Հարցազրույց

Գազի թանկացման հայտ դեռ չկա, հոսանքի մասով էլ եկող տարվանից մեծ փոփոխություններ են սպասվում

Գազի թանկացման հայտ դեռ չկա, հոսանքի մասով էլ եկող տարվանից մեծ փոփոխություններ են սպասվում

Առաջիկայում գազի, ջրի եւ հոսանքի սակագների փոփոխություն՝ բարձրացում, կարծես թե չի նախատեսվում։ Մինչեւ դեկտեմբեր կլինի ջրի սակագնի փոփոխության հայտի քննարկում, որը, եթե բարձրանա էլ, կսուբսիդավորվի կառավարության կողմից։ Փոխարենը, 2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի ոլորտում են արմատական փոփոխություններ սպասվում, քանի որ կառավարությունը նախատեսում է բարեփոխումների ծրագիր իրականացնել՝ կապված էլեկտրաէներգիայի շուկան ազատականացնելու հետ, որի արդյունքում հոսանք արտադրողները կկարողանան գործել ազատ շուկայական հարաբերություններում՝ ՀԾԿՀ-ից անկախ։ Այս ամենը երեկ մեզ փոխանցեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա նաեւ նշեց, որ այս պահին սպասում են էներգետիկ հաշվեկշռին, եւ կախված այն բանից, թե ինչ դրական ու բացասական գործոններ կան, հետո արդեն կկարողանան սպառողի վերջնական սակագնի վերանայման վերաբերյալ կարծիք հայտնել եւ նախնական պատկեր կունենան, թե համակարգում ինչ խնդիրներ ունեն։

«Ընդ որում, փետրվարի 1-ից ազատականացման ու բարեփոխումների շրջանակում մոտ 20 տոկոս էլեկտրաէներգիա ազատականացվելու է, այսինքն՝ էդ մասով այլեւս սակագին չենք սահմանելու։ Կլինեն համապատասխան առեւտրային կանոններ, որոնք հնարավորություն կտան խոշոր սպառողներին, որոնք միացած են 110 կվտ լարման գծերին եւ տարեկան ունենում են 1 միլիոնից ավելի սպառող, էդ սպառողների կատեգորիան կարող է ընտրել մատակարարներ կամ ինքնուրույն շուկայում գտնել էլէներգիա։ Այսինքն՝ իր գինն այլեւս մեր կողմից պարտադրված կամ սահմանված չի լինելու»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

- Իսկ ո՞ր ընկերությունները կկարողանան այդ բորսայում ազատ էլեկտրաէներգիա վաճառել։

- Դա կանոններով նախատեսված է՝ ատոմակայանը եւ Սեւան-Հրազդան կասկադն իրենց արտադրանքը կարգավորվող գներով՝ սպառման համամասնությամբ, կարող են բոլորին վաճառել էդ գնով։ Նշեմ, որ լինելու են ինչպես կարգավորվող, այնպես էլ չկարգավորվող գներով հարթակներ։ Մնացածն արդեն պետք է տեսնեն՝ ինչ առաջարկներ կան։ Դրանք կարող են լինել, օրինակ, երաշխիքն ավարտված վերականգնվող էներգետիկ կայաններ, եթե 15 տարվա պետական երաշխիքն ավարտվել է, իրենք ազատ են՝ դուրս գալ շուկա, գտնել սպառող եւ վաճառել էլեկտրաէներգիան։

- Այդ ամենի արդյունքում շարքային սպառողի համար հոսանքի գնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։

- Մինչեւ հաշվեկշիռը չունենանք, նման եզրակացություն անելը շատ վաղաժամ է։ Նոյեմբերի 1-ից կունենանք բալանսը, իսկ մինչեւ դեկտեմբերի սկիզբը կունենանք պատկերը։

- Գազի սակագների մասով փոփոխություն ապասվո՞ւմ է, եւ պե՞տք է «Գազպրոմն» ամեն տարի փոփոխության հայտ ներկայացնի։

- Պարտադիր չէ, որ հայտ ներկայացնի, մեթոդիկայի համաձայն՝ մենք, էս տարվա ծավալներով պայմանավորված, փոխարժեքով պայմանավորված հաշվարկն անում ենք, հասկանում ենք՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կա իր մոտ, ու նոր վերանայումն անում ենք։

- Բայց ընկերությունը չպե՞տք է դիմի դրա համար, որ դուք հաշվարկն անեք։

- Օրենքը նախատեսում է երկկողմանի՝ կա՛մ ընկերությունն է դիմում, կա՛մ հանձնաժողովն ինքն է նախաձեռնում։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ դրական գործոնները շատ են, եւ ազդեցությունն էնպիսին է, որ պետք է վերանայվի, բնականաբար՝ մենք մեր նախաձեռնությամբ վերանայման գործընթացն սկսում ենք։ Հիմնականում, սակայն, սակագնի իջեցման հնարավորության դեպքում ենք վերանայում, հակառակ պարագայում՝ իրենք են հայտով դիմում։

- Հիմա իրենք չե՞ն դիմել գազի սակագնի վերանայման հարցով։

- Չէ, որովհետեւ տարին իրենց համար ավարտվում է ապրիլի 1-ին։

- Այսինքն՝ այս պահին գազի թանկացման նախնական ռիսկ չեք տեսնում։

- Չէ, էս պահին չկա։

- Իսկ «Հրազդան 5»-ի գործարկումը սկսվե՞լ է։ Որքան հիշում եմ՝ անընդհատ հետաձգվում էր։

- Արդեն գործարկվել է, եւ այդ ազդեցությունը ներառված է սակագնի մեջ։ Դոլարի փոխարժեքի նվազեցումը թույլ տվեց, որ մենք օգոստոսի 1-ին ներքին վերանայում անենք, եւ այդ ազդեցությունը չեղավ այս պահին։ «Հրազդան 5-ի» այդ գործարքը, որ համաձայնագիր է ստորագրել «Գազպրոմի» հետ, որ առաջիկա 10 տարիներին, եթե սահմանին գազի գինը պահեն 165 դոլար, իրենք էլ «Հրազդան-5»-ում լրացուցիչ կներառեն 34.8 մլն դոլար հաստատուն ծախսեր՝ իր կատարած ներդրումների եւ ծախսերի փոխհատուցման համար, էդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ է, օգոստոսի 1-ից արդեն էդ 34.8 մլն դոլարը ներառված է իր էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այսինքն՝ էս փոխարժեքը, որ էսպես կտրուկ նվազեց, դոլարի ազդեցությունը բավականին նվազեց, եւ հենց դոլարով է ֆիքսված համաձայնագրում, արդյունքում հնարավոր եղավ օգոստոսի 1-ին ներքին սակագների վերանայում անել, որ մեր ներքին ռեսուրսի հաշվին որեւիցե սպառողի սակագին չբարձրացնեն։

- Հիմա ի՞նչ գնով է «Հրազդան-5»-ը հոսանք վաճառում ՀԷՑ-ին, քանի որ նախկինում, եթե ճիշտ եմ հիշում, սակագնի հետ կապված խնդիր կար։  

- Կա երկդրույք սակագին, իրենց դեպքում երկդրույք է, հիմա մոտ 25 դրամ է, եթե չեմ սխալվում։ Եթե միադրույք է լինում, բնականաբար՝ ավելի թանկ է ստացվում, որովհետեւ ամբողջ հասույթը բաժանվում է միայն էլեկտրաէներգիայի ծավալի վրա, եւ ստացվում է ավելի բարձր։ Հիմա վաճառում է ՀԷՑ-ին, բայց եկող տարվանից նոր շուկայի պայմաններում, քանի որ լինելու է համակարգային ծառայություն, ինքն ուղղակի ՀԷՑ-ին չի վաճառի։ Այսինքն՝ «Հրազդան-5»-ն էլ է լինելու բորսայում եւ որպես պահուստավորված հզորություն՝ աշխատելու է համակարգի պահանջարկը բավարարելու համար։ Այսինքն՝ համակարգում լինելու է հաշվեկշիռների ծառայություն մատուցող ընկերություն, որը դրված է Երեւանի ՋԷԿ-ի վրա, եւ այդ ընկերությունն ունի լիազորություններ՝ պահուստ գնել, վաճառել, ընդունել․․․ բավականին մեծ բարեփոխում է սպասվում, մեկ-երկու բառով դժվար չէ նկարագրել։ Ցանկացած սպառող, որը դուրս է եկել շուկա, ինքն արդեն պատասխանատվություն է կրելու իր հայտարարած էլեկտրաէներգիայի համար, այսինքն՝ ինչ սպառում որ հայտարարել ես, դա պետք է առնես, իսկ եթե ավել ես գնել, նույն պահին կարող ես վաճառել, եւ էդ հաշվեկշիռների ծառայություն մատուցող ընկերությունը բոլոր էդ հարցերը կարգավորում է։ Այսինքն՝ բավականին տարբերվող մեխանիզմ է, բավականին մեծ բարեփոխում է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image