Քաղաքականություն

Գառների փարախում հայտնված գայլի վերածվելը բիոռոբոտի

Գառների փարախում հայտնված գայլի վերածվելը բիոռոբոտի

Լայն իմաստով աննայական «ինքնակրթվելուն» վերջապես հետևեց նեղ իմաստով նիկոլական «ինքնակրթվելը»: Աննայականը լայն իմաստով, քանի որ դրանում ներառված էր ամեն ինչ՝ տարրական գրագիտությունից մինչև… Չէ, չեմ կարող ասել, թե մինչև ուր, կարծում եմ, որ դա կարող է ներկայացնել միայն այդ նախաձեռնության հեղինակը: Իսկ նիկոլականի դեպքում, հուրախություն մեզ, նման խնդիր առկա չէ: Այն ընդամենը էթիկական բնույթի է և ուղղված է միայն սեփական կուսակցության անդամներին: Բայց ինչպես այլ դեպքերում, այստեղ ևս առկա է այդ անձիի բնույթին հարազատ կեղծիքը: Դրա հեղինակի ասելով, իրենք պետք է հետևեն «բարեվարքության լավագույն ստանդարտներին»՝ հայհոյանքին կամ վիրավորանքին չպատասխանելով նույն կերպ: Այսինքն, ասվածը ենթադրել է տալիս, որ իրենքեղել են միայն պատասխանողի դերում: Հենց դա էլ կեղծիքն է՝ իրենք միշտ եղել են նախաձեռնող, և այդ թվում նաև հայհոյանքի և վիրավորանքի դեպքերում: 

Կարծում եմ, որ ոչ մի գրագետ անձի մոտ կասկած չի առաջանա, թե ով է հայաստանյան քաղաքականության մեջ այն դերակատարը, ում շնորհիվ քաղաքական բառապաշարի մաս կազմեցին փողոցային «շինել» (այն էլ բանտիկավոր «չաքուջով») կամ «դոմփել» բառերը: Նման բառերն, իհարկե շատ ավելի շատ են, բայց կարևորը երևույթն է: Իսկ դա այն է, որ նրա միջոցով, նախ, այդ բառերը դարձան քաղաքական տերմիններ: Եվ երկրորդ՝ դրանք ունեն մոգական ազդեցություն: Այն է՝ երբ օգտագործվում են անձամբ իր կամ իր կուսակիցների կողմից, դրանք իրենց կողմից դիտարկվում են որպես ոսկեղենիկ հայերենի դրսևորումներ: Իսկ երբ սխալմամբ դրանք օգտագործվում են որևէ ընդդիմադիր գործչի կամ ընդհանրապես ոչ նիկոլական շարքային քաղաքացու կողմից՝ վերածվում են հայհոյանքի կամ վիրավորանքի դրսևորումների: Եվ անպայման գրավում են հայրենի իրավապահների ուշադրությունը: Ինչին, բնականաբար, անմիջապես հետևում է այդ անձին բերման ենթարկելը և վերջինիս նկատմամբ քաղաքացիական կամ քրեական գործ ձևակերպելը: 

Չնայած, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասելով, «կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում», իրականում ինքը և իր կուսակիցները պետք է ոչ թե պատասխանատվություն զգան, այլ պատասխանատվություն կրեն ինչպես բազմաթիվ այլ, նաև այս հարցում: Ճիշտ է, այնպես չէ, որ նախկինների օրոք քաղաքակրթվածությունը թափվում էր նախկին իշխանավորների բերանից, սակայն նաև հենց դրա համար նախկինները մերժվեցին: Ինչը ենթադրել էր տալիս, որ ժողովրդի իշխանությունը, իսկ Նիկոլը հենց այդպես էր իրեն դիրքավորում, պետք է մերժեր նրանց ժամանակ տիրապետող բարքերը: Սակայն ոչ միայն չմերժեց, այլ մի տաս գլուխ ավելի «ծաղկեցրեց» դրանք: Եթե, իհարկե, մերժելի բարքերն ավելի մերժելի դարձնելու համար կարելի է նման բառ օգտագործել: 

Ինքն իրեն և իր ձևավորած խմբակի անդամներին «հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու» մասին խոսողը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դա անում է արդեն երկրորդ անգամ: Եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, սակայն հիշողության առումով սովորաբար ես խնդիրներ չունեմ: Եվ եթե դա իսկապես երկրորդ անգամ է, ապա դա էն գլխից արժեք չունի: Ու եթե չար կախարդանքի ուժով կես տարի անց ինքը կրկին հաստատվի վարչապետի պաշտոնում, ապա նման երևույթի մենք ականատես կլինենք արդեն 2030-2031 թվականներին: Սակայն ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ 2031 թվական կարող է և չլինել, ինչը նշանակում է, որ 2026-ին իր իշխանությունը չպետք է վերարտադրվի:

Ինչ մնում է հանրային քաղաքական կյանքը «փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա» հիմնված դարձնելուն, ապա ես վստահ եմ, որ այն իրոք կդառնա այդպիսին: Սակայն դա տեղի կունենա իշխանափոխությունից հետո միայն: Իսկ մինչ այդ նման հույս ունենալը կնշանակեր նույնը, ինչ գառների փարախում հայտնված գայլի վերածվելը բիոռոբոտի: Եվ թե ովքեր են իրականում այդ խմբակի անդամները, ներկայացվել է մեր սպորտի պարծանքներից մեկի՝ Արսեն Ջուլֆալակյանի կողմից: Ով մի ժամանակ նրանց հետ միասին եղել է ԱԺ պատգամավոր, այնուհետև ինքնակամ հեռացել: Ահա այն. «Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են մի ամբողջ ազգի, պետության ապագան: Եվ ցանկացած ոք, լինի եպիսկոպոս, գեներալ, գործարար, թե ուղղակի քաղաքացի, ով անձնական շահից ելնելով, գնում է հետները համագործակցության, կիսում է այդ «պատվավոր տիտղոսը»»: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image