Երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Գյումրու համայնքապետի թեկնածուները նախընտրական բանավեճի ժամանակ միմյանց մեղադրեցին ստելու մեջ։ Մասնավորապես ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը խոսեց այն գյումրեցիների մասին, ովքեր, իր պնդմամբ՝, փող են վճարել Արցախում չծառայելու համար։ Մինասյանը նաև նշեց. «Ում երեխան Ղարաբաղ էր ընկնում, որ ծառայեր, իրեն դժբախտ էր զգում»: Գուցե Սարիկ Մինասյանի խոսքերում կա ճշմարտության տարր, գուցե շատ ծնողներ սարսափով են իրենց որդիներին Արցախ՝ զինվորական ծառայության ճանապարհել, գուցե շատ ծնողների համար իրապես զինվորական ծառայության այդ երկու տարիները մղձավանջային են եղել, բայց ո՞վ ասաց, որ այսօր իր որդուն Գորիս, Վարդենիս, Նոյեմբերյան ու շատ այլ սահմանամերձ շրջաններ բանակ ուղարկող ծնողը դա անում է երջանկացած, անհոգ, վտանգներից ապահովագրված:
Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով էլ չկա Արցախի Հանրապետությունը, էլ հայ զինվորը չի մեկնում Արցախ զինվորական ծառայության, բայց մի՞թե Արցախը հանձնելով Հայաստանի սահմանները դարձան ավելի ամուր, թե՞ հակառակը, ադրբեջանական ուժերը գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները, սահմանը երկարեց ու դարձավ թշնամու համար հասանելի, շատ բնակավայրեր դարձան սահմանամերձ: Քանի՞ զինվոր զոհվեց 2022-ի աշնանը Ջերմուկում, քանի՞ զինվոր գերության մեջ հայտնվեց` ՀՀ սուվերեն տարածքից: Տարեկան քանի՞ զինվոր է մահանում բանակում` ոչ ռազմական գործողություններ արդյունքում, քանի՞ անհետ կորած զինվոր կա այս պահի դրությամբ, դե իսկ 5000 զոհի մասին խոսելը ավելորդ է:
Այնքան ծնող, որ 44-օրյա պատերազմի արդյունքում եւ դրանից հետո է դժբախտացել, անցյալում, նույնիսկ` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ չի դժբախտացել: ՔՊ-ական որևէ մեկը, այդ թվում Սարիկ Մինասյանն այսօր ունի՞ իրավունք խոսել դժբախտացած ծնողների մասին: