Հարցազրույց

«Հրապարակ». Ես չեմ ուզում Արցախի իմ հոգեւոր եղբայրների կարգավիճակում հայտնվել

«Հրապարակ». Ես չեմ ուզում Արցախի իմ հոգեւոր եղբայրների կարգավիճակում հայտնվել

Երեկ Բագրատ սրբազանը ժողովրդի հետ արտգործնախարարության դիմաց էր, Արարատ Միրզոյանին ներքեւ էին կանչում՝ հանդիպման, սակայն նա չիջավ, ապա ոստիկանների ու հավաքված բազմության միջեւ բախում սկսվեց։ Մինչ ժողովուրդը՝ հոգեւոր դասի գլխավորությամբ, սպասում էր Միրզոյանին, «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Տավուշի թեմի հոգեւորականներից մեկին` Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանին։

- Տեր Հայր, Ձեր դիտարկմամբ՝ շարժումն ի՞նչ ընթացք է ստանում, իշխանություններն ասում են, որ գնալով մարում է, բայց ոստիկանական զորքերն էլ գնալով շատանում են։

- Շարժումը շատ բնականոն է ընթանում, իր ընթացքով՝ ըստ ծրագրի։ Այդ առումով մտահոգության որեւէ կարիք չկա, բայց մի ավելի կարեւոր բան եմ ուզում ասել․ տեսեք՝ այս շարժումը պատճառ չէ, սա հետեւանք է, պատճառը սրանց կողմից հայրենիք հանձնելն է։ Նրանք մեր հայրենիքը հանձնում են, մենք էլ եկել, ասում ենք ՝ մի հանձնեք։ Այնպես որ, այս շարժումն ինչպե՞ս պետք է մարի, երբ իրենք ոչ միայն կանգ չեն առնում, այլեւ պատրաստվում են ավելին հանձնել։ Ժամանակի հարց է, ամեն ինչ տեղը կընկնի, եւ մենք թույլ չենք տա, որ հենց այնպես հանձնեն թշնամուն։

- Երբ սրբազանը պայքարը սկսեց, նրա մասին վարկաբեկիչ տեղեկություններ սկսեցին տարածել, դուք է՞լ եք հայտնվել այդ հարվածների տակ։

- Մենք այդքան ուշադրություն չենք դարձնում, չենք հետեւում, ոչ էլ հետաքրքիր է։ Այստեղ հստակ գաղափարական հարց է հնչում, ասում ենք՝ գաղափարապես պատասխանեք, ունե՞ք պատասխան։ Դա սնանկության արդյունք է, որ չեն կարողանում գաղափարական դաշտում պատասխանել, գնում են անձնական դաշտ՝ վիրավորելու, բայց դա էլ չի ստացվում․ հիմա սրբազանը, այսպես կոչված, «հայելիների ակցիա» է անում․ թող ամեն մարդ նախեւառաջ իրեն նայի հայելում։

- Դուք Տավուշի թեմում Ձեր ծառայությունն էիք իրականացնում, հիմա Երեւանում՝ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա եք անում։ Երբեւէ կմտածեի՞ք, որ կարող եք ցուցարար դառնալ, քաղաքական ակցիայի մասնակցել։

-  Դա իրենց համար է քաղաքական ակցիա, ես վստահ էլ չեմ՝ իրենք «քաղաքական» բառը հասկանո՞ւմ են։ 1 տարի առաջ իմ հոգեւոր եղբայրներն Արցախում էին ծառայում, հիմա այնտե՞ղ են, ես էլ չեմ ուզում նույն կարգավիճակում հայտնվել։

- ՔՊ-ականներից շատերն իրենց Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են համարում․ որպես նրանց հոգեւոր հայր՝ ի՞նչ հորդոր ունեք։

- Մեր եկեղեցին Մայր եկեղեցի է, բոլոր հայերի եկեղեցին է, այնպես որ՝ խնդիր չկա, բայց ես իրենց չգիտեմ, չեմ ճանաչում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image