Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին ու մեծ պատերազմը Եվրոպայում սկսված է: Մի կողմում Ուկրաինան է եւ նրա կողքին կանգնած ողջ Եվրոպան ու քաղաքակիրթ աշխարհը: Մյուս կողմում միայնակ կանգնած Ռուսաստանն է, ավելի ստույգ` Վլադիմիր Պուտինը, որը եղբայրասպան պատերազմ է սանձազերծել: Իհարկե դժվար թե Պուտինը ցանկանա Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը սպանել կամ վնասել: Չեմ կարծում նա կցանկանա նույնիսկ շինություններ կամ քաղաքներ Ուկրաինայում ավերել: Բայց փաստ այն է, որ նա 2022 թվականի փետրվարի 24-ին, իր հիվանդագին մտասեւեռումները կյանքի կոչելու համար եղբայրական ժողովրդի վրա հարձակում է սանձազերծել:
Թեեւ ՌԴ նախագահը փետրվարի 24-ի լուսաբացին 5:30-ից հեռարձակված իր կեսժամյա ելույթում Դոնբասի բնակիչներին ցեղասպանությունից փրկելու մասին է խոսել եւ այդ հիմքով պատճառաբանել իր կողմից տրված հատուկ ռազմական գործողություն սկսելու հրամանը, ելույթի ավարտից անմիջապես հետո սկսվել է ռուսական զինուժի տոտալ հարձակումը Ուկրաինայի վրա բոլոր չորս ուղղություններով: Հրթիռակածումների առաջին թիրախներից են դարձել Դոնբասից բոլորովին հեռու, երկրի հակադիր կողմում գտնվող Կիեւը, Խարկովը, Լվովը եւ այլ քաղաքներ (ընդհանուր առմամբ շուրջ երկու տասնյակ):
Քաղաքացիական բնալչությունը Խարկովում, օրինակ, պատսպարվել էր մետրոպոլիտենի կայարաններում, Կիեւից մարդիկ հարյուրավոր մետր ձգվող շարասյուներով աշխատում էին դուրս գալ: Օրվա կեսին ուկրաինական կողմից մոտ հիսուն զոհի մասին էր հայտնվում: Երեկոյան դրությամբ ասում էին, որ ամենից լարված ռազմական գործողությունները ընթանում են Օդեսայում: Զուգահեռաբար Ռուսաստանի շուրջ 40 քաղաքներում հակա-պատերազմական կոչերով ցույցեր էին կայացել, որ ոստիկանությունը ուժի կիրառմամբ, ձերբակալություններով փորձել էր ցրել:
Եվրոպայում համարյա բոլոր առաջնորդները խոսեցին եւ ՌԴ գործողությունները գնահատեցին հարձակում ոչ միայն Ուկրաինայի, այլ առհասարակ Եվրոպայի դեմ, Եվրոպայի խաղաղության, Երկրորդ համաշխարհայինից ի վեր հաստատված աշխարհակարգի դեմ, ինչի համար Պուտինը եւ նրա ռեժիմը պետք է պատժվեն, Ռուսաստանի տնտեսությունը պետք է այնպիսի տնտեսական ճնշման ու փլուզման ենթարկել, որ այլեւս շատ երկար Պուտինը պատերազմ ֆինանսավորելու միջոցներ չունենա:
Պարզ է, որ ինչպես Պուտինը քայլ առ քայլ գնում էր դեպի պատերազմ, եւ գործնականում չկար լծակ, որի գործադրմամբ Արեւմուտքը կարող էր նրա ընթացքը կասեցնել, այդպես էլ Արեւմուտքից զգուշացրել են, որ պատժամիջոցներով կփլուզեն ու կկործանեն Ռուսաստանի տնտեսությունը, ինչը կբերի սոցիալական ու քաղաքական փլուզման, ճիշտ ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում եղավ: Եվ այդտեղ էլ Պուտինը որեւէ լծակ չունի Արեւմուտքի պատժամիջոցների վրա ազդելու կամ կանխելու:
Ընտրությունը Պուտինն է կատարել, նա է հարձակվել հարեւան խաղաղ երկրի վրա, առանց` պատճառի եւ արդարացման, գուցե նաեւ իր ռեժիմի բազմաթիվ պաշտոնյաների համար անսպասելի կերպով, իսկ հետեւանքները կրելու է Ռուսաստանը, գուցե Պուտինի իշխանությունից հեռանալուց հետո էլ դեռ երկար ժամանակ: Կարճաժամկետ հեռանկարում իրատեսական է թվում, որ Պուտինը կարողանա մուտք գործել Կիեւ, գահընկեց անել Զելենսկու կառավարությանը, անեքսիայի ենթարկի Դոնբասը եւ ցամաքային կապ ստեղծի Ղրիմի հետ:
Բայց կյանքը թատրոն չէ, որ վարագույրը իջնի եւ գործողություններն ավարտվեն, որտեղ նախագահ Պուտինը կցանկանար: Ի՞նչ է լինելու մի քանի ամիս հետո, երբ Ռուսաստանում ոչ միայն զոհեր հուղարկավորեն, այլեւ 1990-ականների ինֆլացիայի, դեւալվացիայի, համարյա սովի իրադրությունում հայտվեն, երբ համաշխարհային տնտեսությունից դուրս մղված լինեն: Կամ եթե ԽՍՀՄ-ը իր տոտալ ճնշման, պետական գիլյոտինի համակարգով Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո մինչեւ 1950-ականների վերջը չէր կարողանում бандеровцы-ների դիմադրությունը կոտրել, շարժումը չեզոքացել, փլուզման դատապարտված Ռուսաստա՞նը պիտի կարողանա դա անել: Պուտինի սանձազերծած պատերազմը ոչ միայն бандеровцы-ների սերունդներին եւ արեւմտյան Ուկրաինան, այլեւ արեւելյան Ուկրաինան է հեռացնելու Ռուսաստանից:
Մինչ այս պահը Արեւմուտքի պատժամիջոցները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից դեռ հստակ չեն հայտարարվել, բայց դատելով Համայնքների պալատում ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի ելույթից ռուսական բոլոր բանկերի արեւմուտքում ունեցած միջոցներն են ամբողջովին սառեցվում` մոտ 1 տրիլիոն դոլարի չափով, ռուսական վառելիքից, գազից եւ նավթից Արեւմուտքը պատրաստվում է հրաժարվել, ռուսական ֆինանսական հաստատություններն են SWIFT համակարգից անջատվում, Աերոֆլոտի վայրէջքներն են Մեծ Բրիտանիայի (ենթադրելի է` նմանապես Եվրոպայի) տարածքում արգելվում, արգելվում է բոլոր բարձր տեխնոլոգիների, դրանք կրող առարկաների, նավթի վերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան, եւ այլն: Պատժամիջոցների ամբողջական ցանկը եւ ենթադրվող հետեւանքները կներկայացնենք վաղը: