Քիչ հետո Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, որին առանձնահատուկ են պատրաստվել կազմակերպիչները; 13 տարի անց կրկին քաղաքապետարանի շենք վերադարձած Ղուկասյանն, իր խոսքով, այդ արարողությանը խիստ պատասխանատվությամբ է վերաբերում, հանդիսավոր խոսք է պատրաստել։
Hraparak.am-ը ֆիքսեց համայնքապետարանի նախասրահում հյուրերի համար նախատեսած ֆուրշետի շքեղ սեղանը, որը նախասրահի ողջ երկայնքով ձգվում է։ Նշենք, որ ոչ միայն պաշտոնատար անձինք են ներկա գտնվելու քաղաքապետի երդման արարողությանը, այլ թաղի բնակիչներն ու բարեկամ-ծանոթները։
Հրավիրված են մարզպետը, փոխմարզպետները, հյուպատոսներ, բուհերի դասախոսներ, դատավորներ, ոստիկաններ, զինվորականներ, երկաթուղայիններ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը մեզ հետ զրույցում ասել էր` թող հրավիրեն, կորոշի գնալ, թե ոչ։
Նշենք, որ հրավիրյալների թվում են նաև 102-րդ ռազմաբազայի բարձրաստիճան զինվորականները, որոնք արդեն իսկ ժամանել են համայնքապետարան։



