2024-ի նոյեմբերին այնքան էական իրադարձություններ կատարվեցին աշխարհում, որ թվում է, թե 2024-ն ամփոփելիս, հատկապես Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, գլխավորապես նոյեմբերի իրադարձություններին են անդրադառնալու։
Ամսվա առաջին էական իրադարձությունը Մոլդովայի նախագահական ընտրությունն էր՝ նոյեմբերի 3-ին, որն ավարտվեց պրոեվրոպական թեկնածուի՝ գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակով։ Չնայած Ռուսաստանից միջամտություններին, երթուղային տաքսիների փոխարեն Մոսկվա-Բաքու-Քիշնեւ, Մոսկվա-Անկարա-Քիշնեւ չվերթներով ընտրողներ տեղափոխելուն, Ռուսաստանում գտնվող անձանց կողմից Մոլդովայում ընտրակաշառք խոստանալ-ներկրել-բաժանելուն, վերջնահաշվում Սանդուն ստացավ քվեների 56%-ը՝ պարտության մատնելով պրոռուսական թեկնածուներին։ Սանդուի հաղթանակն Ուկրաինայի եւ Մոլդովայի եվրաինտեգրման ընթացքը դարձրեց այլեւս անխոչընդոտ եւ անշրջելի։
Նոյեմբերի 5-ին կայացան ԱՄՆ նախագահի, նաեւ՝ Սենատի եւ Կոնգրեսի 1/3-ի ընտրությունները։ Թրամփը վերընտրվեց շնորհիվ նրա, որ դեմոկրատները զգալի թվով կողմնակիցներ էին կորցրել՝ շուրջ 7 միլիոն։ Թրամփն ինչքան էլ մերժելի լիներ, Քամալա Հարիսն ավելի մեծ թվով ամերիկացիների թվաց անընդունելի․դեմոկրատների «պրոգրեսիվ» հոսանքի մերժումն էլ իր դերը կատարեց։ Սակայն թեկնածուների անձերից, կուսակցությունների գրանցած արդյունքներից անհամեմատ ավելի էական է այն, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն նշանակում է ամերիկացիների կենտրոնացում ներքին խնդիրների վրա, ինչը սկզբնավորում է ամերիկյան հեգեմոնիայի վերջաբանը միջազգային ասպարեզում։ Իհարկե, ԱՄՆ հզորությունը կարեւոր է Չինաստան, Ռուսաստան եւ մնացյալ ավտորիտար ռեժիմներին զսպելու համար, բայց համաշխարհային առաջնորդությունը պետք է պատկանի Արեւմտյան Եվրոպային, ինչպես եղել է հազարամյակներ։ Այս տրանսֆորմացիան առաջիկա տարիներին սպասելի է, որ դառնա համաշխարհային քաղաքականության լեյտմոտիվը։
Հաջորդ կարեւոր ու ցավալի իրադարձությունը 2024-ի նոյեմբերի 20-ին ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա սահմանագծի հատումն էր. ի պատասխան հյուսիսկորեական զինուժը ռուս-ուկրաինական պատերազմում ներգրավելուն, Վաշինգտոնը 2024-ի նոյեմբերին Ուկրաինային պաշտոնապես թույլատրեց ամերիկյան զինատեսակներով հրթիռակոծել ՌԴ տարածքը։ Իսկ նրանից հետո, երբ նախագահ Պուտինը, խմբագրելով ՌԴ պաշտպանական դոկտրինը, սպառնաց, թե ՌԴ-ին հարվածելու դեպքում միջուկային զենք կկիրառի, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արտոնեցին, որ իրենց տրամադրած հեռահար հրթիռներով նույնպես Կիեւը ՌԴ տարածքին հարվածի։ Եթե Պուտինին թվում էր, թե սպառնալիքներով պիտի Եվրոպային վախեցնի՝ պատասխանը ստացավ։ Նոյեմբերին արձանագրված ռուսական ռուբլու փլուզումն էլ լրացուցիչ պատասխան էր եւ հիշեցում ՌԴ տնտեսության ծանր վիճակի մասին, որն ընթանում է նույն ուղիով, ինչ ԽՍՀՄ տնտեսությունը՝ աֆղանական պատերազմում։ Դժվար թե ՌԴ-ն ԽՍՀՄ ճակատագրից խուսափի, եթե իրերի ընթացքն այսպես շարունակվի։
Մերձավոր Արեւելքում ICC-ի՝ Միջազգային քրեական դատարանի կողմից 2024-ի նոյեմբերին Իսրայելի վարչապետին ու պաշտպանության պաշտոնաթող նախարարին ձերբակալելու կարգադրության արձակումն էական հանգրվան էր մեկ տարուց ավելի ձգվող պատերազմական մղձավանջում։ Այսօր Իսրայելի իշխանությունները նույն կարգի քրեական հանցագործներ են՝ մարդկության դեմ հանցագործություններում մեղադրվող, ինչպես ժամանակին հրեաների դեմ հանցագործությունների համար էին մեղադրվում։ Թե Իսրայելի իշխանությունների միջազգային վարկաբեկումն ու հանցագործ համարելն ինչ դեր կատարեց, դժվար է ասել, բայց Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի հաստատումը դրանից ընդամենը օրեր անց եղավ։ Հայերի համար սա շատ էական է, որովհետեւ, ինչպես Հայաստանում Լիբանանի նախկին դեսպաններից մեկն էր ասել․ «Բեյրութը հայության երկրորդ մայրաքաղաքն է»։ Դժվար է ասել՝ արեւմտահայության հոգեւոր, կրթական, մշակութային, կրոնական ժառանգության նյութական եւ ոչ նյութական արժեքներ ավելի շատ Կ․ Պոլիսո՞ւմ կան, թե՞ Բեյրութում, բայց Հայաստանից հետո Լիբանանը երեւի ամենից թանկ եւ կարեւոր երկիրն է հայության համար՝ ողջ աշխարհում։
Վերջապես, մեր տարածաշրջանում նոյեմբերի 11-22-ը Բաքվում գումարված COP համաժողովի ցուցադրական բոյկոտումը համաշխարհային առաջնորդների կողմից, հատկապես՝ արեւմտյան երկրների, դուրեկան էր։ Համաժողովի ոչ մի հաջողություն չգրանցելը, մինչեւ վերջին օրը անգամ հայտարարության տեքստ համաձայնեցնելու անկարող լինելն օրինաչափ էին։ Այդուհանդերձ, պատասխան չգտավ հարցը, թե Հայաստանը, ավելի ստույգ՝ ազգային պատուհաս Նիկոլ Փաշինյանն ինչու էր համաձայնություն տվել եւ վետո չէր դրել Բաքվում ՄԱԿ կլիմայական համաժողով գումարելու որոշման վրա։ Տեսնես իր ողորմելի գեղջկական շուստրիությամբ ի՞նչ էր իբր հաշվարկել, որ վերջնահաշվում չարդարացավ։
Լավ է գոնե, որ Հայաստանի եվրաինտեգրման ընթացքը Փաշինյանից կախված չէ։ Այս պահին Հայաստանում եվրաինտեգրման ուղղությամբ ոչ մի շոշափելի տեղաշարժ չկա, ինչպեսեւ՝ Վրաստանում։ Թեեւ Վրաստանի վարչապետը նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ Թբիլիսին մինչեւ 2028թ․ իր օրակարգից հանում է ԵՄ անդամակցության բանակցություններ բացելու հարցը, իրականում այդ մասին ավելի վաղ ասվել էր Բրյուսելից տարածված ԵՄ ընդլայնման տարեկան զեկույցում։ Պարզ է, որ Բրյուսելը որ պահից որոշի բանակցային բաժինները բացել, այդ պահից Թբիլիսին էլ նույնը կորոշի, մանավանդ երբ Թբիլիսիի անխախտ ու վերստին հաստատված նպատակը 2030-ին ԵՄ անդամ դառնալն է։ Ուղղակի հարցն այն է, որ Վրաստանը երբեք ԵՄ անդամ չի դառնա առանց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու։ Հարավային Կովկասի ինտեգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին կարող է իրականանալ միայն Վրաստանի եւ Հայաստանի միաժամանակյա ինտեգրումով, իսկ այդտեղ հիմնական խնդիրները Վրաստանում չեն, այլ՝ Հայաստանում։ Պարզապես ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի ներկա իշխանությունները ԵՄ-ին նախընտրելի գործընկեր չեն թվում՝ այդ ուղին անցնելու համար։ Երեւի թե 2 երկրում էլ պետք է լինեն փոփոխություններ։