Քաղաքականություն

Դեմն առ

Դեմն առ
Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին վերաբերող՝ «խայտառակություն», «այլանդակություն», «անամոթություն» վերտառություններով որակումները, ափսոսանքներն առնվազն անլուրջ են, նաեւ՝ «կանանց չի սազում», «Բա կինն իրեն տենց բան թույլ կտա՞» աղետալի հիմարաբանությունները: Մասկուլինության դիրքից հանդես եկողները, պարզ է, շրջանցում են, ցանկության դեպքում անգամ իսկ չեն մոտենում բուն բարձրացված խնդրի էությանը, նրանց համար թիրախը կինն է, քննում են ոչ թե ավագանու անդամի, քաղաքացու խնդրականացրած նյութը, այլ «հայ կնոջ վարքը»:



Աղասի Թադեւոսյանի «Գենդերային անհավասարություն եւ առօրյա պրակտիկաներ» ուսումնասիրությունից․ «Անհավասարության դրսեւորումներ կարելի է նկատել ամենուր` սկսած ընտանիքից, վերջացրած հանրային միջավայրերով։ Ընդհանրապես, կարելի է առանձնացնել անհավասարության արտահայտված եւ թաքնված դրսեւորումներ։ Անհավասարության թաքնված դրսեւորումները հիմնականում այն դեպքերն են, որոնք համարվում են բնական եւ այդ պատճառով էլ ընդունելի են մեծամասնության համար՝ որպես սովորական դարձած մի բան։ Ըստ սոցիալ-մշակութային մարդաբանության մի շարք հետազոտությունների՝ դրանք հաճախ գոյություն ունեն այն պատճառով, որ չեն գիտակցվում եւ չեն ձեւակերպված որպես անհավասարություն»:



Հանրային միջավայրում, Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից կոյուղաջրերով լի տարաներով ակցիան որքանո՞վ կնպաստի տվյալ հիմնախնդրի կարգավորմանը, որքանո՞վ ուշադրություն կհրավիրի, կլինե՞ն գոնե որոշակի լուծումներ․ սա իսկապես լրիվ այլ հարց է: Փոխքաղաքապետը, իր ճառում դիմելով երեւանաբնակներին, շեշտում է, որ այն, ինչ արվեց, իբր թե դուրս է բանականությունից, եւ հիշեցնում, որ Երեւանի ավագանին հոգսեր հոգալու կոչում ունի, հուզախռիվ ավելացնելով, թե ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ պարունակություն ունեին բանկաները, ոչ ոք երաշխավորված չէր հետեւանքներից, ով է պատասխան տալու այդ անկանխատեսելի հետեւանքի համար:



Հետո փոխքաղաքապետը ֆիզիկական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից խոսեց՝ կոչ անելով Տարոն Մարգարյանին նույն սառնասրտությամբ շարունակել վարել նիստը: Իհարկե, ՀՀԿ-ականների համար այս ակցիան, ակցիայի հետեւանքները կատարելապես ծայրահեղացնելը, վառ գույներով պատկերելը ձեռնտու տարընթերցումներ են, մանավանդ որ, ըստ տղամարդկային ոհմակի, «պարսավելի արարքի» հեղինակները՝ այդ «վտանգավոր տարրերը, կանայք» են, եւ այժմ մտածում են վերահսկողությունը խստացնելու, նիստերից առաջ մասնակիցներին խուզարկելու բռնավորական գործառույթների մասին:



Իսկ Տարոն Մարգարյանը կրկնում էր՝ դեմը առ, նա դեռ «նաիվորեն» կարծում է, թե հնարավոր է ինչ-որ բանի դեմն առնել, բայց ոչ մի շոումեն կարատեիստ, ոչ մի կենդանական ոհմակ այլեւս ի զորու չէ կանգնեցնել այս ողջ գարշելի համակարգի անխուսափելի կործանումը:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image