Ապրիլյան հեղափոխությունից հետո կառավարող շրջանակներում խոսվում էր արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, դիվանագիտական հին կադրերին նորերով փոխարինելու մասին, քանի որ նախկիններն այլեւս չեն կարող նոր իրողությունները ներկայացնել արտերկրում։
Այդ իսկ պատճառով էլ ՀՀ մի շարք դեսպաններ հետ կանչվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։ Սակայն, որքան էլ տարօրինակ է, ՀՀ վարչապետի որոշմամբ օրերս ՀՀ արտգործնախարարի տեղակալ նշանակվեց Ավետ Ադոնցը, որը ժամանակին, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատելիս, հայտնի է եղել սկանդալային պատմությունների մեջ հայտնվելով։ Այդ մասին էլ քանիցս գրել է մամուլը։ Ավետ Ադոնցի կենսագրությանը ծանոթանալիս՝ պարզվում է, որ նա իր դիվանագիտական կարիերան սկսել է Հայաստանի անկախության արշալույսին։
Նա 1991թ․ եղել է ՀՀ արտգործնախարարի օգնական, հետո էլ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում։ 1998-2001թթ․ նա եղել է ԵՄ-ում ՀՀ առաքելության խորհրդական, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 2002-2007թթ․՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։ 2007թվականին էլ նա ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով, նշանակվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Իսկ ահա արդեն Սերժ Սարգսյանի օրոք Ավետ Ադոնցը վայելել է եվրոպական մի քանի երկրներում դեսպան լինելու բերկրանքը։ Նա եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բելգիայի թագավորությունում, Նիդեռլանդների թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, Իսպանիայի թագավորությունում։ Ժամանակին մամուլում եղան հրապարակումներ, թե ինչպես է Ավետ Ադոնցը «Rolexs” ժամացույցներ, բարձր կարատանոց ադամանդյա քարեր բերել Հայաստան, ինչն էլ գրավել է Բելգիայի հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Նույնիսկ, ըստ մամուլի հրապարակումների, Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել ՀՀ ԱԳՆ եւ ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել ՀՀ։ Խնդիրն այն է, որ Եվրոպայում գործում է օրենք, համաձայն որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնումներ կատարելիս հենց խանութում հետ են ստանում վճարված գումարի 21 %-ը։ Իսկ Ադոնցն իր գնումներն անարգել, առանց մաքսազերծման անցկացրել է Հայաստան։
Ինչո՞ւ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը նախընտրեց Ավետ Ադոնցին նշանակել ՀՀ արտգործնախարարի տեղակալ, որքանո՞վ նախկին երեք նախագահների օրոք «ջրի երեսին» մնացած եւ սկանդալային պատմություններով հայտնի նախկին դեսպանը կարող է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության բերած արժեքներին։ Փորձեցինք այս նշանակման հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։ Պարզվեց, սակայն, որ նա տեղյակ չէր նշանակումից, այնուհետեւ հրաժարվեց մեկնաբանել այն։ Հատկանշական է, որ e-gov.am կայքում վարչապետի որոշմամբ հունվարի 29-ին Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է մամուլի խոսնակ, մեկ այլ որոշմամբ նույն օրը Ավետ Ադոնցը նշանակվել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ։