Հասարակություն

«Հրապարակ». Դպրոցները փակվում են. Կարմրաշենից՝ Կիրանց

«Հրապարակ». Դպրոցները փակվում են. Կարմրաշենից՝ Կիրանց

Վայոց Ձորի Կարմրաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը նախկինում՝ դեռ սովետական իշխանության ժամանակ, երբ սովխոզները գարաժներ ունեին, մեխանիկ է աշխատել: Երբ դպրոցը վերջնականապես փակվի, անասնապահությամբ է զբաղվելու: 

«Ինձնից առաջ քեռիս է եղել դպրոցի տնօրեն՝ 43 տարի: Ես զինղեկն էի, կոչում ունեմ: Բերեցին զինղեկ, հետո ստիպեցին՝ գնացի տնօրեն: 31 տարի է արդեն՝ 91 թվականից: Ամեն ինչ եմ դասավանդում, ներկա պահին՝ հասարակագիտություն»,- ասում է Արմեն Թովմասյանը: Կառավարության վերջին նիստին, որի ժամանակ իր դպրոցը փակելու եւ հարեւան գյուղի՝ Հերհերի դպրոցին միացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, նա չի հետեւել: Բայց վաղուց է տեղյակ, որ դպրոցն ուզում են փակել: Իսկ փակելու հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում Կարմրաշենի դպրոցում սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է եղել ընդամենը երկու աշակերտ։ Անցյալ տարվանից դեռ երկու դասասենյակ է ձմռանը տաքացվում՝ «պլիտայով», գումարած միջանցքի մի հատվածն ու զուգարանը: Դպրոցի երկու աշակերտներն էլ քույր ու եղբայր Հախվերդյաններն են: Մեկը 2-րդ դասարանում է սովորում, մյուսը՝ 10-րդ: Տնօրենի հարեւանի երեխաներն են: «Շնորհքով տղա է, աշխատող: Կարող է ամեն տեղ էլ գործ ունենալ: Ես խոսել եմ իր հետ, հայրենասիրությունից դրդված է մնում գյուղում»,- պատմում է ընկեր Թովմասյանը: Նա դեմ է դպրոց փակելուն, բայց միայն՝ հոգու խորքում: 

«Դպրոցը գյուղապահպան հիմնարկ է: Օրինակ, Չինաստանում դպրոց չեն փակում: Անգամ եթե մեկ աշակերտ է, այդ դպրոցի բոլոր ուսուցիչներն ամեն օր գնում են այդ աշակերտի մոտ: Բայց դե, պետությանը չեմ մեղադրում: Էնպես չի, որ միայն այս կառավարությունն է որոշել փակել դպրոցները: Միշտ էլ եղել է դպրոցներ փակելու այդ միտումը: Չի արդարացնում իրեն, ծախսերը շատ են, բայց այսպես էլ գյուղը կքանդվի...»,- ասում է Արմեն Թովմասյանը: 
Նրա հույսը ոչ թե կառավարությունն է, այլ՝ ծնելիությունը, որը գյուղում եթե բարձր չլինի, ոչ միայն իր, շատ այլ գյուղեր էլ հարվածի տակ կընկնեն: «Ծնունդները մինչեւ չշատանան, լավ չի լինի»,- ասում է: 

Վայոց սարի ստորոտին է Կարմրաշենի դպրոցը: Արփա-Սեւան թունելի կառուցման ժամանակ այստեղ շենքեր կառուցեցին: Բայց միայն դպրոցն էր կարմիր տուֆից: Այդ կարմիր տուֆի շնորհիվ էլ Կարմրաշեն դրեցին այս հին, դեռ 10-րդ դարում հիմնված գյուղի անունը: Այն ժամանակ՝ 10-րդ դարում, այն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Հիմա ընդամենը 36 տնտեսություն է մնացել Կարմրաշենում: Երեխաների թիվն էլ երկրաչափական հակառակ պրոգրեսիայով նվազում է: 

32 աշակերտ է եղել մինչեւ 17 թիվը: 2017-18 թվերին մնացել է 22 երեխա: «24 էլ է եղել, 30 էլ է եղել: Այս  36 տունը, որ հիմա կա, ամեն մեկում երկուսուկես մարդ է ապրում: Մեծ մասը տարեց են: Կան գյուղում ապրող երիտասարդներ, բայց չեն մնա: Չեն էլ ամուսնանում, որ նոր երեխաներ ծնվեն»,- ասում է դպրոցի տնօրեն ընկեր Թովմասյանը: 
Սա նրա կյանքի երկրորդ հարցազրույցն է: 2012 թվականին էլ «Արմենիա TV»-ին է հարցազրույց տվել ու ասել, որ ինքն աղանդավոր չէ, քրիստոնյա է, բայց 4 երեխա է ունեցել, որպեսզի օրինակ ծառայի գյուղի մյուս բնակիչներին: 
Հերհերը Կարմրաշենին ամենամոտ ուսումնական հաստատություն ունեցող գյուղն է՝ շուրջ 7 կիլոմետր է հեռու: Մեծ հույս կա, որ մյուս տարի երթուղային կամ մի փոքրիկ ավտոբուս կտան Կարմրաշենին, որ քույր ու եղբայր Հախվերդյանները ստիպված չլինեն օրը 14 կիլոմետր ճամփա անցնել: Բայց դա ընդամենը հույս է: 

Կիրանցում, օրինակ, 2024 թվականի սեպտեմբերի 2-ին գեղեցիկ դպրոց բացեցին, Փաշինյանն էլ անձամբ «լենտոչկան» կտրեց: Խոստանում էին, որ միջնակարգ դպրոց է դառնալու: Չդարձավ: Արդյունքում երեխաները հարեւան գյուղեր են գնում՝ Սարիգյուղ ու Ներքին Ծաղկավանք, ամեն օր: Ավտոբուս չտվեցին: Երեխաներին օրը 200 դրամ տրանսպորտի փող են տալիս: Մի կերպ գնում-գալիս են: 

Փորձառու լրագրող Ոսկան Սարգսյանն ասում է, որ ինքն է պայքարել ու հասել նրան, որ այդ գումարը գոնե երեխաներին տան: «Մի հատ ավտոբուս կա, որ Իջեւան է գնում-գալիս: Կիրանցի երեխաները մի կերպ, ոտքի վրա` ծռված, դրանով հասնում են դպրոցներ»,- ասում է նա: Հիշեցնում է՝ Փաշինյանն ասում էր, որ Կիրանցն ամենաանվտանգ տեղն է լինելու Հայաստանում: «Սուտ է: 40 տոկոսով անասունը կրճատվել է, արոտավայրեր չեն մնացել: Ասում են՝ տներ ենք կառուցել, բայց այդ տների մի մասը Կիրանցի բնակիչներին չեն տվել: Մի խոսքով, շատ ստեր կան»,- ասում է Ոսկան Սարգսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image