Հասարակություն

Վանաձորում տնօրենների թափուր հաստիքներ կան, իսկ մրցույթները ձգձգվում են

Վանաձորում տնօրենների թափուր հաստիքներ կան, իսկ մրցույթները ձգձգվում են

Նախադպրոցական ուսումնական հաստատության, այսինքն՝ պետական մանկապարտեզի կամ նախակրթարանի տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, ապա տնօրեն նշանակվելու համար թեկնածուն պետք է պարտադիր ունենա նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագիր: Վանաձոր համայնքում գործող 23 մանկապարտեզներից շատերը տնօրեն չունեն:

Օրինակ, Վանաձորի թիվ 24 մանկապարտեզն արդեն մեկ տարի է, ինչ տնօրեն չունի: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանն այս հարցը բազմիցս բարձրացրել է, թե ինչու մանկապարտեզներում տնօրեններ չեն նշանակվում: Ըստ նրա՝ այս ամենը կարող է ունենալ հետեւյալ բացատրությունը. «Տնօրեն կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել այն անձը, որն ունի ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված հավաստագիր: Այս պարագայում մենք հարցում ենք արել, եւ պարզվել է, որ մանկապարտեզների 2 աշխատակից ունեն այդ հավաստագիրը ու կարող էին նշանակվել տնօրենի պաշտոնին, սակայն համայնքապետը նպատակահարմար չի գտել նշանակել նրանց այդ պաշտոնին, այն դեպքում, երբ մանկապարտեզն ամիսներ շարունակ տնօրեն չունի: Ըստ երեւույթին, հունվար ամսին ԿԳՄՍՆ-ի կողմից անցկացվել է լիցենզավորման նոր գործընթաց, որում կային մարդիկ Վանաձորից: Եթե ատեստավորմանը մասնակցած անձինք ձեռք բերեն հավաստագիր, բնականաբար, նրանք կնշանակվեն: Խնդիրն այստեղ այլ է, այնքան ժամանակ են ձգում, մինչեւ իրենց ուզած մարդիկ հավաստագիր ունենան, նոր նշանակում անեն»:

Խոսելով մանկապարտեզների խնդիրներից՝ Քոթանջյանն անդրադարձավ նաեւ առաջիկայում կայանալիք ավագանու նիստին: «Վերջապես Վանաձորի համայնքապետարանը 1 տարվա ընթացքում որոշեց ավագանու նիստ հրավիրել: Օրակարգային հարցերը շատ են, սակայն օրակարգի հարցերից մեկն այն է, որ համայնքի 3 մանկապարտեզներում մսուր խմբեր ստեղծելու հարց է դրված, որը ենթադրում է նոր հաստիքների ստեղծում, սակայն այդ հարցում համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների սահմանափակում կա: Ուստի անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքի վրա պետք է ստեղծվեն այդ նոր հաստիքները»:

Վանաձորի համայնքապետարանի կրթության բաժնի պետ Քրիստինե Մադոյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ամիսներ շարունակ համայնքի մանկապարտեզների տնօրենի թափուր տեղերի համար մրցույթ չի հայտարարվում, արդյո՞ք դա օրենքի խախտում չէ։ «Նախ ասեմ, որ այս պահին աշխատող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարներն ունեն հավաստագրեր, դա օրենքի պահանջն է, որ մարդը չի կարող նշանակվել տնօրենի պաշտոնակատար, եթե չունի հավաստագիր: Քանի որ համայնքապատկան հիմնարկությունները շատ են, որոնց մեջ ոչ միայն մանկապարտեզներն են մտնում, մրցույթներն ընթացքի մեջ են, որ պետք է լինեն, այսինքն՝ 30 հիմնարկություն դեռեւս ընթացքի մեջ է, որ պետք է մրցույթ իրականացվի: Իսկ մրցույթի օրվա հետ կապված՝ չունենք ժամկետ, եթե կա էլ, կխնդրեմ աշխատակազմից ճշտել, սովորաբար մրցույթները քարտուղարության բաժինն է հրապարակում, մենք ընդամենը այդ հիմնարկությունները վերահսկողն ենք, իրենց պատշաճ աշխատանքների իրականացմանը հետեւելն է»:
Ավագանու առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը «Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» եւ «Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները վերանվանելու եւ կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին է: Համայնքի ղեկավարի ԺՊ-ն օրենքով նախատեսված իրավունք ունի՞ հաստիքներ փոփոխելու կամ ավելացնելու՝ հետաքրքրվեցինք Մադոյանից։ «Դրանք պիլոտային ծրագրով մանկապարտեզներ են, եւ կառավարության որոշում կա: Ավագանու որոշումն ավելի ցածր մակարդակ ունի, քան կառավարության որոշումը, դրա մասով կանոնադրության փոփոխություն է ակնկալվում, որպեսզի կարողանանք նման մանկապարտեզներում բացել մսուր խումբ»,- ասաց բաժնի պետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image