«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։
- Միջազգային մամուլը տարածում է Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովին պետք է մասնակցեն նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Կրեմլում դրան վերապահումով են արձագանքել՝ հիշեցնելով, որ նախորդ համաժողովն էլ խաղաղության մասին չէր:
- Ես հասկանում եմ, որ այսօր աշխարհում խաղաղության, ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման էական պահանջ կա։ Գիտեմ, որ աշխարհում ընդունված է ճնշում գործադրել պատերազմի ավելի թույլ մասնակցի վրա։ Այնուամենայնիվ, ինձ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարվի Կիեւի մանկական հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումից հետո: Ես չգիտեմ, թե Ռուսաստանի որ ներկայացուցիչներն են լինելու հաջորդ համաշխարհային գագաթնաժողովին: Ավելին, ես հասկանում եմ, որ Ռուսաստանի տրամադրությունը չի նպաստում բանակցային գործընթացին: Ակնհայտ է, սակայն, որ Վլադիմիր Զելենսկին ավելի մեծ ծավալի տեղեկատվության է տիրապետում: Այդուհանդերձ, միայն պրակտիկան է ճշմարտության չափանիշը։
- Լոնդոնում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ համաժողովին Ուկրաինայի նախագահը հայտարարեց, թե Պուտինին չի հաջողվել պառակտել Եվրոպայի միասնությունը՝ ակնարկելով, որ Հունգարիայի վարչապետը Մոսկվայի հետ գործակցելու նկրտումներ է դրսեւորում․ ակնարկն Օրբանի՝ խաղաղության ծրագրին է վերաբերում:
- Ես հասկանում եմ Օրբանի տրամաբանությունը՝ նա ձգտում է ինքնահաստատվել որպես համաշխարհային քաղաքական գործիչ, մի շարք պատճառներով: Առաջինն այն է, որ ցանկանում է ավելի շատ եվրոպական միջոցներ ստանալ զարգացման համար։ Ի դեպ, ոչ միայն եվրոպական, այլեւ չինական՝ գումարած ռուսական էներգառեսուրսները։ Երկրորդը․ ցանկանում է դառնալ Թրամփի գլխավոր դաշնակիցը եվրոպական ասպարեզում, եթե վերջինս ընտրվի ԱՄՆ նախագահ։ Երրորդ․ երեկվա դաշնակից Պետեր Մադյարի քաղաքական ճնշումն Օրբանին ստիպում է արագացնել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք պետք է կայանան 2026 թ․ գարնանը։ Հունգարիայի ԵՄ նախագահությունը 2024 թ․ երկրորդ կեսին լուրջ մարտահրավեր կդառնա ԵՄ-ի համար եւ պետք է սկիզբ դնի քննարկումների՝ ոչ այնքան ԵՄ կառուցվածքի, որքան ամբողջ Եվրոպայում բարու եւ չարի պայքարի շուրջ։
- Ուկրաինան չի կարող ուժով հետ նվաճել Ռուսաստանի օկուպացրած տարածքները, ուստի բանակցությունների հույս ունի՝ ասել է Զելենսկին BBC-իի հարցազրույցում: Կարո՞ղ ենք սա դիտարկել Կիեւի՝ ՌԴ-ի հետ երկխոսության պատրաստակամության հայտ:
- BBC-ի հարցազրույցը վերջնական ճշմարտություն չէ, պարզապես ընդունված է գնահատել քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները: Ինչո՞ւ են այսօր մոռացվել Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան մտադիր է վերականգնել 1991 թ․ սահմանները։ Ես կարծում եմ, որ դա սխալ է: Ուկրաինայի նախագահը, որքան հասկանում եմ, ստիպված է հաշվի առնել ուկրաինական հասարակության շահերը, որը դաժան պայքար է մղում ագրեսորի դեմ։ Այնուամենայնիվ, այն, թե ինչպես սովորական կիեւցիներն անհապաղ գործի անցան՝ մաքրելու Охматдет-ի ավերակները՝ հիվանդանոցի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո, ինձ ցույց է տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիների բարոյակամային որակները բարձր մակարդակի վրա են: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երկխոսությունը հնարավոր է երկու կողմերի պատրաստակամ լինելու դեպքում, իսկ Պուտինն առայժմ միայն ցույց է տվել վերջնագրեր ներկայացնելու իր պատրաստակամությունը։
- Նաեւ նշել է, որ բանակցությունների համար Մոսկվայի պատրաստակամությունը կախված է Կիեւի արեւմտյան գործընկերներից, թերեւս նկատի ունի քաղաքական ճնշումը։ ԱՄՆ-ում էլ պնդում են, թե չեն կարող պարտադրել Կիեւին՝ գնալ բանակցությունների: Երկիմաստություն չկա՞ այստեղ, Զելենսկին գուցե առաջին անգամ ակնարկում է ՌԴ-ի հետ երկխոսության մասին:
- Ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ առանց Ուկրաինայի մասնակցության անհնար է բանակցություններ վարել Ուկրաինայի վերաբերյալ։ Այս սկզբունքը պահպանվում է այսօր եւ, հուսով եմ, կպահպանվի նաեւ ապագայում։ Ուկրաինան գիտի՝ ինչպես պաշտպանել իր շահերը եւ տապալել իր համար անբարենպաստ կանխատեսումները. հիշեք, թե ինչ էին ասում Ուկրաինա ռուսական ապագա ներխուժման հետեւանքների մասին 2022 թ․ փետրվարի 24-ի նախօրեին:
- Գագաթնաժողովի շրջանակում բավականին ուշագրավ պատկեր եղավ. լրագրողները ֆիքսել էին Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների կարճ ու մտերմիկ զրույցը: Զրույցը, ըստ էության, ընթանում էր Պուտինի դաշնակից Ալիեւի եւ Պուտինի դեմ պայքար մղող Զելենսկու միջեւ: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ խոսակցության մասին:
- Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բնույթը՝ ես հասկանում եմ Ձեր հարցի տրամաբանությունը։ Երկու նախագահների զրույցի մեջ Հայաստանի համար դրամատիկ ոչինչ չեմ տեսնում: Եվ ես անկեղծորեն կցանկանայի, որ նրանք քննարկեին Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղիները։
- Հարցս ռուսական գործոնի վերաբերյալ էր, ասել է թե՝ ժամանակակից աշխարհում հնարավո՞ր է, որ «իմ թշնամու բարեկամը կարող է լինել իմ բարեկամը»:
- Ձեր հարցին հարցով պատասխանեմ. եթե Փաշինյանը բազմիցս խոսել է Պուտինի հետ, Զելենսկին նույնպես չպե՞տք է խոսեր Հայաստանի վարչապետի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի առճակատումը Զելենսկու համար պատճառ չէ, որ խոսի ե՛ւ Ալիեւի, ե՛ւ Փաշինյանի հետ: