Մշակույթ

Ցավալի է, որ նորից հայաստանցի-ղարաբաղցի պառակտությունն են սկսել ժողովրդի մեջ արթնացնել

Ցավալի է, որ նորից հայաստանցի-ղարաբաղցի պառակտությունն են սկսել ժողովրդի մեջ արթնացնել

«Դիմել ենք տարբեր կառույցների, որ արցախցիներին առանձին տարածք, բնակավայր հատկացնեն` Հայաստանի ցանկացած վայրում։ Մեզ համար նշանակություն չունի՝ որտեղ, մի տարածք տան, մենք մեր ձեռքով մեր քաղաքը կառուցենք, միայն թե արցախցիները համատեղ ապրեն, գոնե 20 հազար ընտանիքի բնակարան հատկացնեն, մնացած հարցերը մենք ինքնուրույն կլուծենք»,- մեզ հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ 1-ին եւ 2-րդ գումարման պատգամավոր, հասարակական գործիչ Աշոտ Սարգսյանն ու հավելում, որ այստեղ` Երեւանում, համակարգող խորհուրդ ունեն, կոչվում է՝ Արցախի փրկության շարժում, որտեղ հաճախ հանդիպում են ու մի շարք հարցեր քննարկում. «Նաեւ կառավարությանն ենք դիմել` մի շարք առաջարկություններով, տեսնենք, թե ինչ կասեն: Առաջնահերթն էկոքաղաքի խնդիրն ենք ուզում լուծել՝ Հայաստանի ցանկացած բնակավայրում, միայն թե համատեղ ապրենք, ու հենց Արցախն ազատագրվի, իսկ ես համոզված եմ, որ ազատագրվելու է, մենք՝ բոլորս, կտեղափոխվենք, որովհետեւ մեր՝ այստեղ մնալն էլ իմաստ չի ունենա, քանի որ առանց Արցախի չկա Հայաստան»:

Ա. Սարգսյանի կարծիքով, այսօր արդեն Հայաստանում Արցախը պահպանելու խնդիր կա. «Արցախցիներին որ ցրում են Հայաստանով մեկ, շատ վատ հետեւանքներ է ունենալու, որովհետեւ Արցախի գենոֆոնդի պահպանման խնդիր ունենք, պատկերացրեք՝ 100 հազար գյումրեցիներ տեղափոխվեն Հայաստան, 10-15 տարուց հետո Գյումրվա համ ու հոտն էլ չի լինելու, այսինքն՝ տարրալուծվելու են։ Ամբողջ խնդիրը սա է: Հետո, գիտեք՝ Արցախում անգամ 2 հարեւան գյուղեր նույն բարբառով չեն խոսում, տարբեր բարբառներ կան` մեկը մյուսին լրացնող, նաեւ լեզվի պահպանության խնդիր կա, իսկ լեզուն հենց զարգանում է բարբառների միջոցով: Հետո՝ բացի դրանից, Մեսրոպ Մաշտոցը երբ առաջին անգամ եկել է Արցախ ու դպրոցներ է բացել, տեսել է, որ Արցախի բարբառը, հատկապես` Ստեփանակերտինը, ավելի համահունչ է հայոց լեզվին, քան մնացածը: Լեզվամտածողության խնդիր կա, օրինակ՝ ես թեկուզ գրական եմ խոսում, բայց լեզվամտածողությունս բարբառային է»: 

Ուրիշ ի՞նչ ճանապարհներով ու ձեւերով կարող է պետությունը պահպանել արցախահայության գենետիկ կոդը։ «Տեսեք, օրինակ՝ Արցախի գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պահելն անհեթեթություն է, բայց Արցախի ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում պետք է գործի, հատկապես` մշակույթի նախարարությունը, որովհետեւ կրթության, գիտության հարցը նույնն է, բայց մշակույթի տեսանկյունից արցախյան մշակույթի պահպանման խնդիր ունենք: Կարծում եմ` առանձնակի դժվարություն չէ, որ ՀՀ-ում Արցախի մշակույթի նախարարություն լինի: Օրինակ, թուրքերը ժամանակին հենց Բաքվում ունեին Շուշիի կենտրոն, էլ չգիտես ինչ տարբեր անուններով կենտրոններ, անգամ իրենց ֆուտբոլի թիմը «Ղարաբաղ» էր կոչվում, եւ միջազգային մրցումներին այդ թիմն էր մասնակցում, որտեղ ավելի ուժեղ խաղացողներ էին ներգրավվում»:   

Ինչպե՞ս կբնորոշի այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հետ։ «Պատերազմը՝ պատերազմ էր, բայց նախեւառաջ դավաճանություն էր, ընդ որում՝ ծրագրավորված, իրենք շատ լավ գիտեին՝ ոնց են հարձակվելու, նաեւ մեր ղեկավարության, այդ թվում` Հայաստանի տեսակետն էլ շատ լավ գիտեին: Իհարկե, չեմ կարող ասել, որ Արցախի Հանրապետության բանակը չի դիմադրել, ոչ, ճիշտ հակառակը, որովհետեւ հենց առաջին օրը իրենք ահռելի զոհեր ունեին, ու մերոնք կռվել են մինչեւ վերջին փամփուշտը։ Ցավն այն է, որ տղաներին օգնության չեն հասել: Մենք զինված գնացել էինք, որ օգնեինք, բայց մեզ ոչ ոք չէր կանչել, ավելին` ասել են՝ հետ վերադառնալ բազա ու զենքերը հանձնել: Ամենավտանգավորը հենց դա էր, որ մեր զենքերը հանձնեցինք ռուսներին, պայմանն այդպես էր, ընդ որում` հանձնել առանց պայթեցնելու, որպեսզի զինվորին թույլ տան, որ դիրքերից վերադառնա տուն: Ու այն, որ դիակներն այդքան ուշ թողեցին հանել եւ այլն, պատճառը հենց դա էր, որպեսզի զինտեխնիկան լրիվությամբ ու անխափան վիճակով հանձնենք մեր 2-րդ թշնամուն: Ես միշտ եմ ասել, որ եթե թուրքը մեր տեսանելի թշնամին է, ապա ռուսը մեր անտեսանելի թշնամին է: Ու դրա համար թշնամուդ մեղադրելն աբսուրդ է, պարզ է, որ թշնամին թշնամություն պետք է անի, եւ մենք՝ բոլորս էլ համոզված ենք, որ ռուսները թուրքերի հետ պայմանավորվել էին, այլապես հնարավոր չէր այս ելքը։ Ռուսները 2 հազար խաղաղապահ ունեին Արցախում, 5 հազար էլ մեր բանակն էր, ու մեր բանակը 65 հազարանոց զորքի դեմ է կռվել, եւ ես ավելի քան համոզված եմ, որ մինիմում 3 հազար զոհ են տվել թուրքերը, ոչ թե՝ 200, ինչպես իրենք են ասում: Ավելին՝ իրենք համոզված են եղել, որ մերոնք չեն կռվելու, որովհետեւ ռուսների ու Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվել էին, որ մերոնք հանձնվելու են առանց ոչ մի բանի: Այնպես որ, եթե մենք կռվեինք, ու աշխարհազորն էլ ժամանակին օգտագործեին, միամտություն կլինի ասել, որ կհաղթեինք, բայց համոզված եմ, որ կկարողանայինք բանակցել ու պահպանել Ստեփանակերտը»:

Ա․ Սարգսյանը հիշում է` առաջին օրերին, հատկապես գյուղերում, ժողովրդին ասել են` գնացեք օդանավակայան, եւ որ. «Այնտեղ ռուսները ձեզ պաշտպանելու են, բայց ռուսները քանի որ հասկացել են, որ մերոնք կարող է հարձակվեն, զենքեր վերցնեն ու գնան կռվեն, այդ տեղահանված մարդկանցից արդեն իրենց համար պատնեշ են ստեղծել, սկսել են մարդկանց կերակրել, տեղավորել, բայց իրականում կենդանի վահան են իրենց համար ստեղծել: Իսկ մարդկանց շրջանում քաոսը ստեղծվեց, երբ տարբեր ձեւերով սկսեցին հայտարարել, տարածել, որ 30-40 հազար մարդ մնալու է, իսկ մնացածը կարող են գնալ: Այդտեղից արդեն սկսվեց խուճապը ժողովրդի մեջ, մարդիկ սկսել են շտապ բենզին գտնել, որ դուրս գան... մի խոսքով, ամեն ինչ պայմանավորված ու կազմակերպված է եղել, անգամ այդ քաոսը, խուճապը, իրենց ագենտուրան շատ լավ էլ աշխատել է Արցախում, ու պատահական չէ, որ մինչեւ դա, բազմաթիվ մարդկանց են բռնել՝ որպես լրտեսներ: Պատկերացրեք՝ մարդ է եղել, որի հայրը 1-ին արցախյանում զոհվել է, բայց ինքը 200 դոլարով սկսել է թուրքերին ինֆորմացիա տալ»:

Այդուհանդերձ, զրուցակիցս հույսը չի կորցնում, որ մոտ ապագայում վերադառնալու է Արցախ. «2024-ը շատ վտանգավոր է լինելու մեզ համար, բայց համոզված եմ՝ 2025-ը նպաստավոր է լինելու, ու մենք հնարավորություն ենք ունենալու վերադառնալ Արցախ: Դա ոչ միայն իմ երազանքն է, այլ նաեւ՝ համոզմունքը, որ անպայման վերադառնալու ենք»: Թե ինչ հիմքեր ու նախադրյալներ կան դրա համար, կարճ է պատասխանում. «Կան, ու ես համոզված եմ, որ 2025-ին ամեն ինչ փոխվելու է, բայց ինձ համար ցավալի է, որ այսօր նորից հայաստանցի-ղարաբաղցի պառակտությունները սկսել են ժողովրդի մեջ արթնացնել` ներսից քայքայելու համար: Հետո՝ արդեն սկսել են Արցախի նախագահի վրա հարձակումներ գործել, ինչն աբսուրդ է, որովհետեւ էդ խեղճ մարդուն քավության նոխազ են սարքել: Ես նաեւ, որպես արցախցի, շատ վիրավորված եմ ինձ զգում, որ թուրքը մեր հայերին պիտի դատի, թուրքն ո՞վ է, որ մեզ դատի, այդ մարդկանց պետք է բերենք այստեղ, ու եթե իրոք հանցանք են գործել, իսկ ես կարծում եմ, որ գործել են, ուրեմն այդ մարդկանց մենք պետք է դատենք հայկական արդար դատով, ոչ թե թուրքը հային դատի»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image