Հարցազրույց

«Հրապարակ». Եթե մի իշխանություն մինչեւ հոգու խորքն ատում է հայ ժողովրդին, ի՞նչ սպասել նրանից

«Հրապարակ». Եթե մի իշխանություն մինչեւ հոգու խորքն ատում է հայ ժողովրդին, ի՞նչ սպասել նրանից

Բաքվում մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ կան, նրանց թվում` նաեւ Արցախի 8 բարձրաստիճան գործիչներ։ Մի քանի օր առաջ էլ Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց 69-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն անում մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ, անգամ չեն խոսում այդ մասին միջազգային հարթակներում: Անհայտ է նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում գերության մեջ հայտնված ժամկետային զինծառայողների ճակատագիրը: Հայաստանի իրավապաշտպանները, ՀԿ-ներն էլ, փոխանակ եվրոպաներում դրա մասին աղաղակեն, մեկնում են Բրյուսել, ինչ-որ անիմաստ համաժողովներ են անում, բերանները բաց ծիծաղում-լուսանկարվում, իսկ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները խոշտանգվում են: Գերիների ճակատագրով թերեւս միայն նրանց հարազատներն են մտահոգ, նրանք էլ մեծ հնարավորություններ չունեն, որ կարողանան իրենց հարազատներին վերադարձնել: Մենք տեղեկացանք, որ ինչ-որ անհատ անձինք են զբաղվում այս հարցով: Զրուցել ենք ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանությունները գործուն քայլեր չեն ձեռնարկում՝ գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ: Ի՞նչ կարող են անել նրանք այս առումով:

- Նախ պետք է պետություն լինի, իշխանություն լինի, որ անելիք էլ լինի: Մենք չունենք պետություն, ուստի չունենք անելիք: Մեր երկիրը գտնվում է թշնամու ձեռքին: Ի՞նչ եք ակնկալում: Չկա նման պետություն, որ ղեկավարվի թշնամու կողմից, եւ այդ պետության օգտին քայլեր արվեն: Ադրբեջանն ինչպես Արցախն է օկուպացրել, այդպես էլ մեր պետականությունն է օկուպացրել՝ իր դրածոներով: Եթե մի իշխանություն մինչեւ հոգու խորքն ատում է հայ ժողովրդին, ի՞նչ կարող է անել այս առումով:

- Այդ դեպքում ո՞վ պետք է հայ ռազմագերիների մասին մտածի, եթե փաստացի իշխանություններն անգործության են մատնված:

- Գերիների մասին էլ ո՞վ պետք է մտածի` իրենց հարազատներն ու ընկերները: Եթե նորմալ երկիր լիներ, պետությունը պետք է հոգար այդ հոգսերը: Օրինակ` Իսրայելում հասարակ ժողովուրդը գերիների համար խեղդում է սեփական պետությանը, բայց Իսրայելն ունի իշխանություն, նորմալ պետություն է, իսկ, ցավոք, մենք ո՛չ իշխանություն ունենք, ո՛չ էլ պետություն: Տո սրանց շատ պե՞տքն է, թե այդ մարդիկ Բաքվում ինչ խոշտանգումների են ենթարկվում: Այս մարդկանց մեր գերիները չեն հետաքրքրում:

- Իսկ գերիների հարազատները, ընկերները, որոնք գուցե մեծ կշիռ ու ֆինանսեր ունեն, ի՞նչ կարող են անել:

- Դե, ինչպես զոհված զինծառայողների ծնողներից ոմանք իրենց երեխաների արյունը փոխեցին սրանց տված գրոշներով: Չգիտեմ, թե գերիների հարազատների հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել սրանք: Զարմանալի է, բայց նրանցից ոչ մի ձայն չի լսվում: Այս իշխանությունները ոչինչ անող չեն, այդ ուղղությամբ սրանցից ոչինչ սպասել պետք չէ:

- Իսկ ո՞վ ունի հայ ռազմագերիներով զբաղվելու ռեսուրս:

- Օրինակ` միջազգային կառույցները երկակի ստանդարտներով երեսպաշտությամբ են զբաղվում: Եվրոպական կառույցներն Ադրբեջանին` հանուն նավթի, իրենց պարտնյոր են համարում: Այն, ինչ մենք լսում էինք՝ Եվրամիություն, մարդու իրավունքներ, եվրոպական արժեքներ, դրանք փաստացի սուտ էին: Միշտ էլ ուժեղի մոտ թույլն է մեղավոր, եւ այդ կառույցները միշտ էլ ուժեղի կողմն են եղել: Ադրբեջանը նավթ ունի` վերջ…. Արցախը սպիտակ գենոցիդի ենթարկվեց, ի՞նչ արեց Արեւմուտքը: Մի փոքր Կոսովոյի համար իրենց պատռում էին: Բա հիմա ինչո՞ւ են լուռ: Մի փոքր բան են հայտարարում, այդ էլ՝ ռուսների հետ թշնամացնելու նպատակով, իբրեւ մի մեծ բան արեցին:

- Ադրբեջանը հայտնի է իր կոռումպացված բարքերով: Գուցե հնարավոր է գումարի միջոցով կամ անձնական կապեր օգտագործելով՝ գերիներին վերադարձնել: Դրսում կան հեղինակություն ունեցող հայեր:

- Այդ խնդիրը չի կարող նման կերպ լուծվել: Ես չեմ սիրում ուրիշների դրամապանակի մեջ մտնել, ասել` սա փող ունի, նա փող չունի եւ այլն: 

- Իսկ անձնական կապերը գործի դնելով հնարավոր չէ՞ ինչ-որ բան անել:

- Չգիտեմ, բայց այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով: Փողատերը շատ փող ունի, բայց ո՞նց կաշառել, գիշերը գողանալ գերիներին ու բերե՞լ: Կարծում եմ, որ ֆինանսական ռեսուրսներ ունեցողներն առաջին հերթին պետք է պայքար կազմակերպեին` սրանց դեմ:

- Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանն է գերիների հարցերով սկսել զբաղվել: Դուք նրա հետ մտերիմ եք, տեղյակ չե՞ք՝ ինչ է անում:

- Մտերիմ եմ, բայց Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչինչ չգիտեմ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image