Տևական ժամանակ է «սառը պատերազմ» է ընթանում շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչների միջև` Շուշան Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանն ընդդեմ Սոնա Շահգելդյանի, կամ հակառակը: Օրեր շարունակ երկու կողմից մեղադրանքներ են հնչում միմյանց հասցեին: Չնայած Շուշանն ու Ավետը Սոնայի մասին խոսում են պահպանելով որոշակի կոռեկտության սահմանները, իսկ Շահգելդյանն իրեն հատուկ գեղջկական պարզությամբ կոշտ հակադարձում է նրանց, քաղաքականությունն ու արվեստն իրար է խառնում, նախկին-ներկա դիսկուրսի միջոցով փորձում է դիվիդենտներ շահել և այլն: Թե ինչից է սկսվել այս «պատերազմը», այդպես էլ հանելուկ մնաց, և մեծ հաշվով հետաքրքիր էլ չէ, սակայն ուշադրությունս գրավեց մի բան: Սոնա Շահգելդյանը մի հարցազրույցի ժամանակ Շուշանի մասին խոսելիս ասել է հետևյալը. «Նախկին մարդասպանների համար երգող Շուշանը»…. 2018-ի թավշյա հեղափոխությունից արդեն յոթ տարի է անցել, շատերը մոռացել են, թե նախքան 2018-ը ով ինչով էր զբաղվում, ում հետ և ում համար, սակայն ես` որպես ականատես վկա հիշեցի 2017-ին շախմատի վարպետ Լևոն Արոնյանի և Ադրիանա Կաոլիի պսակադրության արարողությունը: Հարսանիքի քավորը՝ Սերժ Սարգսյանն էր, հարսանիքին ներկա էր ողջ ՀՀԿ վերնախավը, Սոնա Շահգելդյանը երգում էր ու շաբաշ հավաքում «նախկիններից»….. Շուշան Պետրոսյանն այդ տարիներին պատգամավոր էր, ընդհանրապես չէր երգում, ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում:
Այնպես որ դեռ հարց է, թե ո՞վ էր «նախկինների» համար ավելի շատ երգում: Համոզված եմ՝ դեռ ինչքան նման հարսանիքներ են եղել, որին ականատես չեմ եղել: Թեև անձամբ ես որևէ մեկի հարսանիքին երգելու և փող աշխատելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց արդարությունը պահանջում է, որ Սոնային սա հիշեցնենք: Մինչև դիմացինին ինչ որ բանում մեղադրելը լավ կլիներ ձեր անցյալն էլ հիշեիք: