Քաղաքականություն

Ինչու հանկարծ հիշեցին Աղվան Հովսեփյանին

Ինչու հանկարծ հիշեցին Աղվան Հովսեփյանին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունն ինչ-որ տեղ թե՛ սպասելի էր, թե՛ անսպասելի։ Սպասելի՝ այն տրամաբանության մեջ, որով հարյուրներով քրեական գործեր են հարուցվում նախկինների օրոք առանցքային ֆիգուր հանդիսացած անձանց՝ նախարարների, բարձրագույն պաշտոններ զբաղեցրածների դեմ, եւ անսպասելի նրանով, թե ինչու Աղվան Գառնիկիչն այդ անունների կողքին չէր այս երեք տարիներին, մինչդեռ այդ ցանկում էին Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանները՝ ընտանյոք հանդերձ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Գեւորգյանը, Գագիկ Խաչատրյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Գեւորգ Կոստանյանը, Միքայել Հարությունյանը եւ հարյուրի հասնող այլ հայտնի անուններ։ Ընդհուպ մինչեւ իսկ շշուկներ կային, թե Աղվան Հովսեփյանն իր ազատությունը «գնել» է որոշակի ծառայություններ մատուցելով, եւ հենց նա է ուղղորդում՝ քրեական գործերի հարուցման համար նյութեր տրամադրելով 2018 թվականին իշխանության եկած ուժին։

Իսկ ինչո՞ւ հիմա ձերբակալեցին Աղվան Հովսեփյանին։ Քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանն ու Արմեն Բադալյանը համակարծիք են՝ երկուսն էլ կարծում են, որ պատճառը կրկին ներքաղաքական շոուներն են։ «Այդ հանցավոր համակարգում Աղվան Հովսեփյանն իսկապես առանցքային կերպար էր, եւ հավանական է, որ նա ներգրավված կլինի ինչ-որ հանցավոր սխեմաների մեջ։

Բնականաբար, ես որեւէ իրավական գնահատական չեմ կարող տալ։ Այլ հարց, թե ինչու են ՀՀ իշխանություններն այս երկուսուկես տարվա ընթացքում հիմա հիշում նրան, ապա ես կարծում եմ, որ պարզապես հերթական անգամ հասարակության ուշադրությունը փորձում են շեղել շատ ավելի կարեւոր հարցերից։ Իրենց պետք են աղմկահարույց շոուներ, եւ ես ենթադրում եմ, որ եթե իշխանությունները գնում են էսպիսի քայլի, ապա, կարծում եմ, լինելու են արտաքին նոր խնդիրներ, որից ուզում են հանրության ուշադրությունը շեղել։ Եվ այստեղ խնդիրն այն չէ, թե Աղվան Հովսեփյանն արե՞լ է, թե՞ չի արել։ Մեծ է հավանականությունը, որ արել է, բայց, ցավոք, Հայաստանի վիճակն էնպիսին է, որ արդարադատությունը քաղաքական ենթատեքստ ունի»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Ինչպես տեսնում ենք, իշխանություններն անընդհատ ուզում են նոր շոուներ ապահովել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի նման երեւույթների, այլ ոչ թե ղարաբաղյան հարցի վիճակի վրա։ Դե հիմա իրեն էլ կալանավորեցին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image