Մշակույթ

Եղել են անորոշություններ, սխալներ, երկակի պատասխանով թեստեր

Եղել են անորոշություններ, սխալներ, երկակի պատասխանով թեստեր

ԿԳՄՍՆ-ն ամփոփել եւ ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաեւ բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։

Հիշեցնենք, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն առաջին անգամ կազմակերպվել էր էլեկտրոնային ձեւաչափով, որին մասնակցելու համար դիմել է 6 հազար 260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:

Սակայն հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է միայն 4 հազար 982-ը (փաստորեն, 1278 հոգի, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փոշմանել եւ չի ներկայացել ատեստավորմանը)։ Համաձայն ԿԳՄՍՆ-ի, ատեստավորմանը մասնակցածները ցուցաբերել են հետեւյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն (200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար), 70-79% արդյունք՝ 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով), 80-89% արդյունք ցուցաբերել է 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով), 90-100% արդյունք՝ 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով), 0-59 տոկոս արդյունք՝ 1162-ը: Սրանք, ըստ էության, ատեստավորումը չհաղթահարած մարդիկ են։

Հատկանշական է, որ գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել է 2 հազար 825-ը, այս պահին չաշխատող եւ առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել է 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել է 2 հազար 250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել է 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը եւ արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:
Նկատենք, որ ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումներից եւս դժգոհությունները մեծ էին: Դրանք հիմնականում վերաբերում էին թեստերի բովանդակությանը, ատեստավորման նոր` էլեկտրոնային ձեւաչափին ու դրանից բխող մի շարք տեխնիկական խնդիրների: Հատկանշական է, որ գրեթե բոլոր առարկաներից եղել են դժգոհություններ, այդ թվում՝ բողոքարկումներ։

Համեմատական կարգով, մենք կողք կողքի դրեցինք նաեւ նախորդ տարիների՝ 2023-ի, 2022-ի եւ 2021-ի կամավոր ատեստավորման արդյունքները։

Այսպես, օրինակ, 2023-ի կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը եղել է 6 հազար 320: Նրանցից 4 հազար 324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ 1855 ուսուցիչ (43%) կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը: Եվս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք (նոր փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները եւս կունենան դրույքաչափի բարձրացում)։

2022-ի կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3 հազար 886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2 հազար 300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: 2022 թվականի արդյունքներով՝ կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-ը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ։ Համապատասխանաբար, 30%-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23%-ը), 40%-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17%-ը), 50%-ի չափով՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6%-ը):

Կամավոր ատեստավորման առաջին տարում՝ 2021-ին, ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցչից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996-ը, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստացել է 30-50 տոկոս հավելավճար:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում կամավոր ատեստավորումների 4 տարիների դինամիկան, եւ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ամեն տարի հայտագրվածների մի զգալի մասը դիմում է, բայց այդպես էլ չի մասնակցում ատեստավորմանը։

«Դա պայմանավորված է նրանով, որ միշտ կա վախի զգացողություն, եւ հատկապես դա զարգանում է, երբ առաջին խումբն է մասնակցում ատեստավորմանը, եւ ինչ-որ խնդիրներ են առաջանում։ Օրինակ, այս տարի աշխարհագրության պարագայում այդպես եղավ, դժգոհություններ առաջացան։ Ու առաջին խմբի հետ կապված խնդիրը սկսում է ազդել մյուսների վրա, մտածում են, որ կարող է մենք էլ գնանք ու կտրվենք։ Ես հիշում եմ 2-րդ տարում, երբ նաեւ բուհերը կարող էին անցկացնել, հայոց պատմությունը ե՛ւ ԳԹԿ-ն էր անցկացնում, ե՛ւ Մանկավարժական համալսարանը։ ԳԹԿ-ում հայոց պատմության ուսուցիչների թեստը շատ բարդ էր, ու մեծ մասն անբավարար էր ստացել, որից հետո Մանկավարժական համալսարանի թեստին ներկայացել էր ընդամենը 4 ուսուցիչ։ Այսինքն՝ վախեցել էին, որ իրենցն էլ բարդ կլինի, բայց հեշտ էր եղել, ու բոլորը հաղթահարել էին։ Այս անգամ էլ համակարգչի հետ ինչ-որ խնդիր եղավ, կամ սխալներ կային թեստում, եւ ուսուցիչների մոտ որոշակի վախեր առաջացան»,- ասում է փորձագետն ու նկատում, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ ուսուցիչների համար կա սպառնալիք, եթե 2 տարի անընդմեջ չհաղթահարեն ատեստավորումը, իրենց կարող են աշխատանքից ազատել։

«Դա ամենամեծ խոչընդոտն է, որովհետեւ մարդիկ մտածում են, որ այս իրավիճակում ամենաապահովը չմասնակցելն է, ու երբ նայում ենք այս տարվա տվյալները` մոտ 5 հազարն է ներկայացել, որոնցից միայն 2 հազար 800-ն է, որ առաջին անգամ է մասնակցում։ Այսինքն՝ ընդամենը 2 հազար 800 նոր մարդ է ներգրավվել, ինչը շատ ցածր ցուցանիշ է, որովհետեւ կրթության զարգացման պետական ծրագրի գործողություններով մենք արդեն այս տարի պետք է ունենայինք 30 տոկոս ատեստավորված ուսուցիչ»։
Խոսքը հանրապետությունում առկա 30 հազար ուսուցչի 30 տոկոսի մասի՞ն է։ «Այստեղ հաշվարկը 2 ձեւով է արվում, նախարարությունը հաշվում է միայն ուսուցիչներին, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է, եւ մենք պետք է հաշվենք նաեւ դասավանդողներին, որովհետեւ իրավունք ունեն մասնակցելու նաեւ ուսմասվարները, տնօրենները եւ իրականում մասնակցում են, դրա համար այդ տոկոսները մենք պետք է հաշվենք ոչ թե 30 հազարից, այլ՝ 37 հազարից։ Ու երբ հաշվում ենք 37 հազարից, ապա 30 տոկոսը մոտավորապես ստացվում է 11 հազար ուսուցիչ։ Իսկ մենք այդքան ատեստավորված ուսուցիչ չունենք, դրա համար նախարարությունը փոխում է թվերը՝ ե՛ւ շեմն է իջեցրել, ե՛ւ տոկոսները»։ Այդուհանդերձ, շատ քչերին է ոգեւորում 120 հազար դրամից 200 հազար դարձող մանկավարժական դրույքի հեռանկարը։
Ինչ վերաբերում է կոնկրետ այս տարվան, ապա. «Արդյունքներից էլ է երեւում, որ հիմնականում հեշտ է եղել, քանի որ ատեստավորվածների մոտ 80 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը, եւ միայն 1162 ուսուցիչ է, որ չի հաղթահարել, ինչը 5 հազար հոգու մեջ մոտավորապես կազմում է 20 տոկոս։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, այստեղ ուղղակի խնդիր կա առարկաների միջեւ, որ որոշ առարկաներ բարդ են եղել, օրինակ՝ քիմիան, հայոց լեզուն, աշխարհագրության թեստում եղել են սխալներ։ Եվ, ինչպես տեսնում եք, բողոքարկումներից հետո հաղթահարողների թիվը բավական փոխվել է, օրինակ՝ եթե մինչեւ բողոքարկումը 910 հոգի է անցել, բողոքարկումից հետո՝ 980։ Բայց նաեւ եղել են անորոշություններ, սխալներ, երկակի պատասխանով թեստեր։ Այսինքն՝ թեստերի որակը շարունակում է մնալ խնդրահարույց, ինչպես նաեւ խնդրահարույց են անհամաչափություններն առարկաների միջեւ, այսինքն՝ որոշ առարկաներ այնքան հեշտ են, որ ուսուցիչների 90 տոկոսն անցնում է, դա արդեն լավ չէ, որովհետեւ, եթե 90 տոկոսն անցնում է, ուրեմն շատ հեշտ է եղել, եւ ունենք առարկաներ, որտեղ այդ միավորը շատ ցածր է։ Բայց քանի որ հիմնականում մասնակցում են նույն մարդիկ, այսինքն՝ մասնակիցների կեսը բազմափորձ ուսուցիչներ են, որոնք եկել են իրենց միավորները բարձրացնելու, եւ ստացվում է, որ նրանք արդեն բարձր միավորների այդ շեմն ապահովում են»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image