Քաղաքականություն

«Քանի այդ մարդը կառավարության ղեկին է, մեր երկիրը շատ լուրջ վտանգի մեջ է» 

«Քանի այդ մարդը կառավարության ղեկին է, մեր երկիրը շատ լուրջ վտանգի մեջ է» 

Փետրվարի 10-ին Ազգային ժողովում անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անդրադարձել էր Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակմանը։

«Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Եվ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և, կրկնում եմ, մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի մեր շուրջը, մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Եվ կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»,- նշել էր Այվազյանը։

44-օրյա պատերազմի հետո թուրք-ադրբեջանական կողմը շարունակ պնդում է, որ «ԼՂ հակամարտությունը լուծել է ռազմական ճանապարհով»։

Բայց ի տարբերություն Այվազյանի այս ելույթի՝ 44-օրյա պետերազմից հետո իմքայլական իշխանությունները բազմիցս ընդգծել են ԼՂ հակամարտության համապարփակ լուծման անհրաժեշտության մասին, Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Իսկ արդեն փետրվարի 10-ին ԱԳ նախարար Այվազյանը նշել էր․ «Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Եվ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։ 

ԱԳ նախարարի այս խոսքերն ավելի շատ է հարցեր առաջացնում, քան պատասխաններ է տալիս, ի՞նչ է նշանակում «ստատուս-քվոյի փոփոխություն»։

Այվազյանի հայտարարության մասով քաղաքագետ Սարո Սարոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սա մտնում է իշխանությունների ներկայումս վարած քաղաքականության տեսլականի մեջ։ 

«Իսկ ներկայումս կա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որը գալիս է դեռեւս տասնամյակներ առաջ՝ իր հոգեհորից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Եվ այդ քաղաքականությունը ենթադրում է, որ եթե հայ ժողովուրդն ամեն գնով ձերբազատվի իր իրավունքներից, դրանով հիմք կտա տնտեսական կամ այլ տեսակ առավելություններ ստանալու համար։ Այս ամենն ընդհանուր մի փիլիսոփայություն է, որն ընկած է Հայաստանի քաղաքականության հիմքում։ Եվ թվում է, թե որքան շուտ մենք ձերբազատվենք մեր իրավունքներից, այդ թվում՝ Արցախի հետ կապված, ցանկացած իրավունքներից, որ հայ ժողովուրդն ունի, որքան շուտ մենք այդ խնդիրներից (նրանք [իմքայլական իշխանությունները] դա որակում են որպես «խնդիրներ») ձերբազատվենք, լուծում կլինի։ Վերջնարդյունքում դա նշանակում է իրավունքներից հրաժարվել։ Այդ իրավունքներից հրաժարվելու արդյունքում չեն լինի այդպիսի խնդիրներ, հանգամանքներ, և Հայաստանը «բնականոն հարաբերություններ կհաստատի իր հարևանների հետ», «կսկսի զարգանալ» և այլն։ Արտգործնախարարի հայտարարությունն այդ փիլիսոփայության հերթական դրսևորումն էր։ Այդ մարդիկ անզոր են աշխարհը հասկանալու, այդ մարդիկ ոչ միայն անզոր են, այլև պատերազմում պարտությունը չի ազդել այդ մարդկանց արատավոր մտածողության վրա»,- ընդգծեց քաղաքագետը։ 

Ըստ նրա՝ իշխանությունները հիմա էլ սին պատրանքներ, սին հույսեր ունեն, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմաններ կբացի և այլն։ «Թուրքիան միգուցե երբևէ Հայաստանի հետ սահմաններ բացի, բայց միայն դեպքում, երբ դա կբերի իր էքսպանսիային Հայաստանի ներսում և Հայաստանի առավել խորը ոչնչացմանը, առավել խորը ենթակայությանը՝ այս անգամ արդեն Թուրքիայից։ Սրանից ավել պետք չէ մեկնաբանել»,- շեշտեց Սարո Սարոյանը։

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին Այվազյանն անդրադարձել էր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը, թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Մեկնաբանելով Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման հարցը՝ Այվազյանը հիշատակել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ սադրիչ հայտարարությունները, Հայաստանի՝ 2008-09 թվականներին նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունն [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված] ու դրա արդյունքում Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը, որից հետո Թուրքիան հրաժարվել էր կատարել իր պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատրվակներ։ Իսկ պատրվակներից մեկն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։ 

- Բայց, պարո՛ն Սարոյան, օրինակ՝ դեկտեմբերի 7-ին կամ դրանից առաջ այլ հայտարարություններում իշխանությունները խոսում էին Արցախյան հարցի համապարփակ կարգավորումից, խոսում էին Արցախի օկուպացված տարածքների ազատագրումից։ Նաև Արա Այվազյանը հիշատակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, 2008-09 թվականների Ցյուրիխյան արձանագրությունները։ Այսինքն՝ ինչո՞ւ շեշտակի փոփոխություններ եղան իրենց հայտարարություններում։

- Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել։ Ես Ձեր առաջին հարցի պատասխանում ասեցի ամբողջ փիլիսոփայությունը, որ կա։ Իրականում ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, եթե այդ մարդիկ կարծում էին, որ խնդրի լուծումը խնդրից ձերբազատվելու մեջ է։ Եվ հիմա էլ շարունակում են նույն քաղաքականությունը վարել։ Այն ժամանակ, երբ որ հայտարարել են խնդրի լուծման մասին, որը Դուք հիմա նշում եք, իրենք դրա տակ չեն ենթադրել խնդրի այնպիսի լուծում, որը Ձեր մտքում կա։ Կամ որը մեր պետական շահերից է բխում, մեր ազգային իղձերից է բխում։ Ոչ, Դուք եք սխալվում։ Այդ մարդկանց մտածողության հիմքում բոլորովին այլ բան է ընկած։ Այն հայտարարությունները, որտեղ իրենք նշում են ինչ-որ խնդրի մասին, նշանակում է ձերբազատվել, մի կողմ թողնել, կտրել, տալ, ամեն ինչ տալ, զրկել մեզ ամեն տեսակի փաստարկից, իրավունքից, ռեսուրսից, մենակ թե այդ խնդիրը չլինի, որպեսզի մեր դեմ դրվող ինչ-որ պատճառներ (Թուրքիան պատճառ էր բռնում, չէ՞, որ «քանի դեռ Ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, ինքը չի բացելու սահմանը»)։ Այ նման կարգի ցանկացած պատճառներ չլինեն, որպեսզի «Հայաստանը բնականոն հարաբերություններ հաստատի հարևանների հետ, տվյալ դեպքում՝ Թուրքիայի հետ և սկսի զարգանալ»։ Հիմա եթե դա դարձել է ինքնանպատակ՝ առանց հասկանալու, առանց գիտակցելու, առանց այդ գիտելիքն ունենալու, ինքնանպատակ է դարձել մեզ ամեն ինչից զրկել, միայն թե իդեաֆիքսն ի կատար ածվի, Թուրքիայի հետ ինչ-որ սահմաններ բացվեն։ Մենք դրա պտուղներն ենք կրում։ Սա է այն, ինչը որ կատարվում է։ Ոչինչ էլ չի փոխվել։ Նույն քաղաքականությունն է, որ եղել է։

Այվազյանի հայտարարության մասով քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց․ «Նախ մի կողմ դնենք, որ արտգործնախարարի խոսքերը դիվանագետի խոսքեր չեն։ Որովհետև եթե ինքը բարձրացնում է սահմանների բացման հարցը, ապա նման ձևակերպումներով դա չեն անում։ Որից [ԱԳ նախարարի հայտարարությունից] ենթադրվում է բացվել են Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, ապաօկուպացիա է տեղի ունեցել [ԱԳ նախարար․ «Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ»], որից պետք է սահմանները բացվեն։ Գոնե այս դեպքում նման ձևի չեն արտահայտվում»։ 

Դանիելյանը խորհուրդ տվեց բացել ու կարդալ «2018 թվականին շատ հետաքրքիր այցերի ժամանակ արված հայտարարությունները»։ 

«Խոսքը վերաբերում է Բոլթոնի հայտարարություններին, որոնք շատ ուշագրավ էին։ Եվ այնտեղ այդ արտահայտությունները կային։ Որ «ժամանակն է, որ Արցախյան, Ղարաբաղյան կոնֆլիկտն իր լուծումը ստանա, որից հետո կբացվեն, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական սահմանները»։ Սա Բոլթոնի հայտարարությանն է վերաբերվում։ Նաև խորհուրդ կտամ (նաև շատերին) ևս մեկ անգամ բացել և կարդալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսի խոսքերը՝ 2018 թվականի հրաժեշտի խոսքերը։ Շատ մեծ հարցազրույց էր տվել և՛ ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ, և՛ Իրանի նկատմամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ։ Եվ այդտեղ շատ հետաքրքիր մտքեր կան, որտեղ արդեն նախանշվում էր այն ամենը, ինչը որ Հայաստանում արդեն տեղի ունեցավ։ Ես ինչի՞ համար եմ սա ասում։ Այդ սահմանների բացման հարցը, կարծես թե, Բոլթոնի, դեսպանի և նաև միջազգային շատ կարևոր դերակատարների խոսքեր են՝ որ «ինչ-որ ձևի այս հակամարտությունը լուծման է գալու, որից հետո սահմանները պետք է բացվեն», ինչն իրենց համար կարևոր է», - պարզաբանեց քաղաքագետը։

2018-ի հոկտեմբերի 25-ին Ամերիկայի Միացյալ նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական (2018-19) Ջոն Բոլթոնը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանին։ Բոլթոնը խոսել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի»,- նշել էր նա հարցազրույցում:

2018-ի հոկտեմբերի 15-ին 2015-2018 «EVN Report» կայքի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանին տված հարցազրույցում խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին՝ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը նշել էր, որ «հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի, թե ինչի է պատրաստ»։ Միլզն ասել էր, որ «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է վերադարձնել գրավյալ տարածքների որոշ մասեր»։ Նա նշել էր, որ հողերի վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմնական սկզբունքներից մեկն էր․ «Վաղուց իմ կառավարության կողմից հասկացվում էր, թե ինչու են գրավված տարածքներն ի սկզբանե նվաճվել՝ դրանք հող կլինեին  խաղաղության տարբերակի համար։ [...] Ուստի ես շատ զարմացած էի, որ դրան այլևս աջակցություն չկար»: Դեսպանը շեշտել էր, որ «ստատուս-քվոն այլևս ձեռնտու չէ Հայաստանին՝ փակ սահմաններից մինչև երկրի նյութական ու մարդկային ռեսուրսների շուրջ լարվածությունից մինչև հակամարտության հետ փոխկապակցված կոռուպցիոն ռիսկերը»։

Խոսելով Հայաստանի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության մասին՝ դիվանագետն ասել էր․ «ԱՄՆ-ը հասկանում է, որ Իրանը Հայաստանի հարևանն է» և նշել, որ «այնուամենայնիվ, ԱՄՆ-ն իրենց [իրանցիների, Իրանի] «բարեկամ» Հայաստանից երկու կոնկրետ բան է ակնկալում»: Ըստ դիվանագետի՝ այդ պարտականություններից մեկը ներառում էր բարձրաձայնել, երբ միջազգային հանրության մեկ այլ անդամ [այս դեպքում Իրանը] «ներգրավվում է կործանարար վարքի մեջ, որը խախտում է միջազգային իրավունքը կամ վարքի նորմերը»: Նա ասել էր, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ Իրանը ներգրավված է ամբողջ աշխարհում ահաբեկչությանը աջակցելու մեջ՝ «Լիբանանում «Հեզբոլլահին» սատարելուց մինչև Սիրիայում ահաբեկչական հարձակումները Ասադի, ով Սիրիայում ունի զորք, այն ապակայունացնող ազդեցություն է, Իսրայելի հանդեպ նրա թշնամանքը: Այսպիսի բաներին պետք է անդրադառնա միջազգային հանրությունը»: Նա ասել էր․ «Այժմ, երբ ԱՄՆ-ը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները», իրենք [ամերիկացիները] «հայաստանյան բիզնեսին խնդրում են պարզապես ուշադրություն դարձնել պատժամիջոցներին, որպեսզի չընկնեն դրանց տակ»: «Այս պատժամիջոցները շատ թիրախավորված են, լայն չեն՝ հիմնված ամբողջ Իրանի վրա», - պարզաբանել էր Ռիչարդ Միլզը՝ հավելելով, որ դրանք ուղղված են հատուկ անհատներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին, որոնք ընդգրկում են երկու կամ երեք ոլորտ, այդ թվում ՝ նավթ ու գազ, ֆինանսներ: «Կրկին, հայկական բիզնեսը կարող է որոշել, որ նրանք պատրաստ են ռիսկի դիմել՝ հասանելի լինելու ԱՄՆ շուկային։ Բայց մենք պարզապես ասում ենք, որ այս պատժամիջոցները գործելու են։ Կարծում ենք, որ կարևոր է։ Այնպես որ, խոսեք մեզ հետ նախքան գործարք անելը կամ բիզնեսում ներգրավվելը։ […] Բայց մենք չենք պնդում Իրանի հետ Հայաստանի տնտեսական գործունեության լիակատար արգելքը», - նշել էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը։

Դանիելյանի կարծիքով՝ Արա Այվազյանն Ազգային ժողովում անհաջող կերպով հղում էր կատարել գաղտնի կամ ինչ-որ պայմանավորվածությունների։

Իրենց նախկին հայտարարություններում Փաշինյանը և Այվազյանը նշում էին, որ «Ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծում պետք է լինի», խոսում էին «Արցախի տարածքների դեօկուպացիայի» մասին։

- Պարո՛ն Դանիելյան, կարելի՞ է ասել, որ իրենք հրաժարվում են իրենց նախորդ հայտարարություններից, որ մի քանի օր առաջ կամ մի ամիս առաջ անում էին։

- Ուրեմն, եթե Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ արտգործնախարարի և հատկապես գործող վարչապետի խոսքերը, ապա ես դրան պատրաստ չեմ։ Որովհետև այս 2․5 տարվա ընթացքում դրանք անպատասխանատու, իրարամերժ հայտարարություններ են եղել։ Եվ շատ դեպքերում, հատկապես՝ վարչապետի մասին է խոսքը, իրենք երևի ընկալման խնդիրներ ունեն, թե իրենց առջև ինչ պահանջներ են բերել միջազգային կարևոր դերակատարները, և իրենք իրենց ինչպես պետք է պահեին։ Այդ չկողմնորոշվելու, չհասկանալու պատճառով անընդհատ իրարամերժ հայտարարություններ են արվում։ Եվ երկրորդը, գործող վարչապետի համար չկա խոսքի արժեք, քանի որ ինքը ոչ միայն քաղաքականությունը չի հասկանում, այլ նաև մարդու համար, հատկապես՝ պետության ղեկավարի համար, խոսքն ունի արժեք։ Եվ այն պետք է ունենա տրամաբանություն, և այդ տրամաբանությունը պետք է պետական քաղաքականության մեջ լինի։ Հիմա չկա պետական քաղաքականություն, չկա տրամաբանություն և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության։ Այդ մարդկանց մեկնաբանելն անհնար է։

- Դուք մտայնություն տեսնո՞ւմ եք, որ իրենք փորձում են հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից, Արցախյան հարցից։

- Վարչապետն ամեն ինչից կարող է հրաժարվել, ամեն ինչն առևտրի առարկա է, որովհետև այդ մարդիկ փրկության խնդիր են լուծում։ Ինքը պատրաստ է ամեն ինչ հանձնել՝ ուղղակի իր իշխանավարումը երկարաձգելու համար, որպեսզի պատասխանատվության առջև չկանգնի։ Քանի այդ մարդը կառավարության ղեկին է, մեր երկիրը շատ լուրջ վտանգի մեջ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image