Հարցազրույց

Ռուսաստանն էլ միշտ ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների կարևորությունը, եթե չկարևորեին, չէին նշանակի, կփակեին այդ պաշտոնը

Ռուսաստանն էլ միշտ ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների կարևորությունը, եթե չկարևորեին, չէին նշանակի, կփակեին այդ պաշտոնը

ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», - ասված է «Արմենպրես»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարության տրամադրած պատասխանի մեջ: Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրելու։

«Հրապարակը» ԱՄՆ պետդեպի վերջին հայտարարության շուրջ զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և որո՞նք են առարկայական բանակցությունները` Ստեփանակերտի ընկալմամբ։

-Առարկայական բանակցությունների շուրջ մենք ունենք հետևյալ տեսլականը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա բոլորի համար ակնհայտ է, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, և սա, փաստորեն, այն տեսլականն է, որով մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների։

-Այսինքն՝ Արցախի կարգավիճակ։

Կարգավիճակը, ասում եմ` որևէ ձևով մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում։ Դա հնարավոր չէ։ Մնացածը` արդեն ընթացքում, մեզ համար կարևոր է դեօկուպացիան, կարևոր է, որպեսզի բոլոր գերիներին և պատանդներին Ադրբեջանը վերադարձնի, որպեսզի մշակութային ցեղասպանությունը կանգնեցվի գոնե այս պահի դրությամբ, որովհետև անխնա ձևով ոչնչացվում է հայկական ժառանգությունը՝ մշակութային, պատմական։ Եվ ոչ միայն հայկական՝ համաշխարհային։ Որովհետև, եթե ոչնչացվում են ֆաշիզմի դեմ պայքարող մարդկանց հուշարձանները և հուշակոթողները, սա հարված է ամբողջ մարդկությանը։ Սա առարկայական բանակցություններ են։

-Նկատի ունեք Խանփերյանցի կիսանդրու ոչնչացու՞մը։

-Վերջինը դա էր, բայց մինչև այդ ոչնչացվել է, և կարծում եմ՝ գրեթե ոչնչացված է ողջ ժառանգությունը։ Պարզապես այս մի դեպքի մասին հայտնի դարձավ, իսկ քանի՞սը մնացին անհայտ։

-Ձեր՝ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հայտարարության մեջ ընդգծել էիք Հայաստան ի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Որոշ քաղաքագետներ սա որակեցին որպես ռեսթարթ։

-Ռեսթարթը ո՞րն է, միշտ էլ եղել է բարձր մակարդակի համագործակցություն Հայաստանի ու Արցախի ԱԳՆ-ների միջև, և պետք է նման ձևով շարունակվի։ Իհարկե, ունենք լրիվ նոր իրավիճակ, և, իհարկե, դա հաշվի չառնելը ճիշտ չէ։ Եվ հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի, անկախ ամեն ինչից, թե ովքեր են Արցախում և Հայաստանում արտգործնախարարները։ Սա մի գործընթաց է, որ 2 հայկական պետականության սուբյեկտները պետք է միշտ մոբիլ համագործակցեն։ Առավել ևս՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական դաշտում։ Հատկապես հաշվի առնելով, որ դեռևս լիարժեք վերականգնված չէ ձևաչափը բանակցությունների, և Արցախը չի կարողանում լիարժեք մասնակցել այս գործընթացին։ Բնական է, որ Արցախի շահերը պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունը։ 

-Բայց, մյուս կողմից, կա նաև առանձին բանակցային ֆորմատ՝ Բաքու-Մոսկվա-Երևան։

- Ինչ վերաբերում է Մոսկվա-Բաքու-Երևան, ապա ընթանում են բանակցությունները, բնական է։  Բոլոր համանախագահող երկրները միշտ էլ հայտարարում են, որ բանակցությունները վերսկսվեն։ Նաև Ռուսաստանը միշտ ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ-ի  կարևորությունը: Տեսնում եք՝ նոր համանախագահ է նշանակվել։ Եթե չկարևորեին, չէին նշանակի առհասարակ, կփակեին այդ պաշտոնը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image