Արդեն մեկ ամիս է, ինչ ուսումնական տարին մեկնարկել է, բայց էլեկտրոնային մատյանի, ուսումնական պլանների եւ ուսումնական մի շարք այլ գործընթացների հետ կապված հարցերը մանկավարժների շրջանում դեռ պարզաբանումների կարիք ունեն։
ԿԳՄՍ նախարարի ֆեյսբուքյան վերջին գրառման տակ շուրջ 5 հարյուր մեկնաբանություն էր արվել, որոնց թվում հատկապես ուսուցիչների համար խիստ մտահոգիչ է էլեկտրոնային մատյանների հարցը: Ինչպես մասնագետներից մեկն էր արդարացիորեն նկատել՝ ուսուցչական բոլոր խմբերում խուճապի հասնող հուսահատ վիճակ է:
Աշխեն Զուրաբյան օգտատիրոջ գրառումը՝ ուղղված նախարարին, հազարից ավելի հավանում է ստացել, որում մասնավորապես ասված է․ «Լավ կրթություն տալու համար մանկավարժներին հնարավորինս պետք է աջակցել, շահագրգռել, ՉԾԱՆՐԱԲԵՌՆԵԼ, որ հասցնեն հավուր պատշաճի դասը կազմակերպել… ԲԱՅՑ… 2021թ․ հետո ՀՀ կրթական համակարգում օրեցօր տեղի ունեցող «բարեփոխումներ» ասվածն իրականում կրթական՝ առանց այն էլ կիսախարխուլ համակարգը փլուզում է ․․․․ դասագրքեր, որոնց որակի մասին լռել է պետք, հղումներ ․․․ ծնողը երեխային էկրանից հետ պահելու փոխարեն ստիպված է դասը պատրաստելու համար ապահովել գաջեթով ․․․․․ գերծանրաբեռնված ծրագրեր՝ գերհագեցած դասաժամերով, ավերվող նյարդեր, քայքայված տեսողություն, անտարբեր ու հիասթափված, գրեթե ոչինչ քաղել չհասցնող երեխաներ, անբովանդակ ու անիմաստ օնլայն վերապատրաստումներ․․․ 2024 թ․ մեր օրեր ․․․․ անիմաստ ու հոգնեցնող փոփոխություններին գումարվեց հեղինակավոր ԷԼ․ ՄԱՏՅԱՆԸ՝ իր պոզուպոչով լրացման կարգերով․․․ Որքա՜ն պիտի ատես դպրոցն ու կրթությունը, որ անհագ կերպով ծանրաբեռնես ու մզես մանկավարժներին․․․ նման ծրագրի հեղինակները թերեւս 1 ժամ դպրոցում չեն աշխատել, բայց այնպիսի պլաններ են իրագործում, որոնք հնարավորինս նսեմացնում են մանկավարժին ու նրա աշխատանքը ․․․․ օրական 1 դասաժամի համար 7-10 քայլ պահանջող անիմաստ գրագրություն, որը ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՎՐԱ հաստատ ԴՐԱԿԱՆ ազդեցություն չի թողնելու, քանզի նոր դասին պատշաճ պատրաստվելու փոխարեն ուսուցիչը պիտի մտածի ՁԵՎԱԿԱՆ գրանցումները հասցնելու մասին։ Այս ամենը թերեւս մի քանի նպատակ ունի․
1․ դպրոցի աշխատանքը ծանրաբեռնելու շնորհիվ մանկավարժներին հեռու պահել անորակ դասագրքերի եւ այլ նյութերի վրա կենտրոնանալուց եւ թերությունները մատնանշելուց, հարկ եղած դեպքում՝ բոյկոտելուց
2․ նվիրյալ ու աշխատասեր մանկավարժներին քաղաքակիրթ ձեւով ստիպել դուրս գալ դպրոցից, քանզի արած աշխատանքը եւ տրված վարձատրությունը, մեղմ ասած, անհամեմատելի են
3․ մանկավարժին ստիպել դասի նորմալ ու հետաքրքիր պլանավորման փոխարեն կենտրոնանալ խզբզոցի վրա՝ անկախ այն հանգամանքից, որ թղթաբանորեն ամեն ինչ տեղը լինի, բայց արդյունքում երեխան ոչինչ չվերցնի․․․․
4․ ունենալ անգրագետ, արժեքներ չունեցող, չմտածող, անուս, չենթարկվող ու կառավարելի սերունդ, ինչը կլինի աղետաբեր պարզապես
5․ ուսուցչին զրկել տարրական հանգստի իրավունքից՝ ստիպելով բառացիորեն աշխատել ոչ թե 8-ժամյա գրաֆիկով, այլ՝ 18-ժամյա, եւ արդյունքում ունենալ 0 որակ։
Շարքն անվերջանալի է, առայժմ՝ այսքանը։
Հարգելի ղեկավարություն, ուսուցիչը մարդ է, ով 1000 ու մի հոգս կարող է ունենալ, ընտանիք, երեխա, ծնողներ, դպրոցից դուրս այլ աշխատանքներ, ու նրա առաքելությունը գրոշների դիմաց դպրոցում առողջության ու նյարդերի հաշվին ճգնելը չէ, այլ՝ սերունդ կրթելն ու անհատ ձեւավորելը, որը ներկա կրթական համակարգի պայմաններում գրեթե անհեռանկարային է ․․․․ մի՛ խեղդեք ուսուցչին անիմաստ գրախզբզոցով, մի՛ քայքայեք ուսուցչի` առանց այն էլ քայքայված նյարդային համակարգը․․․։
Տիկին նախարար, սա այն հավաքական կարծիքն է, որը ես եմ իմ էջում գրել, ինձ հետ շատ մանկավարժներ են համաձայն, բոլորիս մոտ այս համոզմունքն է։
Իսկապես, ժամանակի կառավարումը բարդանում է զուտ այսքան գրագրության պատճառով … վերանայե՛ք որոշումը։ Ի դեպ, եռօրյա ժամկետը շատ քիչ է, որ հասցնենք գնահատել, գոնե 7 օր բաց մնա..․, սա եւս նկատի ունեցեք»։
Դժգոհության այս ալիքից հետո եւ առկա խնդիրներին լուծում տալու նպատակով նախօրեին ԿԳՄՍ նախարարությունն առցանց հարթակում կազմակերպել էր հանդիպում, որին միացել էին կրթական ոլորտի պատասխանատուները, մանկավարժները, բայց համացանցում ուսուցիչների գրառումներից ակնհայտ էր, որ նրանց դժգոհություններն այս անգամ էլ չեն փարատվել։