Հարցազրույց

Մինչև 1990-ականները «Երևաննախագծում» աշխատում էր 1200 մարդ, հիմա՝ 30-35

Մինչև 1990-ականները «Երևաննախագծում» աշխատում էր 1200 մարդ, հիմա՝ 30-35

Քաղաքապետարանի աշխատանքային Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքաշինության բնագավառում երկարամյա և նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած մասնագիտական բարձր որակի համար «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը քաղաքապետի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Hraparak.am-ը զրուցել է «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանի հետ։

«2009 թվականին, երբ ստանձնեցի «Երևաննախագծի» տնօրենի պաշտոնը հենց այդ թվականներից սկսած էլ ակտիվ աշխատանքներ սկսեցինք իրականացնել։ 2010-2011 թվականներին մշակեցինք Երևանի՝ 2006-2020 թթ․ գլխավոր հատակագծի ճշգրտման նախագիծը։ Մեծ նախագծերից 2015-16 թթ․ մշակեցինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերները, որոնցից էր՝ Ավան վարչական շրջանում Ծարավ Աղբյուր փողոցի վրա՝ հանրակրթական դպրոցի ու մանկապարտեզի շենքերի, մարզաառողջարանական համալիրի, ձևավոր չմշկասահքի մարզական շենքերի նախագծումը, որի համար 2016 թվականին ստացանք միջազգային մրցույթի առաջին կարգի երկու անվանական մրցանակ։ Մշակվել են նաև միկրոռեգիոնալ գլխավոր հատակագծեր՝  Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի տարածաշրջան, Արարատի մարզում՝ Մասիսի տարածաշրջան։ Մշակել ենք Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-նորք վարչական շրջանների գոտիավորման  նախագծերը։ Այսօր արդեն մշակում ենք Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման և Զովունի գյուղական համայնքի գլխավոր նախագծերը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրեկան Օհանյանը։

«Երևաննախագիծը» նաեւ պատրաստվում է մշակել Երևանի գլխավոր հատակագիծը՝ 15 տարվա զարգացման հեռանկարով։ Արդեն հաջորդ տարի պատվերը  կձևակերպվի։

«Շենքերի մասով բավականին մեծ խնդիրներ կային։ Մշակել ենք Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի արդիականացման, Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնների, ինչպես նաև Մասիսի և Նոր Գեղիի քոլեջների  նախագծերը։ Երևանում մշակել ենք Դեմիճյանի անվան նոր դպրոցի նախագիծը, գլխավոր պողոտայի գրեթե բոլոր հատվածները՝ Մալիբու, Սարյան, Մաշտոց։ Կատարել ենք Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման, Նոր-Նորք վարչական շրջանի, Տիգրան Մեծ զբոսայգու վերակառուցման նախագծերը։ Շուտով ավարտին կհասցնենք Բուսաբանական այգու տարածքում արցախյան հերոսամարտում զոհվածների հուշահամալիրը, որը բավականին մեծ այգեպուրակային  համալիր է։ Լուծել ենք բուսաբանական այգու տարածքների վերակառուցման խնդիրը, ստեղծել ենք հուշահարթակ, հուշապուրակ, որը նախատեսված է զբոսանքի, հանգստի համար։ Նախագծային տարածքը, որը զբաղեցնում է մոտ 30 հա ավարտական փուլում է և 10 օրից պատրաստ կլինի։ Այգում մոտ 14 հազար ծառատեսակ կտնկվի, կստեղծվեն ավտոկայանատեղիներ»։
 
Հետաքրքրվեցինք, թե «Երևաննախագիծը» երբ է ավելի ակտիվ գործունեություն ծավալել, ծրագրեր իրականացրել․ «Այն ժամանակ, երբ որ պետական ծրագրերով, ասենք, խոշոր կապիտալ շինարարության պատվերներ են լինում, կամ գլխավոր հատակագծի։ Հիմա, որ գլխավոր հատակագծի աշխատանքները սկսեցինք, մենք բավականին զբաղվածություն կունենանք։ Համենայնդեպս, այս վերջին տարիներին մի քիչ պակասել են պետական պատվերները, կապիտալ ծրագրերը>։

Թե որքանով կխանգարեն մայրաքաղաքում առկա նորակառույցները Երևանի գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներին, Օհանյանն ասաց․ «Ոչ միայն հիմա, դրանից առաջ էլ որոշակի խնդիրներ եղել են, որոնք Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման հետ կապված հետագայում որոշակի բարդություններ կստեղծեն։ Երևանում դա կապված է հիմնականում մետրոների մուտքերի, ճանապարհների, մայրուղիների հետ։ Շատ հաճախ ավելորդ կառուցապատումներ են իրականացվում, որոնք էլ հետագայում բարդացնելու են Երևան քաղաքում գլխավոր հատակագծի իրականացմանը։ Այո, ունենալու ենք  նման խնդիրներ»։

Տնօրենի խոսքով այնպես չի, որ իրենք միշտ տեղյակ են լինում, թե որ շինարարական ընկերությունը երբ և ինչպես է ստացել թույլտվություն մայրաքաղաքի որևիցե հատվածում իրականացնելու ծրագիր։ «Իհարկե, խոշոր հարցերում մեզ հետ խորհրդակցում են, բայց, ցավոք սրտի, որպես կանոն թույլտվություն ստանալու համար մեզ մասնակից չեն դարձնում»։

Կա՞ արդյոք անհրաժեշտություն նոր բնակելի թաղամաս ավելացնելու Երևանի գլխավոր հատակագծում, Օհանյանն ասաց․ «Երևանի բնակչությունը բնակելի ֆոնդի նորմատիվ ապահովածության առումով խնդիր չունի, այսինքն, կենսականորեն անհրաժեշտ բնակելի ֆոնդ լրացուցիչ ստեղծելը հրատապ չի։ Ուստի մենք մեր գլխավոր հատակագծում այդպիսի խնդիր չենք դրել և հիմա էլ չենք դնելու։ Մենք խնդիր չենք դրել նոր բնակելի թաղամաս ստեղծել, փոխարենը, մենք ավելի շատ խնդիր ունենք քաղաքաշինական և քաղաքի բնակչության տարաբնակեցումը իրականացնելու հարցում, որպեսզի բնակչության մեծ մասը և քանակի առումով, և տնտեսական, արդյունաբերական ներուժի առումով չկենտրոնանա Երևան քաղաքում։ Կա խնդիր, որ գոյություն ունեցող բնակելի շենքերը արդիականացման կարիք ունեն, որը պետք է ժամանակին կատարենք։ Կենտրոնում նորակառույցների առկայությունը արհեստական բուռն բնակելի շինարարության զարգացում են հանդիսանում, որոնք  ավելի շատ կապված են ոչ թե կենսականորեն անհրաժեշտ խնդիրների, այլ մասնավորի կոմերցիոն գործարքների հետ»։

Իսկ ինստիտուտի աշխատակազմն ի՞նչ փոփոխություններ է կրել․

«Մինչև 1990-ականները «Երևաննախագծում» աշխատում էր 1200 մարդ։ Քանի որ այսօր աշխատանքների ծավալները պակասել են,  հետևաբար աշխատակիցների թիվը զգալիորեն նվազել է։ «Երևաննախագծում» այսօր աշխատում է մոտ 30-35 մարդ։ Երբ որ խնդիր ենք ունենում ինտենսիվ աշխատանքի, հրավիրում ենք մասնագետներ։ Այդ առումով բարդություններ չունենք։ Կախված աշխատանքի տեսակից հրավիրում ենք անգամ արտասահմանից մասնագետներ»
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image