«Եթե շատ մարդիկ, որոնց չի ընտրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն՝ այո մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրենց համաձայնությունը տան և իմ կողքին կանգնեն, այո», այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի արդեն քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե 2026 թվականին հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու առաջադրվի: Նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանա` ինչու չէ, ինքը կարող է և վարչապետի պաշտոնում առաջադրվել:
Իհարկե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց եւ 7 տարի պաշտոնավարելուց հետո մեզ այլևս ոչինչ չի կարող զարմացնել` եթե կրթություն չունեցող կիսագրագետ լրագրողը կարող է երկիր ղեկավարել, տարատեսակ կասկածելի մարդիկ ինչո՞ւ չեն կարող դա անել: Թեեւ սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Հայաստանը հո որբի գլուխ չէ՞»:
Այսօր, այսքան փորձություններից հետո, թվում է, թե Հայաստանն իսկապես որբի գլուխ է, ով հասնում է` դալլաքություն է սովորում նրա վրա: Բայց մի քիչ հավակնոտ ու չափազանց ինքնավստահ է Վարդան Ղուկասյանը, որն իրեն արդեն վարչապետի աթոռին է պատկերացնում եւ առաջին օրվանից արդեն վիճելի հայտարարություններ է անում, թե կուզենար Հայաստանն էլ Ռուսաստանի հետ միութենական կազմի մեջ մտներ` ինչպես Բելառուսը:
Լավ կլինի, որ նրա կողքին գտնվող մարդիկ մի քիչ սթափեցնեն այս անակնկալ հաջողությունից գլուխը կորցրած Ղուկասյանին: Նախ, պետք է հիշեցնել, որ ինքն ընդամենը 9727 ձայն է ստացել և եթե մյուս ընդդիմադիր ուժերն իրենց ձայները չտային իրեն, ապա ինքը չէր դառնա քաղաքապետ:
Երկրորդը` մենք հոգնել ենք քաղաքական գործիչների եւ հատկապես իշխանություն ունեցողների գժությունից` մեզ Նիկոլ Փաշինյանի գժությունը լիուլի բավարար է, երկրորդ գժին, երկրորդ դերասանին, երկրորդ պոպուլիստին, երկրորդ արտառոց ոչ քաղաքական հայտարարություններ անողին մեր երկիրը չի դիմանա: Այնպես որ Վարդան Ղուկասյանին պետք է օգնել, որ ամպերից ցած իջնի, վերադառնա իրականություն, սկսի աշխատել` առանց բանաստեղծություններ կարդալու եւ շոկային հայտարարություններ անելու: