Քաղաքականություն

Քաղաքագրություն. Երեվանի պաշտպանությունը

Քաղաքագրություն. Երեվանի պաշտպանությունը
1603 թվականի վերջերին Շահ-Աբասն իր զորքերով արդեն գտնվել է Երեւանի բերդի պարիսպների տակ։ Մյուս քաղաքների նման, սակայն, Շահ-Աբասը Երեւանը գրավել է ոչ թե անմիջապես գրոհով, այլ երկարատեւ պաշարմամբ, մի հանգամանք, որ շատ ծանր է նստել բնակչության վրա։ Հիշատակությունների համաձայն, տեղական բնակչությունը թուրքական ծանր լծի համեմատությամբ գերադասել է Երեւանն ու համանուն խանությունը պարսից ձեռքն անցնելը: Վրաց թագավորները նույնիսկ իրենց զորքերով եկել եւ Շահ-Աբասի զորքերի հետ միասին մասնակցել են Երեւանի պաշարմանն ու գրավմանը: Սակայն անժամանակ էր հայերի եւ տեղական մյուս ժողովուրդների ուրախությունը։ Շահ-Աբասի արշավանքը մահացու հարված է հասցրել նրանց՝ հատկապես հայերին։ Ավելի քան ութ ամիս տեւած Երեւանի բերդի պաշարման ժամանակ Շահ-Աբասը մերթընդմերթ կազմակերպել է գրոհներ՝ պարսից զորքի առջեւից դեպի բերդի պարիսպների տակ մղելով հայերին։ Միայն Երեւանի բերդի պաշարման ժամանակ փոսեր փորելու համար հարկ է եղել 12․000 մարդ, որը գրեթե բացառապես համալրվել է հայերից։



Ե՛վ փոս փորողները, ե՛ւ պարսկական զորքի առջեւից հարկադրաբար դեպի բերդի պարիսպները գրոհող հայերն իրենց վրա են վերցրել բերդապաշտպան կայազորի կրակն ու առաջին հարվածները՝ տալով մեծ թվով զոհեր։ Դրանցից ոչնչով չի տարբերվել ասպատակային արշավանքներով Շիրակից, Էրզրումից, Բասենից եւ Արեւմտյան Հայաստանի այլ գավառներից Արարատյան երկիր բերված 23 հազար հայերի վիճակը։ Բայց դա Թուրքիայի սահմանամերձ շրջաններն իսպառ ամայացնելու առաջին քայլերն են եղել։ Արարատյան երկիրն ու շրջակա գավառները, ինչպես կտեսնենք, մարդաթափ են եղել, ավերակների կույտի վերածվել տեղական բնակչության բռնագաղթից հետո։ Շահ-Աբասը չի շտապել գրավել Երեւանի բերդը։ Պաշարելով այն եւ գրավելով Երեւանի խանությունն ամբողջությամբ ու շրջակա մի շարք գավառներ՝ պարսից բռնակալն ամեն կերպ ձգտել է խնայել իր ուժերը եւ երկարատեւ պաշարմամբ հարկադրել թուրքական կայազորին՝ հանձնել բերդը։ Օսմանական բերդապաշտպան զորքը Սայիղ փաշայի եւ Սուլեյման փաշայի հրամանատարությամբ քաջաբար կռվել է պարսկական մեծաթիվ բանակի դեմ՝ մի շարք անգամ ետ մղելով վերջինիս ձեռնարկած մասնակի գրոհները։ Սակայն դրսից օգնության ոչ մի հույս չունենալով՝ թուրքական կայազորը 8-9 ամիս բերդը պաշտպանելուց հետո հարկադրված է եղել անձնատուր լինել եւ բերդը պարսիկներին հանձնել: Հազիվ թե որեւէ բան կարելի է ավելացնել ժամանակակից պատմիչի վկայության վրա։ Ինչպես տեսնում ենք, Առաքել Դավրիժեցին Երեւանի բերդի անկման պատճառը համարում է օսմանյան պետության ներքին խառնակ դրությունն ու երկրի ամայացումը ջալալիների կողմից, որոնց հետեւանքով բերդապաշտպան զորքը զրկված է եղել դրսի օգնությունից։



Երեւանի բերդի պաշարման եւ գրավման մասին ավելի մանրամասն են խոսում թուրքական աղբյուրները։ Դրանք շատ հարցերում կողմնակալ են։ Այսպես, օրինակ, Շահ-Աբասին ներկայացնում են որպես ձեւամոլ ու փքված բռնակալ, պարսկական զորքն՝ իր հիմնական մասով՝ ավազակաբարո եւ խառնիճաղանճ ամբոխ։ Ըստ այդ նույն աղբյուրների, դուրս է գալիս, որ Երեւանի բերդապաշտպան օսմանական զորքի թիվը 4000-6000-ից չէր անցնում, եւ, իբր, թուրքերն այդքան փոքրաթիվ զորքերով 8-9 ամիս պաշտպանել են բերդը պարսկական մեծաթիվ բանակից:



Թ. Խ. Հակոբյան. «Երեւան քաղաքի պատմությունը»



Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image