Քաղաքականություն

Կվերացնենք Հայաստան կոչվող «ռումբը». Բաքուն «պատերա՞զմ» է հայտարարում

Կվերացնենք Հայաստան կոչվող «ռումբը». Բաքուն «պատերա՞զմ» է հայտարարում

Մինչ հայկական շրջանակներում վերլուծում, իսկ առանձին դեպքերում՝ համարժեք արձագանք են առաջարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանի հասցեին հնչող սպառնալից և ռազմատենչ հայտարարություններին, այդ երկրի մասմեդիան, և ոչ միայն, առանձնակի ոգևորությամբ, հակահայ կույր ատելանքով շրջանառում է Բաքվի բռնապետի տարբեր վտանգավոր մտքերը և առայժմ քաղաքական-տեղեկատվական «պատերազմ» հայտարարում հայկական կողմին:

«Նախագահ Ալիևն անդրադարձավ նաև այնպիսի պայթյունավտանգ խնդրին, ինչպիսին է ռեւանշիստական ​​տրամադրությունները Երևանում, գրում է ադրբեջանական իշխանամետ պարբերականներից մեկը՝ Մինվալ-ը և մեջբերում իրենց երկրի ղեկավարի խոսքերը.

«Նրանք ապրում են ռեւանշիստական ​​գաղափարներով, իսկ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է: Մեր դեմ 30-ամյա օկուպացիոն քաղաքականությունը միայն Հայաստանի արդյունքը չէ. Սա իսլամաֆոբ, ադրբեջանաֆոբ, ռասիստական, այլատյաց շրջանակների և նրա հետ համերաշխ օտար երկրների ներկայացուցիչների համատեղ արդյունքն է։ Նման ֆաշիստական ​​պետության հետ մենք հարեւաններ ենք, և ֆաշիզմի սպառնալիքը չի վերանում։ Ահա թե ինչու պետք է ոչնչացնել ֆաշիզմը։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:

Ինչպես պնդում է Ալիևյան ռեժիմի քարոզչական բութ գործիք լրատվամիջոցը, «Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը Հայաստանին անվանելու ֆաշիստական ​​պետություն»:

«Օրեր առաջ, իսկ այդ մասին խոսվել է նաև Իլհամ Ալիևի հետ հարցազրույցում, հրապարակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները (իրականում խոսքը «Լևոն Տեր- Պետրոսյանի ելույթը Երկրապահի առաջին համագումարում. 23-24 հուլիս, 1993 թ» տեսանյութի մասին է, որը յութուբում զետեղվել է շուրջ մեկ ամիս առաջ - Խմբ.), որտեղ նա ադրբեջանցիների էթնիկ զտումները որակում է հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացում, ինչպես նաև շնորհավորում է հայ մարտիկներին Աղդամ (հայկական անվանումը՝ Ակնա) քաղաքի գրավման կապակցությամբ»,-նշված է հոդվածում:

Ադրբեջանական կայքը «ռազմական հանցագործներ է» բնութագրում ՀՀ նախկին երեք նախագահներին՝ Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգյան:

Հրապարակման հեղինակը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի գործող վարչապետ Փաշինյանին մեղադրել է ֆաշիստական ​​տրամադրությունների մեջ։ Վերհիշել են՝ 44-օրյա պատերազմի նախօրեին հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ, որով, ըստ ալիևյան սազանդարների պնդման, բանակցային գործընթացը խափանվել է:

«Հենց Փաշինյանն է իր թիմում հավաքել նոր պատերազմի կողմնակիցներին՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանին և Վաղարշակ Հարությունյանին։ Եվ վերջապես, չմոռանանք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանը սկսեց պատերազմը, և սա պետք է լիներ  նույն այն «նոր տարածքների համար նոր պատերազմը», ինչ խոստացել էր Փաշինյանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»,- շարունակում է Մինվալ-ի հոդվածագիրը։

Ադրբեջանական պարբերականը հատուկ դրվատանքով ու հպարտությամբ հիշեցնում է իր երկրի բանակի՝ Արցախում 2023 թ. սեպտեմբերին իրականացված այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունների» մասին, որի նպատակն, իբր, հայկական կողմից հասունացող հերթական վերահաս «սպառնալիք» վերացնելն ու տարածքային ամբողջականության վերականգնելն էր:

Մինչդեռ հենց այդ ակտը եղավ իրապես ֆաշիստական Ադրբեջանի ու նրա արյունարբու ղեկավարի վերջին արարը՝ պատմական Արցախը բռնազավթելու, իսպառ հայաթափելու համար, դրսևորելով էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության անվիճելի գործողություններ:  

Սպառնում են նաև՝ Հայաստանը «ճիշտ հետևություններ» չի արել ոչ 44-օրյա պատերազմից, ոչ էլ՝ սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո և կրկին ապավինում է «ռևանշիզմին»: Պնդում, թե Երևանում շարունակում են ակտիվորեն գործել «արցախյան ռեժիմի որոշ ներկայացուցիչներ»: Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Փաշինյանն, ըստ էության, ոչ միայն մտադիր չէ խաղաղության պայմանագիրք կնքել, այլև բանակի շարունակական սպառազինությամբ «նոր լարվածություն է ստեղծում տարածաշրջանում»:
Այդ է պատճառը, որ Ալիևը պահանջում է Հայաստանին զենք մատակարարած երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային, ետ վերադարձնել իրենց սպառազինությունը, գրում է Մինվալ-ը:

«Հայաստանն, ըստ էության, վերածվել է «ընթացիկ ռումբի», որը սպառնում է ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանին, որքան տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իսկ Ադրբեջանը չի համակերպվի իր քաղաքացիների անվտանգության մշտական ​​սպառնալիքի հետ։ Հայաստան կոչվող «ընթացիկ ռումբը» պետք է վնասազերծվի, թույլ չտալով, որ այն նորից պայթի տարածաշրջանում։ Երեւանը հնարավորություն ունի հրաժարվելու վտանգավոր խաղերից, խուսափելու նոր սրացումից եւ, ի վերջո, անցնելու իր հարեւանների հետ խաղաղ ապագայի եւ նորմալ հարաբերությունների կառուցմանը։ Բայց եթե Հայաստանը շարունակի կրակի հետ խաղալ և հատի «կարմիր գիծը», ապա Ադրբեջանը ստիպված կլինի վնասազերծել ռումբը։ Պետք է պայքարել ֆաշիզմի դեմ, և դիվանագիտությունն այստեղ միշտ չէ, որ օգնում է։ Եվ այո, ժամանակն անցել է»-եզրափակում է ադրբեջանական իշխանամետ կայքը՝ փաստորեն վերահաստատելով հայկական կողմի մտավախությունները, որ Ադրբեջանը հերթական հողն է նախապատրաստում իր հերթական սադրանքի համար։

Իսկ Նիկոլի՝ Ալիևի հայտարարությունների կապակցությամբ արված պատասխաններին իմաստ էլ չկա անդրադառնալ: «Ագրեսիային ագրեսիոյավ» չպատասխանելու և խաղաղության ռազմավարությանը հավատարիմ մնալու՝ Փաշինյանի պնդումները նոր չեն: Եթե այդ դիրքորոշման վերահնչեցման շարժառիթները նոր են, ապա նպատակը, հաստատապես, նույն է, այն է՝ սպասարկել Ալիևի շահերին և տուրք տալ նրա անվերջ սպառնալիքներին ու պահանջներին: Իսկ գուցե Փաշինյանի ադրբեջանցի գործընկերն ի՞նքն է որոշել օգնել Հայաստանի ղեկավարին՝ մինչև վերջ կատարելու պետականակործան ծրագիրն ու թույլ չտալ Հայաստանի ու Արցախի մասին իրապես մտածող ազգային ուժերի ակտիվացմանը, հընթացս բացառելով նրանց իշխանության գալու հնարավորությունը...

Հայաստանից վտարված ադրբեջացիները պատրաստ են Երևան գնալ, նրանց պետք է հանդիպի Փաշինյանը, ի դեպ, իր վերջին հարցազրույցում այս մասին նշեց նույն Ալիևը: 

Այսինքն պատերազմի սպառնալիքի հետ միասին նա   հայկական լսարանի համար դրեց սեփական «ականը»:  

Եվ մեծ հարց է, ով է Հայաստանի համար իրական ու ամենավտանգավոր ռումբն ու ականը՝ Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Իլհամ Ալիևը: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image