«Ուզում եմ Իրանի ամենաուժեղ կինը լինել, մինչեւ հիմա կարծում եմ՝ կարողացել եմ» ,- մեծ բեմերում իր յուրօրինակ արվեստը ներկայացնելուց բացի իրանահայ Քարոլին Խոդադյանն այսպիսի երազանքներ ունի։
Մեր հայրենակցուհին Թեհրանում ճանաչված արվեստագետ է՝ գլխավոր դերեր է խաղում իրանական թատրոնում՝ ներկայացումներում սոլո բեմադրում է իր ստեղծած բացառիկ ոճը՝ իրանական Սամա պարի՝ սուֆիական պտույտների ու իսպանական Ֆլամենկոյի միաձուլման արդյունքում ծնված Սամամենկոն, որը յուրահատուկ հմայք է ստանում, երբ համադրվում է հայկական պարարվեստի ձեռքի շարժումներով։
Իրանական Mehr գործակալությունը հայուհու մասին պատմող հոդվածն այսպես է վերնագրել․ «Հայ դերասանուհին ընտրում է հաջողությունը՝ պահպանելով երկրի օրենքները»։ Քարոլին Խոդադյանը Իրանում առաջին կինն է, որ հեղափոխությունից հետո սոլո ներկայացումներ է ունեցել, ինչը իրանական հասարակության մեջ համարձակ քայլ է՝ Իրանում առկա սահմանափակումները հաշվի առնելով։ Քարոլինի բեմական հագուստները ծանր են, մի քանի շարք շրջազգեստի փեշերը 3-4 կգ-ի են հասնում։ «Պտույտները բարդ են, ժամսլաքին հակառակ, ձախ ոտքդ պետք է շատ ուժեղ լինի, որ կարողանաս»,-պատմում է հայուհին։
Քարոլին Խոդադյանի ստեղծագործական կյանքի հաջողություններից մեկը «Կատյուշա» ներկայացումն էր։ Թեհրանի «Շահրզադ» թատրոնում Ֆարշադ Առջի և Արաշ Դավուդիի բեմադրած այս ներկայացման մեջ Խոդադյանը մարմնավորել է պատերազմի աստվածուհի Կատյուշային։ Բեմում հայուհին սիմվոլիկ կերպով ներկայացնում է «ուժերի պայքարը»՝ «ո՛չ պատերազմին» ուղերձով։
Երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը Քարոլինի մոտ դեռ երեք տարեկանից են դրսեւորվել, հենց այս տարիքից սկսել էլ պարել։ Նաեւ դաֆ է նվագում։ Նա վարպետաց դասեր է անցկացնում Իրանում, նկարահանվել է նաեւ ֆիլմում, որը շուտով հանդիսատեսի դատին կներկայացվի։ Մեկ տարի առաջ Քարոլինը իսպանացի արտիստից Իսպանիայում համատեղ ելույթի հրավեր է ստացել, բայց տեխնիկական պատճառով չի կարողացել մեկնել։
«Հրապարակ»-ին Քարոլին Խոդադյանը պատմել է իր արվեստի, ներշնչանքի ու ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու վտանգավոր դրվագների մասին, օրինակ, թե ինչպես ներկայացումներից մեկի ժամանակ գլխաշորը, որ պարտադիր է կրել, քիչ էր մնում ընկներ։
Տեսանյութում Քարոլին Խոդադյանի հետ զրույցից բացի, Սամամենկոյի շքեղ կատարում է «Կատյուշա» ներկայացումից։
Մանրամասն՝ տեսանյութում

