Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգում» հերթապահությունը շարունակվում է։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Save the ArQ նախաձեռնության հիմնադիր, Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։ Նա նշեց, որ այս տարածքում շարունակում են մոտ 20 հոգով հերթապահությունը, ու քանի որ տարածքի անմիջապես հետևում արդեն հայկական թաղամասն է՝ ավելի մեծ թվով մարդկանց կարիք չի զգացվում, մինչ այս պահը կարողացել են տարածքը պահել իրենց վերահսկողության ներքո։
«Այդ իսրայելական ընկերության ներկայացուցիչները տարբեր սադրանքներ ձեռնարկեցին, բայց ոչ մի բանի չհասան։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք, իրենք այդ խաղաղությունը վախի հետ շփոթեցին, սակայն նրանցից ոչ ոք 24 ժամից ավել չդիմացավ, նույնիսկ ոստիկանությունը։ Ոստիկանությունը իրենց կողմը բռնեց ու ասաց իբր դատարանի որոշում կա, իսկ նման բան գոյություն չուներ, այսինքն ոստիկանությունը ապօրինաբար աջակցություն է ցույց տվել իսրայելական ըներությանը»,-տեղեկացրեց Բալյանը։
Նա նշեց, որ իսրայելական ընկերությունը փորձում է մինչև դատական նիստի անցկացումը տարածքը վերցնել իր վերահսկողության տակ՝ այդպիսով կկարողանան իրերի ընթացքն իր հետաքրքրությունների շրջանակներում տանել։
«Մեզ անընդհատ այցելում են տարբեր երկրների հյուպատոսարաններից, օրինակ Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Բելգիայի։ ԱՄՆ-ի հյուպատոսն էլ է մեզ այցելել, հարցնում են` ինչպես ենք, ծանոթանում են տիրող իրավիճակին։ Իսկ Ֆրանսիայի հյուպատոսարանն էլ իր պաշտոնական էջով հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայկական թաղամասի դեմ հարձակումները պետք է դադարեցվեն, որ դա անընդունելի է»,- նշեց Երուսաղեմի հայկական համայնքի ներկայացուցիչը։
Ցանկացած անկանխատեսելի իրավիճակում համայնքի բնակիչների հետ կապը «Վոթսափ» հավելվածի միջոցով են պահում և անհրաժեշտության դեպքում օժանդակ ուժեր կգան օգնության։
«Որքան պետք է, այնքան էլ կմնանք։ Թող իմանան, որ հայն իր հողի համար պայքարելու է և չի զիջելու»-ասաց Բալյանը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգի» կոչվող հատվածում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Երուսաղեմի պատրիարքը իսրայելական ընկերության հետ կքնված պայմանագիրը չեղարկեց (այդ ընկերությունը զվարճանքի վայրեր էր պատրաստվում կառուցել)։ Անմիջապես այդ ընկերության աշխատակիցներն ու մեկ տարվա ընթացքում այնտեղ հաստատված հրեաները հարձակում էին սկսել, անկարգություններ կազմակերպել, սակայն հայ համայնքի տղամարդիկ կարողացել էին հայկական թաղամասի նկատմամբ հակաօրինական նպատակներ ունեցող ու Իսրայելում վատ վարկանիշ ունեցող ընկերության ներկայացուցիչներին հետ շպրտել ու հայկական վերահսկողության տակ պահել Երուսաղեմի հայկական պատրիարքարանին պատկանող տարածքը։