ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից` հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները Արցախին չպետք է միայնակ թողնեն:
Hraparak.am-ը հետաքրքրվեց` իրենք հայտարարում են, թե ինչեր պետք է անի իշխանությունը, իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, եթե այս իշխանությունները Արցախը վերջնականապես հանձնեն Ադրբեջանին:
Նաև հարցրինք` իրենք, բացի սեփական օրակարգով ԱԺ վերադառնալուց և իշխանության հետ կառուցողական քննարկումների մեջ մտնելուց, պատրաստվո՞ւմ են, արդյոք, իրենց ընտրողներին նորից հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնած դավաճան կապիտուլյանտի մեկն է:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց գնահատականներում որևէ բան չի փոխվել, բայց չկրկնեց իրենց գնահատականները, որ իմանայինք` իրենց համար Նիկոլ Փաշինյանը շարունակո՞ւմ է դավաճան ու կապիտուլյանտ համարվել, թե՞ իրենց օրակարգում բան է փոխվել:
Խաչատրյանը միայն ասաց, որ իրենք դիմել են իրավապահներին, որ քննությունը պարզի` Նիկոլ Փաշինյանի կողմից կա՞ դավաճանություն, թե՞ ոչ:
Նկատեցինք` իրավապահնե՞րը պետք է պարզեն` Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ ոչ, իրենք առնվազն քաղաքական գնահատական չունե՞ն այդ հարցում, Խաչատրյանը նորից հիշեցրեց, որ իրենց գնահատականներում որևէ բան չի փոխվել` այդպես էլ խուսափելով գնահատականներ հնչեցնել: Իսկ նրա հետ ճեպազրույցին ներկա Ագնեսա Խամոյանն առհասարակ որևէ բան չասաց այս մասով:
Մանրամասն՝ տեսանյութում