Հայաստանում 2018 թվականից հետո հեղափոխական իշխանությունները հայտարարում էին, որ «Նոր Հայաստանում» բոլոր ոլորտներում` բանակում եւս, բարեփոխումներ են իրականացվելու: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանրության աչքն էր մտցնում, որ բանակում վերջապես լուծվել է այդքան «կարեւոր» զինվորի «տրուսիկ-մայկայի» հարցը, եւ բանակում զինծառայող ունեցող ծնողներն այլեւս զինվորին հիգիենայի պարագաներ, «մայկա-տրուսիկ» չեն ուղարկում, իսկ զինվորին արդեն կերակրում է «Արտ լանչը»` բազմազան ուտեստներով, եւ ամենակարեւորը` ավելացել է ելակը: Թեպետ դրանից հետո տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմը, եւ պարզվեց, որ չոր սննդի ու «պայոկների» համակարգը քանդելը եւ դաշտային ճաշարաններ չունենալը խիստ մեծ սխալ էր, եւ մեր կռվող զինվորներին օրերով չեն կարողանում սնունդ եւ հաց հասցնել:
Պատերազմից հետո էլ հայտարարվեց, որ հայկական բանակը սովետական բանակ է եղել, որը հնացած է, եւ մենք պետք է հրաժարվենք ռուսական բանակի մոդելից եւ արեւմտյան տիպի բանակ ստեղծենք` պրոֆեսիոնալ բանակ, որտեղ բարձր աշխատավարձ են ստանում եւ բոլորովին ուրիշ սկզբունքներով են ծառայում, բայց դրա համար ժամանակ եւ ֆինանսներ են հարկավոր: Եվ մեր հասարակությունը սկսեց համբերատար սպասել այդ գերժամանակակից բարեփոխումներին, որոնց արդեն 3 տարի է՝ սպասում ենք, բայց… ապարդյուն:
Այսօր էլ, չնայած մեծ-մեծ խոստումներին ու հայտարարություններին, պարզվում է, ոչ միայն մեր երկրի անվտանգության հարցերն են հարցականի տակ, այլեւ իրականում զինվորի կյանքում ոչինչ դեպի լավը չի փոխվել: Մենք կրկին խաղաղ պայմաններում զոհեր ունենք: Մեր զինվորները գիշերում են գոմերում ու ապրելու ոչ ենթակա կացարաններում, որտեղ երբեմն նաեւ հրդեհներ են բռնկվում եւ զինվորի կյանք խլում: Նորից ծնողները «մայկա-տռուսիկ» են ուղարկում բանակ, ավելի` ինքնասպանությունների եւ սպանությունների քանակն է աճել, թմրամիջոցներ են օգտագործում բանակում, խաղամոլությամբ են զբաղվում, եւ այդ արատավոր երեւույթներին մասնակից են ոչ միայն շարքային զինծառայողները, այլեւ՝ սպաները:
Մենք փոքրիկ զրույց ունեցանք տիկին Գայանեի հետ, ում որդին արդեն ուղիղ մեկ տարի է՝ զորակոչվել է բանակ` շարքային զինծառայող է: Տիկին Գայանեն մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում որդու անունը կամ ծառայության վայրը նշել, որպեսզի բանակում նրան չնեղացնեն, սակայն սիրով ներկայացրեց, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ ինչի կարիք ունի իր զինվոր որդին:
- Իշխանավորներն ասում են, որ բանակում զինվորների վիճակը լավացել է, լավ սնվում են, հիգիենայի պարագաների հարցը լուծված է, ծնողները ոչինչ չեն ուղարկում բանակ:
- Տղաս սննդից չի դժգոհում, թեպետ շատ է նիհարել, հյուծվել, սեւացել, սակայն ասում է` նորմալ է, հիմնականում մի քանի տեսակ ճաշ են ուտում, նախաճաշին էլ` ձու, կարագ, պանիր, մեղր, թեյ: Ինչ վերաբերում է հիգիենայի պարագաներին, ապա մենք ամեն ինչ ուղարկում ենք, այդ խնդիրը լուծված չէ: Բայց դե, գիտե՞ք ինչ, ես դա այդքան հիմա չեմ էլ կարեւորում, մեծ բան չէ ինձ համար ամսվա մեջ մի քանի հազար դրամի պարագաներ առնելը, կարեւորը՝ խաղաղություն լինի, երեխեքը ողջ-առողջ հետ գան տուն, հասնեն իրենց նպատակներին:
- Իսկ ի՞նչ է պատմում Ձեր որդին ծառայությունից, ինչպե՞ս է անցնում ծառայությունն առհասարակ:
- Դե, տղա երեխաներ են, որ ասեմ՝ էդպես ամեն ինչ ինձ մանրամասնորեն պատմում է, սուտ կլինի, բայց ես աչքերից զգում եմ, որ անհանգստություն կա: Դիրքեր է հաճախ բարձրանում, դա է հիմնականում իմ մտահոգությունը:
- Քանի՞ անգամ է այս ընթացքում տուն եկել, ձեզ այցելության:
- Մի քանի անգամ: Մի անգամ տանը դժբախտ դեպք էր եղել, այդ ժամանակ եկավ մի քանի օրով, մի անգամ էլ որպես լավ ծառայող տուն էին ուղարկել: Դա է եղել:
- Իսկ ի՞նչ է պատմում բանակի բարոյահոգեբանական վիճակից:
- Դե, ոչ մի կոնկրետ բան ինձ չի պատմում, երեւի ավելի շատ հորը, բայց ես անձամբ, որպես ծնող, եթե անկեղծ լինեմ` չեմ վստահում…. Չգիտեմ, շատ անհանգիստ եմ ընդհանուր վիճակից: Որ հատկապես լսում ենք էսքան մահեր, ընդհանրապես տեղներս չենք գտնում:
- Կարճ ասած` զինվորի կյանքում ոչինչ չի փոխվել, լավ բան չկա:
- Դե, էս անհանգիստ պայմաններում ի՞նչ լավ բան պետք է լինի:
- Ամսվա մեջ քանի՞ անգամ եք զինվորին «պայոկ» ուղարկում:
- Մեկ կամ երկու, բայց լիքը, որ ամբողջ ամիս դիմանա:
Արեգ Մարգարյան