Արդարադատության նախարարությունը ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որն արդեն տեղադրված է e-draft.am կայքում:
Սույն նախագծով Քրեական օրենսգրքում փոփոխություն է մտցվում իշխանության ներկայացուցիչ տերմինի սահմանման մեջ, բացի այդ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվում է նոր՝ 317. 1 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Իսկ եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, նոր փոփոխությամբ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի նախագիծ էլ՝ արդեն Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասով, օրերս Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, համաձայն որի վիրավորելու համար սահմանվում է 5 միլիոն դրամ տուգանք, զրպարտելու համար՝ 10 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ՀՀ քերական օրեսնգրքում «իշխանության ներկայացուցիչ» տերմինի սահմանմանը, ապա նախագծում նշված է. «Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ սույն հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը»:
Սրանով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդլայնում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը, որպեսզի որևէ մեկը դուրս չմնա այս անձեռնմխելի կարգավիճակից, և թույլ չտան հանրությանը երբեմն ամենաարդար ցասումի պայմաններում անգամ՝ մի երկու թթու խոսք ասել նույնիսկ ամենացածր կալիբրի չինովնիկին:
Իրավաբանները սա որակում են հետքայլ՝ դեպի դիկտատուրա: Այս տեմպերով գուցե մահապատիժն էլ վերակականգնեն իշխանության ներկայացուցիչներին քննադատելու, նրանց աշխատանքից դժգոհելու, էլ չենք ասում՝ նրանց մի երկու վիրավորական խոսք ասելու համար:
Ի դեպ, նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Ըստ նախագծի հակիրճ բնութագրի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից: