Եվրոպական խորհրդի 47 անդամ պետությունների Նախարարների կոմիտեն հորդորում է (12.03.2021) Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել իրավապաշտպանների և կառավարության քննադատների իրավունքները, ինչպես պահանջում է Մամեդլիի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ընդդեմ Ադրբեջանի:
Տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից։
Այս խմբի վերաբերյալ Կոմիտեի միջանկյալ որոշումը հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկելու համար իր վերջին նիստից հետո: Նախարարների կոմիտեն հիշեցնում է, որ այս խմբի յուրաքանչյուր դիմումատուի գործերի վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում (Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները)` 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հետ մեկտեղ՝ բացահայտելով «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության գործիչների և իրավապաշտպանների կամայական ձերբակալման ու կալանավորման անհանգստացնող օրինակը պատասխան հետապնդումների և քրեական օրենսդրության չարաշահման միջոցով՝ ի հեճուկս օրենքի գերակայության»:
Անար Մամեդլին ադրբեջանցի իրավապաշտպան է, ով 2013-ի դեկտեմբերի 16-ին ձերբակալվել և բանտարկվել էր ՝ 2013-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունները բացահայտ քննադատությունից հետո։ Չնայած միջազգային բողոքներին՝ 2014-ի մայիսին Մամեդլին դատապարտվել էր ավելի քան 5 տարվա ազատազրկման: 2014թ. սեպտեմբերի 29-ին, մինչ նա կալանքի տակ էր, Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից արժանացել էր Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակին։
«Կոմիտեն խորապես ցավում է, որ չնայած իր համառ ու կրկնած ցուցումներին, Դատարանի եզրակացությունների լրջությանն ու պահանջվող միջոցառումների հրատապությանը, դիմումատուների վիրավորական դատապարտումները դեռևս պահպանվում են, ու նրանք շարունակում են կրել քրեական մեղադրանքի բացասական հետևանքները, որ լռության մատնեցին ու պատժում են նրանց՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և արհամարհելով օրենքի գերակայության սկզբունքը», - նշվում է ԵԽ ՆԿ հայտարարության մեջ։
Կոմիտեն հիշեցնում է Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից 2020 թվականի ապրիլին ընդունված որոշումները, որոնք անվավեր են ճանաչում «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի և իրավապաշտպան Ռասուլ Սաֆարովի դատավճիռները և նրանց փոխհատուցում են տրամադրում ապօրինի ձերբակալման և ազատազրկման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի համար: Այս որոշումներից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերին, Նախարարների կոմիտեն դադարեցրեց իրենց գործերի վերահսկողությունը:
Կոմիտեն իր միջանկյալ որոշմամբ վճռականորեն կրկնում է, որ, ինչպես հաստատեց Դատարանը, խմբի մնացած գործերով լրիվ վերականգնումը (restitutio in integrum) պահանջում է չեղյալ հայտարարել դիմումատուների դատավճիռները, նրանց մասին քրեական գրառումների հեռացումն ու նրանց դեմ հարուցված քրեական մեղադրանքի բոլոր մյուս հետևանքների վերացումը՝ ներառյալ՝ նրանց քաղաքացիական ու քաղաքական իրավունքները լիովին վերականգնելով:
Կոմիտեն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ բոլոր դիմումատուների նկատմամբ ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ անհատական միջոցները՝ որպես առանցքային առաջնահերթության և խիստ հրատապության, և համապատասխան տեղեկատվությունը Կոմիտեին ներկայացվի ամենաուշը մինչև 2021-ի ապրիլի 30-ը:
Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին, Կոմիտեն կոչ է անում թիրախավորված և արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ խախտումների հիմնական պատճառները լուծելու համար, մասնավորապես՝ քրեական օրենսդրության չարաշահումը և պատասխան հետապնդումները, որը կարող է ներառել Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի համապատասխան առաջարկությունների իրականացումը՝ ամրապնդելու դատական իշխանության ու դատախազության անկախությունը:
Կոմիտեն վերջապես հետաքրքրությամբ նշում է դատական նիստերի ընթացքում ամբաստանյալներին մետաղական ճաղավանդակներում տեղավորելու պրակտիկայից հրաժարվելու միջոցների մասին իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը: