Հասարակություն

«Հրապարակ»․ Անգամ հազար մարդով, նույնիսկ 1 հոգով կարելի է իրավիճակ փոխել

«Հրապարակ»․ Անգամ հազար մարդով, նույնիսկ 1 հոգով կարելի է իրավիճակ փոխել

Ի՞նչն է ՀՀ քաղաքացուն այսօր մտահոգում․ այս հարցը տվեցինք փողոցով անցնող պատահական մի քաղաքացու՝ Կարեն Թովմասյանին։

- Մեր պետությունը, ժողովուրդը եվրոպական ժողովրդավարական արժեքների քողի տակ դանդաղ դառնում է ստրկատիրական պետություն։ Հասարակական տրանսպորտի օրինակով ասեմ՝ առավոտյան տեղ չկա, մարդիկ միմյանց հրմշտում  են, հոգնած են, իրար նեղացնում են։ Մարդու իրավունքների ոտնահարման տիպիկ օրինակ է սա։ Թանկացումները, որի ֆոնին թոշակները չեն բարձրացնում… սա անարդարություն է մեր երկրում։ Եվրոպական կոնվենցիաների համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ ապրելու իրավունք ունի, ինչը բացակայում է մեր երկրում, քաղաքացու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարվում են։ Միլիարդների պարտք են վերցնում՝ ժողովրդին առանց հարցնելու, ինչ որոշում են, անում են։ Սա հասարակության իրավունքների ոտնահարում է։ Վատն այն է, որ մարդիկ շատ դեպքերում չեն հասկանում, թե որն է իրենց քաղաքացիական իրավունքը։ Նախանշելով այս խնդիրները՝ կարող ենք հարյուր տոկոսով ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ստրկատիրական պետություն է։ Իշխանությունը չի պահպանում անգամ քաղաքացու՝ հայրենիք ունենալու իրավունքը։ Կիրանցի օրինակը բերեմ․ իշխանությունը հայտարարեց, որ կիրանցեցիները վճարվել են իրենց սեփականության համար, այն հողերի, որոնք հանձնվեցին Ադրբեջանին։ Բայց, ներողություն՝ հանձնված այդ տարածքները հայ ժողովրդի հողերն են, իսկ հայ ժողովուրդն իր համաձայնությունը երբեք չի տվել՝ դրանք Ադրբեջանին հանձնելու համար։ 

Այս թանկացումները բերելու են ամեն ինչի շղթայական թանկացումների։ Շրջանառության հարկն են բարձրացնում՝ 5-10 տոկոս, փոքր ու միջին բիզնեսին են խաբում։ Այս ամենն անում են, որ պարտք վերցրած միլիարդների տակից դուրս կան, պիտի մի կերպ փակեն, իսկ դա անում են մեր ժողովրդի հաշվին։ Սա է ստրկատիրությունը, երբ երկրիդ ղեկավարությունը ժողովրդին հաշվետու չէ։ 

- Իշխանափոխություն անելու եւ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ կա՞ հանրային ընկալում։

- Արդեն չորրորդ տարին է բոլորում՝ Արցախը հանձնելուց հետո, որեւէ նորմալ երկրում հանձնող իշխանությունը չէր կարող շարունակել պաշտոնավարումը։ Մեր երկրում չկա քաղաքական ընդդիմություն՝ բացառելով, իհարկե, մեկ-երկուսին, որոնց ճշմարիտ խոսքին ես հավատում եմ։ Եթե լիներ ընդդիմություն, մենք այս վիճակին չէինք լինի։ Արցախի հանձնումից հետո ընտրություններին ընդդիմադիր դաշտը 33 անգամ պառակտվեց՝ կարծեցյալ կուսակցություններով, եւ փոշիացվեցին ընդդիմադիր ձայները։ Շարունակ մեղադրում են ժողովրդին, թե չենք միավորվում, բայց իրենք չեն կարողանում միավորել։ Հասարակությանը միավորելու իրենց տեխնոլոգիաները չեն աշխատում։ Արշակ թագավորը ստեղծել էր Արշակավան քաղաքը, կարգել իր ներկայացուցչին՝ դժգոհներին կառավարելու համար։ Եթե մեր երկրում լիներ իրական ընդդիմություն, էս իշխանությունը չէր գոյատեւի։ Մեր հասարակությունը պետք է հետեւություն անի՝ այլեւս յուրաքանչյուր ոք ինքն է ընդդիմությունը։ Ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում, վաղը որ ԱԺ մեծամասնությունը՝ ՔՊ-ն, որոշեց, որ ամբողջ ազգով կանգնելու ենք մեկ ոտքի վրա, կանգնելու են։ Ասում են՝ մեզ ընտրել եք, ինչ կուզենք՝ կանենք։ Դրա համար եմ ասում՝ սա ժողովրդավար երկիր չէ, ժողովրդավարության անվան տակ գնում ենք դեպի ստրկատիրական հասարակարգ։

Վերադառնանք իշխանափոխությանը։ Դա անելու հանրային ընկալում, իհարկե, կա, բայց մենք հույսներս դնում ենք ընդդիմության շարժումների վրա, որոնք գնում են փակուղի։ Այսպես չի կարող շարունակվել։ Ասում են՝ 50 հազար մարդ հավաքվի՝ մի բան կլինի։ Գիտե՞ք ինչ կա, անգամ հազար մարդով կարելի է իրավիճակ փոխել, նույնիսկ մեկ հոգով կարելի է իրավիճակ փոխել։

Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image