Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ քաղաքացիներին հորդորելով զինվորների համար սնունդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրմամբ չզբաղվել, այդպիսի մասնավոր նախաձեռնություններով հանդես չգալ, քանի որ դրա կարիքը չկա՝ իրենք այդ հարցերով զբաղվում են։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։
Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Սոցիալական ոլորտին առնչվող հարցերի դեպքում առաջարկում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ 114 կամ 044 17 03 21 հեռախոսահամարներով»։
Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք նկատել են հրապարակումներ, որ այսինչ վայրում իբրև թե սնունդի կարիք կա, բոլորին խնդրում են, եթե կան կոնկրետ դեպքեր, դիմեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի խուճապ հարուցող գրառումներ չլինեն։