Քաղաքականություն

Ի՞նչն է հայոց պետության անվտանգության սպառնալիքը

Ի՞նչն է հայոց պետության անվտանգության սպառնալիքը

Երբ վարչապետի աթոռից կառչած անձն առաջին անգամ «բացահայտեց», որ Հայաստանի պետական անվտանգության սպառնալիքը «Կտրիճ Ներսիսյանն է», չհասկացա, թե ինչու նման բան մոգոնեց: Հետո էլ փորձեց հիմնավորել, որ այլ երկրի անվտանգության ծառայության լեյտենանտը կարող է օգտագործել վերջինիս զավակ ունենալու հանգամանքը ու դրանով սպառնալիքներ գեներացնել: Ընդամենը ասեմ, որ դա տիպիկ դավադրապաշտական տեսության դրսևորում է, ինչին հայաստանցիներս բախվում ենք արդեն հինգ տարի՝ 44-օրյայի խայտառակ պարտությունից սկսած: Իսկ դրա իմաստն էլ բոլորին մեղավոր հանելն է, որպեսզի դրանով հիմնավորվի իր՝ որպես ԶՈՒ գլխավոր հրամանատարի, անմեղությունը: Ասեմ, որ այդ հնարքն (պրիյոմը) կարող է աշխատող տարբերակ լինել հայաստանյան կիսագրագետ զանգվածներին մանիպուլյացնելու ուղղությամբ:  

Սակայն ավելի գրագետ մարդիկ մի քանի հարց կունենային՝ ուղղված տեսության հեղինակին: Առաջին, դավաճանություններ լինում են բոլոր պատերազմներում, ու դա չէ այն հիմնական պատճառը, ինչը հանգեցնում է պարտությանը: Եթե, իհարկե, այն չի կատարվում ԶՈՒ գլխավոր հրամանատարի մակարդակով: Այնպես որ, զինվորականների դասալքության կամ ուղղակի դավաճանության նարատիվը ոչ թե ջրում է նրա դավաճանության և/կամ ապաշնորհության մեղքը, այլ նույնիսկ ավելի է ծանրացնում այն: Պատերազմի օրերին ինքն այն գերագույնը չէ՞ր, որի առումով մենք պետք է «չշշկռվեինք»: Ուրեմն, եթե նույնիսկ նրա ենթակա զինվորականներն են դավաճանել, ապա մեղքը, միևնույն է, իրենն է: 
Ինչ մնում է կաթողիկոսի զավակ ունենալու հանգամանքին, ապա դրա մասին խոսվել է դեռևս նախկինների ժամանակ: Եվ եթե դա խնդիր առաջացներ պետական անվտանգության առումով, ապա այն կբացահայտվեր մինչև իր իշխանության հաստատումը: Բայց քանի որ դա ավելի քան 10 տարվա «նորություն» է, ապա դրա արժեքը կամ ազդեցության ուժը վաղուց է զրոյացվել: Ու դա չի կարող լինել այն գործոնը, որի առկայության պարագայում, ենթադրաբար, ռուսական պետական անվտանգության ծառայության լեյտենանտը (կամ թեկուզ «ՑՌՈՒ»-ն) կարողանար դրանով շանտաժի ենթարկել Վեհափառին: Դա խիստ նման կլիներ ֆրանսիական («Le secret de Polichinelle»), բայց ավելի շատ ռուսական միջավայրում լայնորեն տարածված և որպես ձեռառնոցի օգտագործվող «պոլիշինելի գաղտնիք» («Секрет Полишине́ля») արտահայտությանը: 

Երկրորդ, Հայաստանն այսօր, այսինքն՝ «մեծարգո վարչապետ» Փաշինյանի օրոք, այն երկիրը չէ, որ կարողանար ունենալ գաղտնիքներ իր իրական թշնամիներից: Որովհետև եթե պետության արտաքին հետախուզությունը ձևավորվում է, ասենք, բրիտանական հովանավորությամբ, ապա չեմ կարծում, թե պետական գաղտնիքներին հասու չլինի իրական հիմնական թշնամի երկիրը՝ Ադրբեջանը: Հաշվի առնենք այդ երկրի և ՄԹ-ի նավթագազային և ոչ միայն, միասնական շահերը: Այնպես որ, այդ հարցը ոնց ֆռռացնենք, ինքնին ֆռռացնելու գործիք է «իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնադրի ձեռքին: Ու այդ դեպքում հարց է ծագում, թե որտեղից ծագեց պետական անվտանգության սպառնալիքի հարցը: Չէ որ մի քանի ամիս տևած հակակաթողիկոսական և ըստ այդմ՝ հակաեկեղեցական պատերազմում հարցի նման դրվածքը բացակայում էր:  

Պարզվում է, որ այն ունի արևելյան ծագում: Եվ երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կամակատարները մեղադրում են ընդդիմությանը, թե այն համահունչ է ադրբեջանական խոսույթին, նրանք կա՛մ քաղաքականապես կույր են կա՛մ ձևանում են այդպիսին: Որովհետև իրենց առաջնորդի բազմաթիվ մտքերը գեներացվել են հենց Բաքվում: Ու այս մեկը ևս նրան փոխանցվել է այնտեղից: Հենց նույն անձի՝ կովկասյան մահմեդականների առաջնորդի, կողմից, ում խոսքով նախաձեռնվեց հակակաթողիկոսական երկրորդ արշավը. առաջինը, հիշեցնեմ, 2018-ին էր՝ «թավշյա» իշխանափոխությունից անմիջապես հետո: Եվ այդ հարցում մեզ օգնության է հասել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Ով բացահայտել էր, որ Փաշազադեն այս տարվա գարնանը այսպիսի հայտարարություն է կատարել. «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան տարածաշրջանային բոլոր երկրների համար»: 

Ասեմ, որ ադրբեջանցին սովորականի նման կեղծիք է կատարել. նախ, տարարածաշրջանային ընդամենը մեկ երկրի համար է սպառնալիք: Այն էլ՝ եթե այդ երկիրն է մեր եկեղեցին այդպես դիտարկում: Որովհետև մնացած երկրները չեն էլ անդրադարձել այդ հարցին: Բնականաբար ո՛չ քրիստոնյա Վրաստանը, ո՛չ մեր հարևան ու բարեկամ, մահմեդական Իրանը և ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Ցեղասպան այն երկիրը, որտեղ գործում է Պոլսի հայոց պատրիարքարանը: Մնում է այն հարցը, թե Ադրբեջանին իբրև թե հասցեագրված՝ Փաշազադեի կեղծ միտքն ինչպես է ՀՀ վարչապետի ուղեղում վերածվել հայոց պետության անվտանգության խնդրի: Բայց դրա պատասխանն էլ է ակնհայտ. մարդու ուղեղում սովորաբար տեղի է ունենում միմյանց հետ առնչություն ունեցած կամ ունեցող, սակայն տարբեր հասկացությունների ասոցիատիվ կապի ձևավորում: Իսկ եթե վերհիշենք, որ 2021-ից այս կողմ «մեծարգո վարչապետի» բարձրաձայնած գաղափարների շտեմարանը ձևավորվում է թշնամի երկրում, ապա «տարածաշրջանային սպառնալիք» հասկացությունն էլ հանգիստ կարող էր վերածվել հայոց պետության անվտանգության սպառնալիքի: Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչն է իրապես սպառնալիք հանդիսանում մեր պետության անվտանգության համար՝ «Կտրիճ Ներսիսյանի» անձը, թե՞ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image