Հասարակություն

Լուսաբանման ավարտ

Լուսաբանման ավարտ
«Փակ» գոյականն արդեն իսկ հեռավորության այն վիճակն է նախորոշում, որի շուրջ գնալով զարգանում է ենթադրությունների, շշուկների, կռահումների ու բազմապիսի մեկնությունների բնաշխարհը։ «Փակը» նաեւ իմացնել է տալիս, որ կա մի շրջանակ, որի համար ինքը միշտ մատչելի է, պարզ ու ընդառաջող՝ ի հակադրություն այն ոչ ցանկալի հանրույթի, որն իրենից վտանգ է ներկայացնում։



Շատ շուտով այդպիսի մի հանրույթ են կազմավորելու լրագրողները։ Ապագա կառավարության դռնփակ նիստերին նրանք հետեւելու են հեռվից՝ վտարվածների, եղելություններ կռահողների մռայլադեմ հայացքներով, կարգն է այդպես պահանջելու, նոր կարգ, որ կոչված է լինելու զերծ պահել ապագա վարչապետին, փոխվարչապետներին ավելորդ գլխացավանքներից, ծանր, ոչ դուրեկան հարցադրումներից, անգամ ոչ քծնող, ոչ բարեհամբույր մարդկային հայացքներից։ Եվ նույնիսկ ներկա ՀՀԿ-ական մի պատգամավոր, նախկին լրագրող դեմ չէ լրագրողների այսօրինակ մեկուսացմանը՝ կարծելով, որ, ընդհակառակը՝ դա կարող է լրջագույնս խթանել լուսաբանումների որակի բարձրացմանը։



Ահա, այսպիսի բաներ՝ թեկուզ ոչ վաղ անցյալում չորրորդ իշխանության համարում ունեցող բնագավառի ներկայացուցիչն այդքան էլ դեմ չէ այդ իշխանության արդարացի գործառույթների սանձերը քաշելուն, ինչպես ընդունված է ասել՝ մի քանի քիթ խոթողների օդերը փակելուն։ Եթե ամիսներ անց վարչապետի աթոռին բազմած լինի Սերժ Սարգսյանը, միանշանակ, կարիք է լինելու աթոռն ավելի ապահով, ավելի չեզոք գոտում տեղադրել` բացասական վիբրացիաներից, անվնաս մետեորիտների հարվածներից հեռու։ Մոնիտորների օգնությամբ կառավարության նիստին հետեւող լրագրողները, մեդիայի ներկայացուցիչները ծանոթ դեմքեր կտեսնեն, միմյանց հետ կակղամորթի իրենց պատյանում ուրախացող ու տխրող մի տարօրինակ զանգված, որ փաստացի որոշում է երկրի ու մարդկային կյանքերի ճակատագիրը՝ միայն վերջում իրազեկելով մոնիտորների առջեւ գամված մարդկանց մահվան ու կյանքի արդյունքը։



Իշխանության կենտրոնացումը մեկ մարդու կամ իշխանության որեւէ մարմնի ձեռքում գիտեք ինչ անվանում ունի։ Նախապատրաստական աշխատանքներն սկսված են, մեկ մարդը, իշխանության միատարությունը՝ ներամփոփության, զգուշավորության, մանրուքները ողորկելու, կշռավորելու, զանազան անիմաստ ու իմաստավոր արարքների նկատմամբ խիստ շրջահայաց վերաբերմունքը դրսեւորելու ճանապարհով է ընթանալու, եւ սրանք՝ հետայսու ավտորիտար, միլիտարիստական բովանդակությանը ձգտող կեցության կարեւոր բաղկացուցիչներն են լինելու։



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image