Քաղաքականություն

Փաշինյանը կգնա՞ Մոսկվա` Պուտինին շնորհավորելու

Փաշինյանը կգնա՞ Մոսկվա` Պուտինին շնորհավորելու

Դեսպանների երկօրյա աշխատաժողովին, որը կայացավ Դիլիջանում օգոստոսի 26-27-ին, շատերը սպասել են, որ կոնկրետ ուղենիշներ կբարձրաձայնվեն` հատկապես կապված Ռուսաստանի նկատմամբ տարվող արտաքին քաղաքական գծի հետ: Եւ Նիկոլ Փաշինյանը կկենտրոնանա հենց այդ հարցի վրա` ցուցումներ տալով տարբեր երկրներում հավատարմագրված դիվանագետներին, թե ինչպես պահեն իրենց` Ռուսաստանին վերաբերող հարցերում: Մանավանդ Եւրոպական երկրներում, հետխորհրդային տարածքի երկրներում հավատարմագրված դեսպաններն են սպասել, որ կոնկրետ ինչ որ բան կասվի իրենց: Սակայն Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չի արտաբերել այդ մասին: Առավել եւս` հակառուսական որեւէ արտահայտություն չեն արել ոչ ինքը, ոչ իր ԱԳ նախարարը:

Իսկ հավաքից հետո կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանն իրեն հատուկ ոճով կրկին երկու լարի վրա խաղաց` մի կողմից Ռուսաստանին մեղադրեց, ասաց, որ ՌԴ-ն չի կարող միջնորդի դեր կատարել միջանցքի հարցում, մյուս կողմից «Հայկական ժամանակի» լրագրողին սաստեց, թե` պետք է հարգանքով խոսել Ռուսաստանի մասին եւ ոմանք դրանից եզրակացրին, որ կրկին շրջադարձ է կատարվում` դեպի Ռուսաստան:

Մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը` հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանն այցելի Ռուսաստան, մասնավորապես` Սանկտ Պետերբուրգ: Տեղեկատվությունը հնարավոր չեղավ ճշտել, քանի որ Փաշինյանի տեղաշարժերի մասին, որպես կանոն, վախենում են նախապես տեղեկատվություն հաղորդել: 

Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկու լարի վրա խաղալով եւ երկու բեւեռներին խաբելով` պահել իր իշխանությունը եւ առայժմ դա ստացվում է` երկու բեւեռն էլ հույսը չեն կտրում նրանից:

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image