Մարտի 17-ին Թուրքիայի Հանրապետության Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինը նյութեր էր ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով արգելել ընդդիմադիր, ձախական, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi) գործունեությունը, որն իր մեծությամբ երրորդ խմբակցությունն ունի թուրքական Ազգային մեծ ժողովում (խորհրդարան)։
Խմբակցության պատգամավորներից է նաև հայազգի Կարո Փայլանը։ Ընդդիմադիր ուժը 600 տեղ ունեցող խորհրդարանում ներկայացված է 55 պատգամավորով։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն (Adalet ve Kalkınma Partisi) ունի 289 տեղ, նրա կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi)՝ 48, Ժողովրդահանրապետական կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi)՝ 135 տեղ։
Վերջին շրջանում HDP-ն ուժեղ ճնշման էր ենթարկվում Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության ու նրա ազգայնական դաշնակիցների կողմից, որոնք պահանջում են արգելել նրա գործունեությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Partîya Karkerên Kurdistanê) (Թուրքիայում դասակարգված է որպես ահաբեկչական խմբավորում) հետ ենթադրյալ կապերի պատճառով:
«HDP-ն շարժվում է PKK ահաբեկչական խմբավորման և այլ կապակցված կազմակերպությունների հետ միասին, նրանք հանդես են գալիս որպես մի կազմակերպության մասնաճյուղ, որը նպատակն է պետության միասնությունը խաթարելը», - ասված է Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինի հայտարարության մեջ:
Ժողովրդադեմոկրատայան կուսակցություն հայտարարել էր, որ դատախազները գործել են քաղաքական պատվերով և իշխող ԱԶ կուսակցությանը մեղադրել դատարանների միջոցով քաղաքականություն ձևավորելու մեջ: «Մեր կուսակցության դեմ հարուցված գործը ծանր հարված է ժողովրդավարությանը և օրենքին», - նշել էր ընդդիմադիր ուժը։
Թուրքիո դատախազը պահանջում է կուսակցությանը զրկել պետական որևէ ֆինանսավորումից, արգելել անդամների քաղաքական գործունեությունը, ներառյալ՝ նախկին առաջնորդներինը։ Թուրքական «Հաբերթյուրք» լրատվական կայքը, վկայակոչելով մեղադրական եզրակացությունը, գրել է, որ դատախազը պահանջում է քաղաքական արգելք սահմանել HDP- ի ավելի քան 600 պաշտոնյաների, ներառյալ՝ դրա ներկայիս համանախագահների ու բանտարկված նախկին ղեկավարներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի գործուենության վերաբերյալ:
ԱՄՆ Պետական քարտուղարությունն իր հայտարարության մեջ ասել է, որ HDP-ն լուծարելու որոշումն «անտեղի կորպով կխորտակի թուրք ընտրողների կամքը, էլ ավելի կխաթարի Թուրքիայում ժողովրդավարությունն ու մերժի Թուրքիայում միլիոնավոր քաղաքացիների՝ իրենց ընտրած ներկայացուցչությունը»:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը HDP-ի հայտնի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպան Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին զրկել է մանդատից`սոցցանցային հրապարակման մեջ «ահաբեկչական քարոզչություն» տարածելու համար: Քրդամետ կուսակցությունը հայտարարել է, որ պատգամավորը, ով 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, պատժվել է Twitter-ում տարածելու համար այն նորության հղումը, որում ներառված էին PKK-ի մեկնաբանությունները: Անդրադառնալով պատգամավորին մանտադից զրկելուն՝ ԱՄՆ ՊՔ-ն այն որակել է «անհանգստացնող»։
«Աններողաբար դեպի բազմակարծության վերջը: Ի՞նչ արձագանք է այժմ ակնկալում Թուրքիան Եվրոպական Միությունից: Դրակա՞ն օրակարգ», - երեկ հայտարարել է Եվրոպական Խորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորը՝ անդրադառնալով Ժողովրդադեմոկրատական կուսակցության դեմ տեղի ունեցող գործընթացներին։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ազգայնական դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (ծայրահեղական «Գորշ գայլեր» զինված խմբավորման քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին հինգշաբթի օրը ողջունել է գլխավոր դատախազի դիմումն ուղղված ՍԴ-ին՝ ասելով, որ կուսակցությունը պետք է փակվի, «այլևս երբեք չբացվի»: «Գորշ գայլերի» առաջնորդը նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունը «քաղաքական թիկնոցով քողարկված հանցավոր կազմակերպություն է»:
Կուսակցությունն արգելելու դատախազության նախաձեռնության ու Գերգերիօղլուին անձեռմխելիությունից զրկելու հետ կապված երեկ իր մտահոգություններն է հայտնել նաև Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության Արտաքին գործոց նախարար Անն Լինդեն։ «Խորապես մտահոգված եմ Թուրքիայում քաղաքական ընդդիմության ու նրա ներկայացուցիչների դեմ ձեռնարկվող միջոցառումներով, այդ թվում` ԺԴԿ-ն լուծարելու դիմումներով և պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատգամավորական անձեռնմխելիության վերացմամբ», - թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահը: