրդին, թե ոչ, բայց բանակցությունները ընթանում են։ Մենք չենք կարող կոնֆլիկտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
-Արդյո՞ք Երևանի փողոցներում տեղի ունեցողն ազդանշան չէ Հայաստանի դաշնակիցների և տարածաշրջանով հետաքրքրված երկրների համար։
-Մենք կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել մի շարք արտաքին քաղաքական սխալներ, բայց մենք չենք խառնվում գործընթացներին։ Եթե հայերը հանդես են գալիս բողոքով, դա նրանց գործն է, նրանց իրավունքը, մենք չենք կարող միջամտել և չենք միջամտում, թեև ոմանք հայտարարում են, որ դա Մոսկվայի ձեռքի գործն է։ Մենք հետևում ենք, թե ինչպես են ընթանում զարգացումները, գլխավորն այն է, որ խաղաղ ընթանան և Աստված մի արասցե, արյունահեղություն չլինի։ Հայաստանի և Ադրբեջանի գործն է հիմնվել 1976թ քարտեզների վրա, չէ՞ որ Մոսկվան առաջարկել էր իր օգնությունը։ Հայերը չեն ցանկանում, որ Փաշինյանը հանձնի, մենք հասկանում ենք, թե ինչու, բայց կոնկրետ գործողություններ մենք չենք կարող անել: Կրկնում եմ, որ այդ հարցը պետք է լուծեն միայն հայերը։
-Արդյո՞ք իրավիճակն այլ կլիներ, եթե կողմերն առաջնորդվեին եռակողմ ձևաչափով, որին Ռուսաստանը որպես միջնորդ էր ներգրավված` ի դեմս փոխվարչապետ Օվերչուկի։
- Իհարկե, կարծում եմ, որ այլ կլիներ, կլիներ ավելի բալանսավորված, փոխադարձ շահեր կլինեին և կողմերը չէին գնա նման կոնֆրոնտացիայի, բայց դա չաշխատեց։ Ո՞ւմ պատճառով, մենք կարծում ենք, որ Հայաստանը պատրաստ չէր նման երկխոսության։
-Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, արդա՞ր է, Դուք որպես փորձագետ ի՞նչ եք կարծում։
-Ես չեմ կարող ասել, հասկանո՞ւմ եք, ամեն բան հստակ է սահմանազատման համար նախ խաղաղության համաձայնագիր է հարկավոր։ Ինչպե՞ս կարող ես սահմանազատում իրականացնել, երբ փոխադարձաբար ճանաչման գործընթաց չկա։ Խաղաղության համաձայնագիրն այդ ճանաչումն է, դա պետք է լինի, ապա միայն պետք է ունեցվածքը կիսել։ Բայց, երբ փոխադարձաբար միմյանց չեք ճանաչել, խաղաղությանը համաձայնագիր չկա ու սահմանազատում է իրականացվում, դա նշանակում է ամեն ինչ վերջից սկսել։ Դա ծուղակ է, հասկանո՞ւմ եք, ի՞նչ սահմանազատում` առանց պայմանագրի։ Թե ինչու է Փաշինյանը գնում նման գործողությունների, մենք չենք կարող հասկանալ։