ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, կառավարությունն այսօր որոշեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ԱԻՆ-ն հատկացված միջոցները վերաբաշխել եւ ԱԻՆ փրկարար ծառայության ընթացիկ ծախսերից ավելի քան 7,5 միլիոն դրամ հատկացնել «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անգարի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի թարմացման համար:
Ի տարբերություն անցյալը սեւացնելու թավշյա գործելաոճի, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանի ղեկավարած ԱԻՆ-ը որոշման հիմնավորման մեջ գրել է, որ անգարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են 2017 թվականին: Այսինքն՝ այլ բառերով, բայց խոստովանել է, որ 2018-ին իշխանություն դարձած թավշյաներն են փնթի աշխատել ու պատրաստ փաստաթղթերի առկայության պարագայում շինարարության համար միջոցներ չեն հատկացրել: Հենց թավշյաները սահմանեցին սկզբունք՝ կարեւորը պարգեւավճարն է, աշխատանքի հերն էլ անիծած: Ու հենց այս թավշյա տրամաբանության արդյունքում, պետությունը պետք է վճարի միլիոններ ու արվի մի աշխատանք, որն արդեն արված էր, որը չի շարունակվել հենց թավշյա իշխանության մեղքով:
Արմեն Փամբուխչյանը 2018-ից հետո նշանակված 4-րդ ԱԻ նախարարն է Հրաչյա Ռոստոմյանից, Ֆելիքս Ցոլակյանից, Անդրանիկ Փիլոյանից հետո: Նախարար է նշանակվել օրեր առաջ՝ ապրիլի 12-ին: Դրանից առաջ՝ 1,5 տարի՝ 2020-ի սեպտեմբերի 24-ից արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ էր ու փաստորեն չի նկատել, որ 2017-ից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերը կան, որ դարակներում փոշոտվում են, ընթացք չեն ստանում: Դրանից առաջ՝ 2018-2020 հատվածում ԱԺ պատգամավոր է եղել ու խորհրդարանականի վերահսկողական գործառույթը չի իրականացրել:
Խոստովանությունը չի ազատում պատասխանատվությունից: Թավշյաները, մեղմ ասած, շատ մեղքեր ունեն, այդ թվում՝ մահացու: Արմեն Փամբուխչյանը բացահայտել է իր եւ իր թիմի եւս մեկ մեղք՝ վատնում, որի արդյունքում պետությունը պետք է լրացուցիչ 7,5 միլիոն դրամ ծախսի: Վատնումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է: Մեր դեպքում՝ կարող ենք ավելացնել, որ եթե չվատնեին, այս գումարը կարող էին ծախսել բանակի ու անվտանգության խնդիրների վրա։
Ինչպես ասվեց, այս 7,5 միլիոնը հանվելու է փրկարար ծառայության ընթացիկ ծախսերից: Սա գրած ԱԻՆ-ում վստահ են, որ նախագծի ընդունմամբ կապահովվի փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը և փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով: Յա իրո՞ք, կասեր դասականը: Եթե նվազեցնում ես ընթացիկ ծախսերը, դա չի բերում արդյունավետության բարձրացման: Ճիշտ հակառակը՝ եթե տարվա կեսից գումարդ պակասում է, լարվում ես ու նախատեսված աշխատանքները պիտի անես մնացած՝ քիչ միջոցներով:
Թեեւ զարմանալ պետք չէ: Եթե երկիր կորցրած, հազարավոր լուսավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած իշխանությունը հպարտանում է պարտությամբ, ուրեմն պիտի վստահ լինի, որ նախատեսվածից քիչ փողով կարելի է ավելի արդյունավետ աշխատել:
Արեգ Մարգարյան