Քաղաքականություն

«Հրապարակ». Նիկոլն «իր ձեւով» ոչնչացնում է մեր անվտանգությունը, իսկ մենք ի՞նչ ենք անում

«Հրապարակ». Նիկոլն «իր ձեւով» ոչնչացնում է մեր անվտանգությունը, իսկ մենք ի՞նչ ենք անում

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխման ընթացքում է: Նոր ռազմավարության վրա աշխատում է տարեսկզբին ստեղծված՝ 22 հոգուց կազմված միջգերատեսչական հանձնաժողովը` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: Իսկ այսօր գործող ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է չարաբաստիկ 2020 թվականին, բայց պատերազմից առաջ` հուլիսին, եւ բացարձակ չի համապատասխանում այսօրվա պաշտոնական քաղաքականությանը: Ավելին` այն դեռ հայի կողմից գրված, հայկական երկու պետությունները նկատի ունեցող, Հայաստանի սիմվոլներն ու իղձերն ամփոփող ռազմավարություն էր: Այնտեղ, օրինակ, նշված է. «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է»:

Այդ փաստաթղթում դեռ կան այնպիսի հասկացություններ, որպիսիք են՝ «հպարտ քաղաքացիներ», «Արցախն ազատագրած ժողովուրդ»: Ազգային արժեքների թվում նշվում են հայոց լեզուն եւ գիրը, հայոց պետականությունը, հայոց բանակը, Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեությունը, անգամ՝ ազգային խոհանոցը:  

Ազգային նպատակների շարքում կա Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը եւ վերացումը: Իսկ բաժիններից մեկում գրված է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը եւ այլն։ 

Հասկանալի է, որ այս ռազմավարությունը պետք է փոխվեր, որ Փաշինյանը չէր կարող չվերանայել այն, քանի որ այսօր 180 աստիճանով տարբերվող քաղաքականություն է որդեգրել ու հրաժարվել նախկին սկզբունքներից, այնուամենայնիվ, 5 տարի առաջվա փաստաթուղթն այսօր ընթերցելիս ապշում ես ստի, կեղծավորության աստիճանի վրա: Դեռ անցյալ տարի ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, թե իր մեղքն այն է, որ դեռեւս 2018-ին չի համարձակվել խոստովանելու, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը դեռ 90-ականներին լուծված էր: Այս հայտարարությունն ընկալվեց որպես Փաշինյանի ինքնախոստովանություն: Բայց կարդալով այս փաստաթուղթը, հասկանում ենք, որ  Փաշինյանը 18 թվին ոչ թե չի ունեցել համարձակություն՝ ասելու ճշմարտությունը, որ «Արցախը մերը չի», այլ միտումնավոր ճիշտ հակառակն է ասել, խաբել է մարդկանց, չի ըմբռնել արցախյան կարգավորման բուն էությունը, մեծամտություն է դրսեւորել ու տապալել ողջ գործընթացը: Իսկ հիմա այնպիսի քայլեր է անում, որոնց միակ նպատակն իշխանությունը պահելն է: Պատրաստ է հայկական պետությունը դարձնել թուրքի վիլայեթ, միայն թե թողնեն՝ ինքը մնա այդ վիլայեթի կառավարիչ: 

Ազգային անվտանգության վերջին ռազմավարությունը, մինչեւ Փաշինյանի ընդունած փաստաթուղթը, ընդունվել էր 2007 թվականին: Դրան մասնակցել է, ի թիվս այլոց, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա ասում է, որ 2007 թվականի ռազմավարությունն ավելի ծավալուն փաստաթուղթ է եղել, ներառել է բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած էին պետության առաջ: Մեր զրուցակիցը նկատում է, որ այն, ինչ գրված է 2020 թվականի ռազմավարության մեջ, կատարվել է ճիշտ հակառակ ուղղությամբ: 

- Ինչո՞ւ: 

- Նիկոլ Փաշինյանն իշխանության բերվել էր հատուկ նպատակով, որ վերանան Արցախը, Սյունիքը, Հայաստանը՝ ընդհանրապես, ու որ մենք կանգնենք փաստի առաջ, ապահովելով պանթյուրքիզմի տարածման այդ ամբողջ գաղափարախոսությունը, որը դրված է Արեւմուտքի սեղանին՝ որպես հակակշիռ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության։ Ուզում են վերակենդանացնել պանթյուրքիստական ծրագիրը, որը միջոց է՝ պայքարելու Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: Այդ ամեն ինչից առաջ ընդունվում է 20 թվականի այդ ռազմավարությունը, երբ որ Արայիկ Հարությունյանն էլ արդեն հաղթում է Արցախի ընտրություններում, եւ Նիկոլի համար այլեւս ժողովրդին բթացնելու եւս մի փաստաթուղթ էր պետք, եւ նա ընդունում է այսպիսի ռազմավարություն: Այն նախկինից տարբերվում էր հետաքրքիր շեշտադրումներով: Հայաստանը դրանով իր վրա էր վերցնում բոլոր պարտավորությունները՝ Արցախի պաշտպանության, ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայաստանի: Այսինքն, սա պատերազմից առաջ ժողովրդին բթացնելու մեխանիզմ էր: Նիկոլի համար սա չի եղել ազգային ռազմավարություն կամ ծրագիր: Սա եղել է Հայաստանը կործանելու սկիզբը:  

- Այսօրվա Նիկոլի նախադրյալները զգացվում են փաստաթղթի նախաբան-ուղերձում, երբ նա խոսում է հայի ինքնության ու դարերի ընթացքում այդ ինքնության փոփոխության մասին, այսինքն՝ «հայ» հասկացությունը վերանայում է, ու մարդիկ չեն հասկանում` ինչ է ասում: 

- Այն, որ ինքն ասում է՝ մենք 1000 տարի հետո էլ պետք է իմանանք, թե ինչ է լինելու, որ ուղերձում երկտող է գրում Բաբելոնի մասին․ «Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս – Անհետ կորել, անցել է չար մշուշի պես», սա, էլի եմ ասում, ժողովրդին եւս մեկ, վերջին անգամ բթացնելու փորձ էր, որից հետո նա պետք է սանձազերծեր պատերազմն ու այդ պատերազմում տաներ գիտակցված պարտության: Եթե մեկին իշխանության են բերում, այդ իշխանության բերողն ունի իր ծրագիրը: Իսկ Նիկոլին իշխանության են բերել մեր թշնամիները: 

- Ինչո՞ւ են մարդիկ կորցրել դիմադրողականությունը:

- Տեսեք, շատ գործոններ կան: Օրինակ, ինչ հետեւանքներ ունեն Հ1-ի բոլոր այն հաղորդումները, որոնք ցուցադրվում են․ էժանագին, անորակ թմրանյութերը, որոնք բերում են Հայաստան, այս բոլորը համակցված գործում է: Ես զարմանում եմ ընդդիմության վրա, առանց որեւէ մեկին վիրավորելու ցանկության: Նիկոլը հստակ գործողությունների է գնում «Նիկոլի ձեւով», առանց որեւէ երկմտանքի, ունենալով Արեւմուտքի «դաբրոն», թե գնա, ամեն ինչ արա, մենք աչք ենք փակելու: Պետրոսը իբր մի միամիտ հոգեւորականի կանչում է հարցազրույցի, հոգեւորականը հուդայություններ է անում, ինչ-որ բաներ է ասում, որոնք, Աստված գիտի՝ իրականությանը համապատասխանում են, թե ոչ, ու ժամկետանց են: Մի ուրիշ կառույց` Դանիել Իոաննիսյանը, միամտաբար այդ մասին գրում է, որ պետք է ստուգել այդ փաստերը, հետո անմիջապես տեղի են ունենում խուզարկությունները հոգեւորականների տներում, ԱԱԾ-ով, մյուսներով: Այսինքն՝ բոլոր կառույցները գործողության մեջ են ներգրավված, եւ Նիկոլը «Նիկոլի ձեւով» ոչնչացնում է հանրությանը: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Ընդդիմությունը գնում է մարզային հանդիպումների, նախապատրաստվում ենք 26 թվականի ընտրություններին: Այդ մարդն այսօր սրբազաններ է կալանավորում, բարերար է նստացնում՝ մի նախադասության համար, ու ինչ-որ մեկը մտածում է, թե 26 թվականին ընտրություններ են լինելու, ու ինքը մրցակցելու է Նիկոլի հե՞տ: Տպավորություն է առաջանում, որ բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ Նիկոլը պետք է ոչնչացնի Հայաստանն  ու հայ ժողովրդին: Եվ ոչ մեկը չի ուզում կոնկրետ գործողությունների դիմել, չեմ ասում՝ հակասահմանադրական, ապօրինի, այլ՝ օրինական ձեւերով, որով կարելի է կանգնեցնել այս ամեն ինչը: Բայց դրա փոխարեն ընդդիմադիրներն ասում են՝ մենք սրա հետ չենք համագործակցի, սա նրա հետ չի միանում, ու արդյունքում Նիկոլի օրակարգով առաջ են գնում, փոխանակ բոլորով միավորվեն չարիքի դեմ՝ հին ու ներկա մոռանալով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image