Եվրոպական Միությունը փորձում է նորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առաջարկելով վերանայել միգրացիոն գործարքը, որը, հավանաբար, կներառի ԵՄ փողի նոր ներարկում:
Գործարքը, որը կնքվել էր 2016-ին` հիմնականում Սիրիայից Թուրքիա ժամանող փախստականներին հյուրընկալել օգնելու համար, ավարտվել է դեկտեմբերի վերջին` 780 միլիոն եվրո արժողությամբ վերջին ութ պայմանագրերով: Համաձայնագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 6 միլիարդ եվրո:
Գրել է «Եվրանյուզը»։
ԵՄ առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վիճակը: ԵՄ գլխավոր դիվանագետ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նախքան հանդիպումը զեկույց կներկայացնի՝ անդրադառնալով երկու հարևանների միջև մի շարք հարցերի:
2020-ին ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվեցին, Էրդողանն ընդլայնեց ապօրինի հորատման հետախուզական աշխատանքներն Արևելյան Միջերկրական ծովում (սրելով հարաբերությունները ԵՄ ու ՆԱՏՕ անդամները Հունաստանի և Կիպրոսի հետ), խրախուսեց միգրանտներին ու փախստականներին հատել Հունաստանի սահմանը և առաջնորդեց միջազգային բոյկոտը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ:
Բորելի զեկույցով անդրադարձ կկատարվի այս թեմաներին դրական ու բացասական օրակարգի միջոցով: Դրականն այն է, որ միգրացիոն գործարքը վերաֆինանսավորելու հնարավորություն կլինի: Ներկայումս Թուրքիան ընդունում է ավելի քան 4 միլիոն փախստականի, որոնց ոչ մի անդամ պետություն չի սպասում շուտով ընդունել։ 1995 թվականից ի վեր Մաքսային միության արդիականացումն ու Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջների ազատականացումը նույնպես կդառնան երկխոսության ու համագործակցության խթանների մի հատվածը:
Բացասական օրակարգը հիմնված կլինի ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի վրա՝ որպես արձագանք Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմածովային գործողություններին, որն անցած ամառ լիարժեք դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց Աթենքի և Նիկոսիայի հետ: ԵՄ դիվանագիտության ղեկավարն արդեն կազմել է հավանական թիրախների ցուցակը, որոնք պետք է օգտագործվեն թուրքական պետության դեմ որպես զսպման գործիք:
Մարդու իրավունքների և քրդամետ Ժողովրդադեմոկրատայան կուսակցության (HDP [Halkların Demokratik Partisi / Partiya Demokratik a Gelan]) կուսակցության հետ կապված իրադարձությունները նույնպես կլինեն ԵՄ առաջնորդների ուշադրության կենտրոնում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մեծությամբ երրորդ կուսակցության գործունեությունն արգելվելու եզրին է, երբ Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազը գործ ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Partiya Karkerên Kurdistan / Kürdistan İşçi Partisi) զինյալ խմբավորման հետ կապերի վերաբերյալ: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը քննադատել են ընդդիմադիր ուժի դեմ թուրքական իշխանությունների այս գործողությունները։ Չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը HDP-ի հայտնի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին զրկել էր մանդատից`սոցցանցային հրապարակման մեջ «ահաբեկչական քարոզչություն» տարածելու համար:
Նախագահներ ֆոն դեր Լայենն ու Միշելը Թուրքիա այց են նախատեսում մարտյան գագաթնաժողովից հետո։
Մինչ օրս Թուրքիան մնում է ԵՄ անդամ դառնալու պաշտոնական թեկնածու, չնայած այս գործընթացը տարիներ շարունակ սառեցվել է էրդողանյան վարչակարգի ագրեսիվ գործողությունների ու տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին միջամտելու պատճառով։ ԵՄ-ն Թուրքիայի ներմուծման և արտահանման թիվ մեկ գործընկերն է, նաև ներդրումների աղբյուրներից մեկը:
Ֆոն դեր Լայենի, Միշելի և Էրդողանի միջև 45 րոպեանոց հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահականի հաղորդակցությունների վարչության տնօրեն Ֆահրեթթին Ալթունն ու նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Գրել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Երեկվա հանդիպումից հետո Թուրքիայի հաղորդակցության վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ ղեկավարները քննարկել են «Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը, գումարած՝ նաև տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի փոխադարձ քայլերը»:
«Էրդողանը ԵՄ ղեկավարներին ասաց, որ ակնկալում է, որ հաջորդ շաբաթվա ԵՄ գագաթնաժողովն արդյունքներ կտա Թուրքիա-ԵՄ կապերի շուրջ` ճանապարհ հարթելով կոնկրետ գործողությունների համար», - ասվել է հայտարարության մեջ։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Էրդողանը դաշինքի ղեկավարներին ասել է, որ գագաթնաժողովին ներկայացվելիք Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ զեկույցը պետք է արտացոլի օբյեկտիվ, կառուցողական տեսակետներ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ:
Թուրքիայի ղեկավարը, մատնանշելով համագործակցության ամրապնդման համար բարձր մակարդակի երկխոսության վերսկսման կարևորությունը, նշել է, որ Թուրքիայի և դաշինքի միջև 2016-ի միգրանտների գործարքի թարմացումը կարող է հիմք հանդիսանալ դրական օրակարգի համար:
«Էրդողանը նաև ընդգծել է ապաստան հայցողների կողմից Թուրքիայի վրա բեռի ավելացումն ու ճնշումն ու անկանոն միգրացիան», - ասվում է նախագահականի հայտարարության մեջ:
Կրկին առաջարկելով Արևելյան Միջերկրական ծովի թեմայով խորհրդաժողով անցկացնելը՝ նա ասել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա, որ «Աթենքն ու Կիպրոսի հույները չարաշահեն ԵՄ գագաթնաժողովը՝ «միության համերաշխության» պատրվակով»:
«Կիպրոսի հարցի համար իրատեսական տարբերակները պետք է քննարկվեն կղզու երկու կողմերի համար ապացուցված անարդյունավետ մոդելների փոխարեն», - նշել է Էրդողանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթելուց հետո առաջացած Կիպրոսի հակամարտությանը։
«Թուրքիան պահպանում և աջակցում է կայունությանն ու համագործակցությանը Արևելյան Միջերկրական ծովում ու Էգեյան ծովում՝ չնայած Աթենքի ու Կիպրոսի հույների սադրանքներին և ագրեսիային», - նշվում է հայտարարության մեջ:
Հետաքրքիր է, թե այս իրավիճակում ինչպես իրեն կդրսևորի ԵՄ շարժիչ համարվող Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որը երբեմն աչքի է ընկնում որպես Թուրքիայի դեմ հնարավոր սանկցիաների կիրառումը տապալող պետություն։ Փետրվարի 19-ին սահմանափակ պայմաններում տեղի ունեցած Մյունխենյան համաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն անդրադարձել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը, սակայն որևէ քննադատական խոսք չէր հնչեցրել Թուրքիայի հասցեին։ Եվ սա նաեւ պայմանավորված է Ռուսաստանի հետ Արևմուտքի լարված հարաբերություններով, ինչն էլ վերջինիս դրդում է Թուրքիայի հանդեպ առավել մեղմ վարվելակերպ որդեգրել։
Հատկանշական է նաև այն, որ Թուրքիան ինչ-որ չափով սիրաշահող քաղաքականություն է վարում Ռուսաստանի համար՝ բնականաբար հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերը։ Իսկ թե Եվրոպան ի՞նչ կանի հետո, ավելի կհստակեցնի մարտյան գագաթնաժողովից ու ԵՄ ինստիտուտների ղեկավարների՝ Թուրքիա այցելությունից հետո։ Ինչպես նաև պարզ կդառնա, թե որքանով ֆոն դեր Լայենի՝ «Սա ազդանշան է աշխարհին» արտահայտությունը միս ու արյուն կստանա։
