Մշակույթ

Ինչու ռուսական կինոն չի զարգանում

Ինչու ռուսական կինոն չի զարգանում

2025 թվականի ամռանը ռուսական կինոթատրոնների հասույթը կազմել է 4,55 միլիարդ ռուբլի։ Դա 11 տոկոսով քիչ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հավաքված հասույթը։ Կինոյի հիմնադրամի տվյալների համաձայն, կինոթատրոններ այցելությունները մեկ տարում նվազել են 23 տոկոսով։ Մեկ կինոթատրոնի տոմսի արժեքը, սակայն, թանկացել է 3 տոկոսով։ Ոլորտի մասնագետները նշում են, որ իրավիճակը քիչ թե շատ ընդունելի է։ Սակայն դա՝ շնորհիվ այն բանի, որ շրջանցելով Արեւմուտքի սահմանափակումները, ռուսական կինոթատրոններում ցուցադրվում են նաեւ արեւմտյան կինոնկարներ։ Իրավիճակն առանց դրա կարող էր շատ ավելի վատ լինել։ 

Ռուսական կինոյի հանդեպ հասարակության հետաքրքրությունն ակնհայտորեն նվազում է, եւ դժվար թե իրավիճակը փոխվի մոտ ապագայում։ Իշխանությունները, իհարկե, ընդունում են, որ նման խնդիր կա։ Սակայն իրականության տնտեսական բաղադրիչը չեն համարում որոշիչ։ «Ռուսաստանում ներկայում կինոն ոչ թե ինդուստրիա է համարվում, այլ՝ գաղափարաբանական գործիք»,- գրում է nezigar տելեգրամյան ալիքը՝ ոլորտին նվիրած վերլուծական հոդվածում, եւ հավելում, որ նման մոտեցման հիմքում ընկած են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու գաղափարները, որը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կինոյի խնդիրը ճիշտ կերպարներ ձեւավորելն ու հայրենասիրություն դաստիարակելն է։ 

«Շատ հասկանալի դիրքորոշում է, եթե հաշվի առնենք, թե պետության վրա կինոնկարների արտադրությունը որքան է նստում, եւ ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ կան՝ այդ ամենի հետ կապված»,- նշել է պարբերականի՝ ոլորտի խնդիրներին ու «խոհանոցին» ծանոթ իրազեկ աղբյուրը։ Կինոյի ոլորտով զբաղվող բոլոր փորձագետները համակարծիք են մի հարցում՝ ռուսական կինոնկարների եւ սերիալների որակը վերջին տարիներին նկատելիորեն ընկել է։ Պետպատվերը նախապայմաններ է դնում՝ սցենարներում պետք է լինեն ավանդական արժեքներ, հերոսներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի, հեփի էնդ-ով պետք է ավարտվեն եւ, որ ամենակարեւորն է՝ իրենց շրջապատող ժամանակակից իրականության հետ չպետք է կոնֆլիկտայնություն ունենան։ Եթե այս նախապայմանները չկան, ապա դժվար թե տվյալ սցենարը հասնի արտադրության փուլ, եւ կինոնկարը ստանա ֆինանսավորում կամ իրավունք` հայտնվելու կինովարձույթում։ Արդյունքում, դժգոհում են շատ սցենարիստներ, իրապատում սցենարներ գրելը դառնում է գրեթե անհնարին։ Բարձրորակ ֆիլմեր չեն ստեղծվում: Փորձագետներից մեկն էլ նշում է, որ ժամանակակից ռուսական կինոարտադրությունը ստեղծում է զուգահեռ իրականություն, հասարակություն, որտեղ բացարձակապես արտացոլված չեն ժամանակակից՝ ներկա իրականության խնդիրները։ 

Մյուս խնդիրը, որը եւս բարձրաձայնում են մասնագիտական շրջանակները, ֆիլմերի միօրինակությունն է։ Ռուսական մինի-սերիալները, ըստ որոշ մասնագիտական գնահատականների, համարյա թե նույն սյուժետային հիմնասյուների վրա են կառուցված։ Մի դեպքում հերոսուհին բռնության է ենթարկվում կամ առերեսվում է դավաճանության հետ եւ փորձում այն հաղթահարել, մեկ այլ դեպքում արդարացվում են ուժայինների գործողությունները։ Կինոհերոսները դառնում են ավելի միադեմ, միապաղաղ, հակասականությունն էկրաններից պարզապես հեռացվում է, սցենարները դառնում են կանխատեսելի, ուստի՝ անհետաքրքիր։ Կան փորձագետներ, որոնք ժամանակակից ռուսական կինոարդյունաբերության վիճակը՝ իր «լավի ու վատի պայքարի» սխեմաներով, նմանեցնում են խորհրդային ժամանակների՝ 60-70-ականների իրականությանը։ «Այն ժամանակ գուցեեւ նման բաները դեռ ազդու էին, սակայն հիմա, երբ մարդիկ համաշխարհային կինոյի գլուխգործոցները դիտելու հնարավորություն ունեն, նման տխմարությունները պարզապես անհետաքրքիր են»,- նշում է պարբերականի զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ նույնիսկ դերասանները ջանք չեն գործադրում կերպարներ կերտելիս։ Պարզապես արդեն կերտված ու «փորձաքննություն անցած» կերպարները մի ֆիլմից կամ մի սերիալից մյուսն են գաղթում, դերասաններն ու կինոարտադրողները «փող են աշխատում»։ 

Եզրակացությունը մեկն է․ քանի դեռ կան արհեստականորեն իշխանության կողմից պարտադրված ստանդարտներ, անխախտելի քաղաքական չափանիշներ, պետական «ռամկաներ», կինոն չի կարողանա զարգանալ, եւ կստեղծվեն միայն «ձանձրալի եւ իրականության հետ կապ չունեցող հեքիաթներ»։ Մինչդեռ արվեստը որպեսզի զարգանա, պետք է ունենա ազատություն եւ ոչ թե դրվի սահմանափակումների մեջ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image