Մտքովս երբեք չէր անցնի, որ օրերից մի օր «Հրապարակ» օրաթերթում հնաբնակ կհամարվեմ: «Հրապարակը» տասը տարեկան է, յոթ տարի է՝ մենք միասին ենք… ահա՝ հնաբնակն էլ ո՞նց է լինում: Փողոցներում, միջոցառումներին, տարբեր առիթներով ինձ շատ են հարցնում․ «Դու դեռ «Հրապարակո՞ւմ» ես», նույն պատասխանն են լսում․ «Ոչ մի տեղ չեմ գնացել՝ «Հրապարակում» եմ»: Այս պատասխանի մեջ հույս է ապրում՝ լինելության հույս՝ որ, անկախ ամեն ինչից, ամենօրյա խութերն ու ամբարտակները խիզախորեն հաղթահարելով՝ «Հրապարակը» կանգուն կմնա, կշարունակի իր ընթացքը, իսկ ես իմ աննշան մասնակցությամբ մաս կկազմեմ այդ ընթացքին:
Հիշում եմ՝ երբ առաջին անգամ «Հրապարակ» օրաթերթի համար Համբոն հարցազրույց վերցրեց ինձնից, որքա՜ն ուրախ էի․ նախ՝ որ հարցազրույց վերցնողն իմ ամենասիրելի հայ գրողներից մեկն է՝ Համբարձում Համբարձումյանը, ում «Էդ գիշեր» պատմվածքը երբեք չեմ մոռանա, իսկ հետո՝ որ տպվելու էի հենց «Հրապարակում» ու առիթ էի ունենալու թերթը ձեռքս վերցրած տուն մտնել, ցույց տալ մերոնց:
Մեր խմբագրությունում ամենաերեսառած մարդը ես եմ՝ արդարացումը մեկն է՝ «իբր գրող եմ, արձակագիր», տարիներ շարունակ խմբագիր Արմինե Օհանյանը մեծահոգաբար ու ժպիտով ներել է, խնայել ու ըմբռնել իմ կեցության այդ խարխուլ ու հանցավոր հատկությունը: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ մի խումբ անձինք ներխուժեցին «Հրապարակի» խմբագրություն ու սկսեցին բռունցքներ թափահարել, նրանցից մեկին փորձելով հանգստացնել՝ բացականչեցի․ «Ես գրող եմ», կարծելով, թե դա ինչ-որ բան կասի նրան՝ կմեղմի մեջը եռացող բռնության ծարավը… ի՜նչ անամոթություն, Զոշչենկոյի ու Դովլաթովի գրչին արժանի զավեշտապատում՝ իրեն գրող երեւակայող մի չնչին ջահելի հախուռն մասնակցությամբ:
Չգիտեմ՝ կա՞ աշխարհում մեկ այլ օրաթերթ, որն այնպիսի խմբագրակազմ ունենա, ինչպիսին մերն է, անկասկած՝ կա… եւ, այդուհանդերձ, ինչպես միշտ՝ «մերն ուրիշ է»՝ տուն, ուր կարող ես հանգիստ լինել, ուր կարող ես վրիպել, սխալվել, թույլ տալ խենթություններ, ներս մտնել ավերված, հուսահատված, երջանիկ ու ինքնամփոփ:
Հիշում եմ՝ մինչեւ վերջ, մինչեւ գիտակցության հավերժական կորուստը հայրիկս՝ վիրաբույժ Հակոբ Թամամյանը, «Հրապարակում» իմ հոդվածներն էր փնտրում: Բայց արդյոք գիտե՞նք, թե ինչ են տալիս մարդկանց ամեն ժամ լույս տեսնող հարյուրավոր հոդվածները, խնդրականացրած նյութերը, վերլուծություններն ու հրապարակախոսական ակնարկները․ անկեղծորեն՝ ես այս հարցի պատասխանը չունեմ: Գուցե անմտության երկակի ինքնասպառում է՝ սարսափելի իրողություն: Թվում է՝ ամեն ինչ կայծակնորեն փոփոխությունների է ենթարկվում՝ ժամանակը, տարածությունը, միջոցները եւ, սակայն, աղքատությունը նույն աղքատությունն է, անհանդուրժողականությունը, բռնությունը, մոլեռանդ ազգայնականությունը, ռասիզմը, ատելությունը կայուն պահպանել են իրենց դիրքերը եւ ավելին՝ հող են նախապատրաստում ապագա թռիչքների համար: Վերլուծական հոդվածները, անաչառ լրատվությունը, մշակութաբանական էսսեները, թերեւս, ուղղակիորեն ի զորու չեն քանդել, կառուցել կամ, առավել եւս՝ հեղաշրջել բովանդակ իրականության ընթացքը, միայն ազնվորեն ամրագրել, վավերացնել ճշմարիտ եղելություններ՝ թույլ չտալով իշխանությանը զենքի վերածել անգամ աննշանը:
Եվ գուցե այս մասով էլ եմ սխալվում:
Ինձ ինչ հիշում եմ՝ Հայաստանի համար երբեւիցե թեթեւ ժամանակներ չեն եղել՝ հետայսու ամեն ինչ առավել քան ծանր է լինելու: Հիշում եմ՝ «Հրապարակի» էջերում, խանդավառված, գրքերի մասին էի գրում, հարցազրույցներ էի վերցնում արվեստագետներից, հարյուրավոր հոդվածներ, հարյուրավոր լուսաբանումներ, գրախոսություններ, որոնք խորտակվել են ու անվերադարձ խորտակված մնացել մոռացության ժպտանուշ թմբիրում: Ամենուր Սերժ Սարգսյանի իշխանությունը տոնում է քաղքենության ու կեղծ իրականության հաղթանակը, տրենդի մեջ է՝ սենտիմենտը, հոգեցունց ասույթը, ստատուստ, տնական ինտելեկտը, տնական փիլիսոփայությունը, շինծու հայրենասիրությունը, խաղաղ տերտերությունը, նարցիսությունը, անձնապաշտությունը: Եվ անգամ ամենախոհեմ, ամենաճշմարիտ մարդն՝ իր խոհեմությամբ ու ճշմարտասիրությամբ կարող է նպաստել այս սլացիկ անկմանը եւ նպաստում է:
Ուղիղ եմ ասում՝ Հայաստանում հույսն ինձ համար հույսի կատարյալ բացակայությունն է, եւ սա հերթական տրամախոհական ու ձեւապաշտական ցիտատներից չէ, սա իրականության մեջ մնալու այն կեռմանն է, որն անգամ դատարկության մեջ է ճոճվում:
**Արամ ՊԱՉՅԱՆ**